Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +10 °C

«Ի՞նչ կասեր ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին»․ Մարիաննա Ղահրամանյան

«Ի՞նչ կասեր ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին»․ Մարիաննա Ղահրամանյան
36
Այսօր, 10:30

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Արժանապատիվ հայրենակիցներ,
քաղաքականության մեջ ամենակարևոր փորձությունը իշխանության գալը չէ։ Ամենակարևոր փորձությունը սեփական սկզբունքներին հավատարիմ մնալն է այն ժամանակ, երբ արդեն դու ես իշխանություն։
Նիկոլ Փաշինյանը այդ փորձությունը ձախողել է։
2017 թվականին, երբ Արթուր Սարգսյանը՝ հանրությանը հայտնի «Հաց բերողը», մահացավ հիվանդանոցում՝ կալանքից ազատվելուց հետո, ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ շատ կոշտ հայտարարությամբ։
Այն ժամանակ նա ասում էր.
«Իշխանությունը, այո՛, իշխանությունը, այո՛, համակարգը, այո՛, Քննչական կոմիտեն, այո՛, գլխավոր դատախազությունը, այո՛, գլխավոր դատախազը… բոլորը մեղավոր են»։
Այդ ժամանակ Փաշինյանի քաղաքական դիրքորոշումը հստակ էր. պետությունը չի կարող խուսափել պատասխանատվությունից, երբ մարդու կյանքը հայտնվում է իր վերահսկողության ներքո։ Ասում էր, որ իշխանությունը չի կարող ձեռքերը լվանալ ու թաքնվել ընթացակարգերի հետևում։
Նա պատասխանատվությունը դնում էր համակարգի վրա, այն համակարգի, որի գլուխն այժմ ինքն է։ Այն համակարգի, որը այսօր իր ձեռքին գործիք է ընդդիմախոսներին հետապնդելու, բանտարկելու և մահվան դուռը հասցնելու համար։
2026թ., Նիկոլ Փաշինյանը 8 տարուց ավելի է վարչապետի պաշտոնն է զբաղեցնում։ Երկրում մոլեգնում են քաղաքական հետապնդումները, ընդդիմության լիդերները կալանավորված են, բանտերը լցված են Փաշինյանի քաղաքական հակառակորդներով։
Պետական համակարգի վերահսկողության ներքո՝ փակման ենթակա, բայց այդպես էլ չփակված Նուբարաշեն ՔԿՀ-ի շատ խորհրդանշական համար 37 խցում անհասկանալի պայմաններում մահանում է ընդդիմադիր քաղբանտարկյալներից Արսեն Գևորգյանը։ Նա բանտում էր չապացուցված մեղադրանքով, բայց Փաշինյանի գլխավորած ՔՊ-ի կողմից արդեն մեղավոր կարգված։
ՔՊ-ականները խոսում են ամեն ինչից, բացի քաղաքական պատասխանատվությունից։ Նրանցից մեկը հարցնում է, թե ի՞նչ անեն, բոլորին տո՞ւն ուղարկեն, մյուսը ինֆարկտից մահացությունների վիճակագրությունն է բերում, խոսեց, բայց ոչ ոք ծպտուն չի հանում իշխանության պատասխանատվության մասին։
Ոչ ոք չի հարցնում, իսկ ինչո՞ւ էր դատարանի վերջնական վճռով չապացուցված մեղադրանքի համար Արսեն Գևորգյանը բանտային կալանքում, արդյո՞ք պատշաճ կերպով գնահատվել է նրա առողջական վիճակը, արդյո՞ք ժամանակին է ցուցաբերվել բժշկական օգնությունը, արդյո՞ք հնարավոր էր կանխել մարդու մահը։
Արժանապատիվ հայրենակիցներ, ՔՊ-ականները այս հարցերը չեն հնչեցնում, որովհետև Արսենն իրենց ընդդիմախոսն էր, քաղաքական հակառակորդը։
Դիմում եմ էստեղ նստած ՔՊ-ականներին. ժողովուրդ, մի պահ կանգ առեք ու ձեր շուրջը նայեք, դուք հասկանո՞ւմ եք, որ ինքներդ անհատապես ու թիմային կերպով էս ամենի մասն եք կազմում, եթե կուզեք, էս ամենի մեղավորն ու պատասխանատուն եք ձեր վարքագծով, ձեր խոսույթով։
Դուք հասկանո՞ւմ եք, որ անարդարությունը, որը այսօր կրծքով պաշտպանում եք, մի օր կարող է ձեզ հարվածել։
Վերադառնանք 2017 թվական, կրկին հիշենք ընդդիմադիր Փաշինյանին։ Այս ամբիոնից իր մի հայտնի ելույթում, որտեղ ժամանակի գլխավոր դատախազին քուանշի էր ենթարկում ընդդիմադիր Փաշինյանը, շատ դիպուկ, շատ պատկերավոր նկարագրում էր այն համակարգը, որը ինքը ոչ միայն չի փոխել, այլև կատարելագործել է։ Վստահ եմ, արդեն կռահեցիք, թե, տեսնելով այսօր Հայաստանում մարդու իրավունքների գահավիժումը, ֆեյսբուքյան ստատուսով կառավարվող իրավապահ համակարգի ու արդարադատության աղետալի վիճակը, ինչ կասեր ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու նրա գլխավորած ուժին՝ կրկին բլոտի կանոններով»։