Երեքշաբթի, 13 մայիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +22 °C

«Ֆուտբոլի ֆեդերացիան աշխատել է օրենքի կոպիտ խախտումով. խնդրեմ՝ ինձ էլ դատի տվեք». Եղիշե Մելիքյան

«Ֆուտբոլի ֆեդերացիան աշխատել է օրենքի կոպիտ խախտումով. խնդրեմ՝ ինձ էլ դատի տվեք». Եղիշե Մելիքյան
328
Երկուշաբթի, 06 մարտի, 2023 թ., 22:42

«Ֆուտբոլում մեծ հիասթափություն եմ ապրում, հասկանում եմ՝ ոչ միայն առաջընթաց չկա, այլև շատ բաներ քանդվում են: Ես չեմ կարող լռել, որովհետև նախ կորցնելու բան չունեմ, բացի դրանից, ուզում եմ տեսնել հայկական ֆուտբոլի զարգացումը ու ինչ-որ չափով օգտակար լինել: 2.5 տարի է՝ հայկական ֆուտբոլում եմ, շատ բան եմ նկատել, տեսել ու զգացել: Եվ առաջին հերթին խոսքը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) ղեկավարությանն է վերաբերում՝ նախագահ Արմեն Մելիքբեկյան և փոխնախագահ Արմեն Նիկողոսյան»,- 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ասաց Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը:

Խոսելով «Փյունիկի» հանդեպ ՀՖՖ ղեկավարության վերաբերմունքի մասին՝ Եղիշե Մելիքյանն ասաց՝ իրեն թվում էր՝ թեման մնացել է 2022թ., սակայն օրեր առաջ տեղի ունեցածը ստիպել է իրեն վերանայել իր մոտեցումները:

«Եկա պարապմունքի, Ավանի ակադեմիայում տեսա ոստիկանների: Հարցրեցի՝ ովքեր են, պատասխանեցին՝ եկել են «Փյունիկի» նախագահ Արթուր Սողոմոնյանին տեսնեն: Պարզվեց՝ ակումբի նախագահին Ֆեդերացիան դատի է տվել սեփական կարծիք ունենալու համար: Դա ինձ շատ հիասթափեցրեց: ԲԿՄԱ-ի հետ կապված խոսակցություն է եղել: Ես հիմա չեմ ուզում մտնել այդ դաշտ, չգիտեմ՝ ով է ճիշտ, ով՝ ոչ, բայց հարցի լուծումն այլ պետք է լիներ, բայց գնացին այլ ֆորմատով՝ մինչև դատարան ու վիրավորանք»,- ասաց Եղիշե Մելիքյանը:

«Փյունիկ» ակումբի գլխավոր մարզիչը հավելեց՝ շատ է հիասթափեցնում նաև վերաբերմունքն ակումբի նկատմամբ:

«Մայիս ամսին «Փյունիկը» դարձավ չեմպիոն: ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը եկավ մարզադաշտ, գավաթը տվեց մեր թիմի ավագին ու արագ շուռ եկավ, գնաց… Ես ուզում եմ հասկանալ՝ «Փյունիկն» իրենց թի՞մը չէր, կամ իրենց սիրա՞ծ թիմը չէր… Մենք նշեցինք միայն «Փյունիկով», մեզ չշնորհավորեց ոչ ոք: Երբ հարցրի պատճառը, երբ 5 մետր այն կողմ «Փյունիկի» նախագահն էր, ով միլիոնավոր դոլարներ է ծախսում հայկական ֆուտբոլի զարգացման համար, արժանի է հարգանքի, 7 մետր այն կողմ էլ ես էի կանգնած՝ գլխավոր մարզիչը, ասացին՝ պրոտոկոլով է այդպես: Որտեղ իրենց պետք է, պրոտոկոլից են խոսում, որտեղ պետք է վերաբերմունք ցույց տան, վերաբերմունք են ցույց տալիս»,- ասաց Եղիշե Մելիքյանը:

Վերջինս նշեց՝ շատ օրինակներ կարող է բերել, երբ իրենք ՀՖՖ-ի կողմից արհամարհանքի են արժանացել, ու դա բերել է նրան, որ արդեն հոկտեմբեր ամսին ուղիղ է արտահայտվել, ընդ որում, դա արել է Եվրոգավաթների մամլո ասուլիսի ժամանակ, որովհետև դրանց դիտողականությունն է բարձր:

««Ուրարտու»-«Նոա» խաղի ժամանակ «Ուրարտուին» որակազրկված մարզիչ դաշտ դուրս բերեց: Իմ նախագահի հետևից ոստիկանություն են ուղարկել, դատի են տվել: Հիմա ես պաշտոնապես ասում եմ՝ Ֆեդերացիան աշխատել է օրենքի կոպիտ խախտումով: Խնդրեմ՝ ինձ էլ դատի տվեք, իմ հետևից էլ ոստիկան ուղարկեք: Ես դրանից չեմ վախենում: Իմ հարցին պատասխան տվեք՝ ինչի՞ ենք մենք օրենքի խախտում անում: Բայց ես չեմ ուզի, որ իրենք իմ հարցի պատասխանը գնան, ինչ-որ մի ստուդիայում (սովորաբար դա լինում է «Վիվարոն») տան: Ունեն հարաբերություն, գնում, նստում են, փակ, 4 պատի մեջ արտահայտվում են, իրենց կարծիքով՝ հարցը փակում են: Ես կուզենամ, որ նստենք դեմ առ դեմ, «Վիվարոյում» կլինի, թե այլ տեղ, պարոն Մելիքբեկյան, պարոն Նիկողոսյան, բացատրեք ինձ, որովհետև ես մարզիչ եմ, ով գնում է չեմպիոնության, ու ձեր գործողությամբ դուք ինձ խանգարում եք ու խոչընդոտում եք արդար մրցակցությանը»,- ասաց «Փյունիկի» գլխավոր մարզիչը:

Եղիշե Մելիքյանը նկատեց՝ ինքն այդ խաղին ներկա է եղել ու տեսել է՝ ինչ կատարվեց ՀՖՖ աշխատակիցների հետ:

«ՀՖՖ նախագահն ու փոխնախագահը խաղը թողեցին, գնացին, որ տեսնեն՝ ինչ է կատարվում: Ես մոտենում եմ Արմեն Նիկողոսյանին, ասում եմ՝ տեսա՞ք՝ ինչ է կատարվում, մարզչին ուղղակի տարան նստարանից, որ ոչ ոք չտեսնի: Բայց տեսախցիկները ֆիքսել են, ես էլ ամեն բան տեսել եմ ու ասում եմ, որ հետևողական եմ լինելու: Բայց անցնում է բավականին ժամանակ, հոլիվուդյան կինո են ուզում սարքել, բայց ես ֆուտբոլային մարդ եմ, ամեն ինչ հասկանում եմ»,- ասաց մարզիչը՝ շեշտելով՝ ՀՖՖ կարգապահական մարմինը կոնկրետ ասել է՝ խախտում կա:

Եղիշե Մելիքյանի խոսքով՝ ինքն անձնական որևէ բան որևէ մեկի հանդեպ չունի, պայքարում է իր թիմի համար, և հավելում է՝ Ֆեդերացիան այդ 3 միավորն ուղղակի նվիրեց «Ուրարտուին»:

Հիշեցնենք՝ «Ուրարտուի» սեփականատերը Ջևան Չելոյանցն է: Վերջերս ակումբի մարզաբազա էր այցելել Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը: Թե ինչով է պայմանավորված նրա հետաքրքրությունը այդ ակումբի նկատմամբ, դժվար է ասել, սակայն թեմայի վերաբերյալ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ակումբի գործադիր տնօրեն Դավիթ Մարտիրոսյանն ասել էր՝ Աննա Հակոբյանն իրենց հրավերով է եկել:

«Իսկ հայտնի մարդկանցից, ըստ ակումբի Facebook-ի էջում ներկայացվածի, օրինակ, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն է: Անհասկանալի է, թե ինչ նպատակով կամ տրամաբանությամբ է մասնագիտությամբ արևելագետ պաշտոնյան գնացել «Ուրարտու» ու ֆուտբոլի պատմությանը վերաբերող թանգարանի ժապավեններ կտրել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Ուրարտու» ակումբի ու իշխանությունների «սերը» միայն Աննա Հակոբյանի կամ Արայիկ Հարությունյանի այցերով չի սահմանափակվում: Ակումբի նախագահ Ջևան Չելոյանցը մեկ անգամ չէ, որ հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, նրան ներդրումների հետ կապված (հիմնականում՝ մարզադաշտեր կառուցելու մասով) ծրագրեր ներկայացրել: Մեր թերթի տեղեկություններով՝ մեծահարուստ այս անձնավորությունը բավականին սերտ կապեր նաև Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի հետ ունի: «Անգամ սեփական ինքնաթիռ ունի, երբեմն ինքնաթիռ է ուղակում, որ Մելիքբեկյանին տանի արտերկիր՝ ծնունդը նշելու»,- ասաց «Ժողովուրդ» թերթի աղբյուրը: Մի խոսքով, իշխանության սրտի օլիգարխներից կամ դոնորներից մեկն էլ բացահայտվեց՝ Ջևան Չելոյանց»,- գրել էր օրաթերթը:

Եղիշե Մելիքյանը թեպետ կարևորեց պետության՝ ֆուտբոլի մեջ ներդրումներ կատարելու գաղափարը, և նշեց, որ իր տեղեկություններով՝ արդեն 5 միլիարդ դրամի չափով աջակցություն եղել է ՀՖՖ-ին, սակայն այդ գումարների, ինչպես նաև ՈՒԵՖԱ-ից ստացվող գումարների ու ՀՖՖ գործողությունների տրամաբանական պատճառահետևանքային կապը դժվարացավ բացատրել:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Ֆուտբոլի ֆեդերացիան աշխատել է օրենքի կոպիտ խախտումով. խնդրեմ՝ ինձ էլ դատի տվեք». Եղիշե Մելիքյան