Հինգշաբթի, 21 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

«Ի՞նչ են պայմանավորվել Արցախի իշխանությունները․ որոշ մանրամասներ». Նաիրի Հոխիկյան

«Ի՞նչ են պայմանավորվել Արցախի իշխանությունները․ որոշ մանրամասներ». Նաիրի Հոխիկյան
774
Կիրակի, 10 սեպտեմբերի, 2023 թ., 00:45

Լրագրող Նաիրի Հոխիկյանի գրառումը. «Ի՞նչ են պայմանավորվել Արցախի իշխանությունները․ որոշ մանրամասներ․
Աղդամի ճանապարհով ռուսական հումանիտար բեռը Արցախ բերելու համաձայնությունը, իմ կարծիքով, հապճեպ էր։ Մնում եմ այն կարծիքին, որ Աղդամի ճանապարհի ամբողջական գործարկումը բերելու է Արցախի աստիճանական ադրբեջանականացման։
Այսինքն՝ եթե Աղդամով ադրբեջանական ապրանքներ գան, ապա երաշխավորված չէ դրանց անվտանգությունը, ապա թշնամին աստիճանաբար կստիպի մանաթով առևտուր անել, ապա վերջնականապես կկտրվի Հայաստանի հետ Արցախի ցամաքային կապը, ինչի փոխարեն Արցախում աստիճանաբար կհաստատվեն ադրբեջանցիներ։
Սա այն դեպքում, եթե ամբողջությամբ բացվի Աղդամի ճանապարհը։
Սեպտեմբերի 9-ի Արցախի նորընտիր նախագահի որոշումը նոր չէ։ Աղդամի ճանապարհով բեռներ անցկացնելու մասին խոսել է նաև նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, բայց չի ընդունվել հանրության և քաղաքական գործիչների կողմից։
Աղդամի ճանապարհի մասին խոսել է նաև Սամվել Բաբայանը՝ նշելով անգամ, որ ինքը բանակցում է Բաքվի հետ։
Իրականում Արայիկ Հարությունյանի և Սամվել Բաբայանի նշած դեպքերում Աղդամի ճանապարհը պետք է գործարկվեր ադրբեջանական ծագման ապրանքների ներկրման համար, ինչը, բնականաբար, անթույլատրելի է։
Հիմա կարևոր հարցը՝ ի՞նչ է ենթադրում այս նոր պայմանավորվածությունը․
Ռուսաստանի նախագահի ներկայացուցիչ Խովաևը օրերս Բաքվում հանդիպել է Ալիևի հետ ու ներկայացրել Մոսկվայի հստակ դիրքորոշումը, ըստ որի, որևէ ադրբեջանական ապրանք չի մտնելու Արցախի հայաբնակ հատված, ընդհանրապես, Աղդամով չի մատակարարվելու Արցախի սնունդը։ Ռուսները այդ սկզբունքի համար հուլիսի 14-ից մինչև օրս Հակարի կամրջի վրա դրված ադրբեջանական անցակետով նույնիսկ իրենց զորքի համար որևէ ապրանք չեն տարել և օգտվել են միայն ուղղաթիռներից։ Արցախում դա լավ գիտեն։
Ադրբեջանի պահանջը մեկն է՝ թույլ տալ գոնե մեկ մեքենա Աղդամի ճանապարհով մտնի Արցախ, որից հետո իրենք կբացեն Լաչինի միջանցքը։ Այդ նախապայմանի շուրջ հնարավոր է եղել համաձայնության գալ մեկ դեպքում՝ եթե Արցախ մտնի խիստ սահմանափակ ապրանք, և դրանում որևէ ադրբեջանական ծագում չլինի։ Ի վերջո, Խովաևը պայմանավորվել է Ալիևի հետ, որ Աղդամի ճանապարհով կարող է Արցախ մեկնել ռուսական մեկ մեքենա՝ բացառապես ռուսական ապրանքով։ Ալիևը համաձայնել է։
Ըստ պայմանավորվածության՝ ռուսական բեռնատարի անցնելուց հետո Աղդամի ճանապարհը կրկին փակվում է, և այլ մեքենաներ այլևս չեն անցնելու։
Մեկ այլ պայմանավորվածությամբ՝ Աղդամով ռուսական բեռնատարի անցնելուց 12 ժամ հետո բացվելու է Լաչինի ճանապարհը, և հայկական բեռնատարները կկարողանան մեկնել Ստեփանակերտ։
Այդ տարբերակը ընդունելի է եղել նաև ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի համար։ «Հիմա Լաչինի միջանցքը պետք է վերաբացվի։ Այլ ճանապարհներ, օրինակ՝ Աղդամը, կարող են բացվել որպես լուծման մաս, բայց ոչ որպես այլընտրանք»,- նշել է նա՝ Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովի հետ զրույցի ժամանակ։
Արցախի կառավարությունն ասում է՝ Աղդամի ճանապարհը չի բացվելու և չի գործելու։ Այնտեղով մեկ անգամ անցնելու է ռուսական բեռնատար, և վերջ։ Դա էլ, որպես Արցախի բարի կամքի դրսևորում և երկխոսության պատրաստակամություն, այլապես ստացվում է, որ բոլորն ուզում են օգնել Արցախին, իսկ տեղի իշխանությունները բոլորին մերժում են։
Սա ունեցած տեղեկությունների մասով։ Հիմա իմ ենթադրությունները և դիտարկումները․
Թե Արցախում հիմա ինչ է կատարվում, գիտեն միայն Արցախցիները և շատ քիչ մարդիկ, ովքեր զբաղված են Արցախի հարցով։ Օրերս շատ սահմանափակ քանակության ապրանք Կարմիր խաչով ուղարկեցինք, անցանք դժոխային չարչարանքների միջով, մինչև ստացվեց։ Հոգեկան մեծ տառապանք է լսել, որ հարազատներդ սոված են, ու չկա նրանց օգնելու հնարավորություն։ Սնունդը վերջանում է, մարդիկ աստիճանաբար հուսալքվում են, իսկ անհույս մարդը պայքարել չի կարող։
Եթե Արցախի կառավարության պայմանավորվածությունը իրական լինի՝ այսինքն, Աղդամի ճանապարհով անցնի մեկ ռուսական մեքենա՝ ռուսական ապրանքով, ու նորից փակվի, իսկ 12 ժամ հետո Լաչինը բացվի, ապա դա մեզ համար դրական ընթացք է։ Ես մեծ հույսեր չունեմ, որ Լաչինի ճանապարհը երկար բաց կմնա։ Էլի մի առիթով թշնամին կփակի կամուրջը, և էլի Արցախը կզրկվի սննդի ու վառելիքի ներկրումից։ Մենք նաև տեսանք, որ աշխարհը ոչ սիրտ ունի, ոչ էլ արդարության զգացում, հետևաբար մեր աղաղակները ոչ մեկին հետաքրքիր չեն։
Եթե բացվի Լաչինի ճանապարհը, ապա մենք պետք է շատ արագ պահեստավորենք ձմեռվա պաշար։ Արցախի կառավարության խնդիրն է լուծել դիմադրության հետագա փուլի հարցերը՝ սնունդով ապահովել Արցախի բնակիչներին, վառելիքով՝ նաև զորքին։
Կրկնում եմ՝ ես այս պայմանավորվածությունը համարում եմ կարճաժամկետ։ Աղդամի ճանապարհը չի դառնա շարունակական, քանի որ մերոնք թույլ չեն տա, Լաչինն էլ երկար չի գործի, քանի որ Ադրբեջանը մի առիթով էլի կփակի։ Հետևաբար հիմա մեզ պետք է հնարավորինս մեծ քանակության ապրանք ներկրել՝ սովի դեմ պայքարելու, պահեստավորելու և ձմռանը պատրաստվելու համար»։

Աղբյուրը`   Նաիրի Հոխիկյան