Պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանի ֆեյսբուքյան գրառումը. «ԳԻՆՈՒ ՓԱՌԱՏՈՆԻ ՄԱՍԻՆ Ես չեմ համարում, որ Երևանում գինու փառատոն անցկացնելը վատ երևույթ է կամ վատ գաղափար է: Ճիշտ հակառակը, ես գտնում եմ, որ այն մեր երկրի ու Երևանի հաջող ու կայացած այցեքարտերից մեկն է դարձել: Ես համարում եմ, որ մենք, բոլորս ու հատկապես երիտասարդությունը, արժանի ենք շատ ու շատ ուրախ առիթներ ունենալու… Երիտասարդությունը պետք է նման ուրախ միջավայրով ու առիթներով կապվի իր երկրի հետ, իսկ Հայաստան այցելող օտարերկրացիները շատ բան հիշեն Հայաստանի ու Երևանի մասին հենց այս օրերին մեզ հյուրընկալվելով: Մեր սերունդը 1992-1996 թթ. ապրում, սովորում ու փորձում էր կյանքից ուրախ առիթներ կորզել, ապրում էր կիսասոված ու ցցված այտոսկրերով…բացեք ձեր լուսանկարչական ալբոմներն ու հիշեք, որ այդ տարիներին չունեինք որևէ ժամանցի վայր ու ուրախ միջոցառումների մասնակցելու առիթ: Ես ցանկանում եմ, որ այսօրվա մեր երիտասարդությունը ուրախ ապրելակերպ ունենա ու երբեք չեմ հանդիմանի նրանց, «բա գիտես, մենք քո տարիքին ոչ մի բան չունեինք» ձևակերպումով… Այո, փառատոնը նաև լավ ուղերձ է նրանց, ովքեր իրենց տեղը չեն գտնում մեզ ուրախանալիս ու ուրախ առիթների մասնակից տեսնելով: Շատ կուզենային, որ մենք տխուր, վհատված ու կոտրված լինեինք… Ոչ, երբեք: Թող Բաքվի երիտասարդությունը տեսնի, որ ուրախ ու ազատ լինելն է իսկական հաղթանակի բերկրանքը, այլ ոչ թե բռնապետական արգելանոցի վերածված երկրում հլու հպատակ լինելը: Ինչպե՞ս եք պատկերացնում, հայ գինեգործն ու հայկական աճող գինեգործությունը էլ ինչպե՞ս պետք է մեջտեղ գա: Գինեգործները հենց այսպիսի փառատոնների միջոցով պետք է ներկայացնեն իրենց արտադրանքը, ուրախանան հաջողություններով, աշխատեն սխալներն ու թերությունները շտկելու ուղղությամբ: Այո, ես համարում եմ, որ այս փառատոնը պետք է ապաքաղաքական լինի անկախ ամենքից ու ամեն ինչից: Ես ուզում եմ, որ մեր երիտասարդությունը ուրախանա, մենք էլ իրենց հետ ուրախանանք՝ երիտասարդանալով… ՀԳ. Թող ինձ ներեն նրանք, ովքեր այդ օրերին անհարմարություններ են ունենում աղմուկի, բարձր երաժշտության և այլ պատճառներով ու կարող են հակաճառել իմ վարդագույն մտքերին»: