Հինգշաբթի, 21 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

«ՔՊ կուսակցության վերնախավն արդեն բացահայտ, իր դեմքով կեղծիք է տարածում». Հակոբ Կարապետյան

«ՔՊ կուսակցության վերնախավն արդեն բացահայտ, իր դեմքով կեղծիք է տարածում». Հակոբ Կարապետյան
238
Շաբաթ, 09 սեպտեմբերի, 2023 թ., 20:12

«Փաստերի ստուգման հարթակի» նախկին գլխավոր խմբագիր Հակոբ Կարապետյանի գրառումը. «ՔՊ կուսակցության վերնախավն արդեն բացահայտ, իր դեմքով կեղծիք է տարածում։
Իշխող կուսակցության փոխնախագահ, պատգամավոր Վահագն Ալեքսանյանը նորից կիսվել է մի մանիպուլյատիվ նյութով՝ «Ճիշտը» խոսուն անունով էջից (Օրուելի ականջը կանչի)։ Հիշում ենք, որ պարոն Ալեքսանյանը քարոզարշավի մեկնարկին նույն էջից մի կեղծած վիդեո էր տարածել, ինչի համար ներողություն խնդրեց։ Հիմա արդեն մի քայլ առաջ են գնացել և պնդում են, որ, իբր, Հայկ Մարությանը ժամանակին «ծաղրում էր» ավտոբուսների գնումը ու նա իբր, տրանսպորտային ռեֆորմի հետ կապ չունի։
Փաստերը հետևյալն են։ Վերջին հինգ տարվա մեջ, իսկ ավելի կոնկրետ՝ 2020-2023 թթ․ Երևան է ներկրվել 548 ավտոբուս։ Այդ շարժակազմի մեծ մասը՝ 75%-ը, գնվել և ներկրվել է Հայկ Մարությանի օրոք և նրա ստորագրությամբ։ Շեշտում եմ՝ Երևանի բյուջեի միջոցներով։ Ինչու Երևանի բյուջեո՞վ, որովհետև կառավարությունը պատրաստ չէր կամ նպատակահարմար չէր համարում ֆինանսավորել Երևանի տրանսպորտային ռեֆորմը (Սնուփ Դոգի ականջը կանչի)։
Բայց չշեղվենք։ Ինչպես ասացի, այս ընթացքում Երևան բերված ավտոբուսների մեծ մասը ներկրվել է քաղաքապետ Մարությանի օրոք ու ստորագրությամբ։ Մասնավորապես, 311 ավտոբուսը Երևան հասան Մարությանի պաշտոնավարման շրջանում, իսկ նրա ստորագրությամբ եւս շուրջ 100-ը Երեւան հասան արդեն նրա իմփիչմենթից հետո։ Այսինքն, 548-ից 411-ը, ժողովրդի ասած, Մարությանն է բերել։ Ինչ վերաբերում է 86 MAN ավտոբուսներին, ապա դա էլ է եղել մեր թիմի ծրագրերում, դրա հետ կապված 2020 թվականի ապրիլին մրցույթ հայտարարվեց (հղումը՝ մեկնաբանության մեջ), որը չկայացավ հիմնականում COVID-ի համաճարակի ստեղծած բարդությունների պատճառով։ Մրցույթը նորից հայտարարվեց ավելի ուշ, MAN-երը բարեհաջող Երևան հասան 2023-ի գարնանը, երբ ՔՊ-ի թեկնածուն արդեն մկրատը ձեռքին սպասում էր հերթական կարմիր լենտը կտրելուն։
Կարճ ասած՝ Երևանում տրանսպորտային ռեֆորմը իրականացրել է, այո, թիմային աշխատանքի շնորհիվ, և էդ թիմն առաջնորդել, համակարգել է ու ռիսկերի պատասխանատվությունն իր վրա է կրել քաղաքապետ Հայկ Մարությանը։ Իսկ ՔՊ կուսակցությունն այդ ընթացքում, ցավոք, փորձում էր խոչընդոտել էդ պրոցեսին։ Օրինակ, 2021 թվականի փետրվարին իրենց ավագանու անդամներին հրահանգել էին բոյկոտել ավտոբուսների գնման նախագիծը՝ շատ պարզ պատճառով, որովհետև Մարությանն իրենց թիմակիցը չէր։ Այսինքն, ՔՊ-ն որոշել էր իր սեփական խմբակային շահերից ելնելով՝ վարի տալ Երևանի տրանսպորտային ռեֆորմը։
Սա է ճշմարտությունը, որը երևանցիները շատ լավ գիտեն։
Իսկ հարգարժան պարոն Ալեքսանյանին բարեկամաբար խորհուրդ եմ տալիս վերանայել Ճշտի մասին իր պատկերացումները»: