Ուրբաթ, 22 նոյեմբերի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Ուկրաինայում պատերազմը սառեցնելու համար պետք է մի լավ թեժացնել այն»․ Հակոբ Բադալյան

«Ուկրաինայում պատերազմը սառեցնելու համար պետք է մի լավ թեժացնել այն»․ Հակոբ Բադալյան
87
Այսօր, 00:12

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ԱՄՆ-ն, թույլ տալով Կիևին ամերիկյան հեռահար հրթիռներով հարվածել Ռուսաստանի, այսպես ասած, խորքին, Ռուսաստանին փաստացի տվեց Ուկրաինայի հանդեպ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի կիրառման «իրավունք»:
Նոյեմբերի 21-ին Մոսկվան օգտագործեց այդ «իրավունքը», որից հետո Պուտինը դիմեց ուղերձով, որի իմաստը, ըստ ամենայնի, հետևյալն էր՝ լինեն նոր հարվածներ, կլինեն նոր միջմայրցամաքային պատասխաններ:
Կարծում եմ բարդ չէ պատկերացնել, թե այդ հարաբերակցությունը ինչ ծանր հետևանք է ունենալու Ուկրաինայի համար: Այո, հենց Ուկրաինայի, այլ ոչ թե ԱՄՆ-ի կամ այդ որոշումը խրախուսող եվրոպական երկրների համար, գոնե այս փուլում:
Այդպիսով, վերստին գալիս եմ իմ հետևյալ դիտարկմանը, որի մասին խոսել եմ անցնող օրերին: Ուկրաինայում պատերազմը սառեցնելու համար պետք է մի լավ թեժացնել այն, հակառակ դեպքում՝ ամենաշատը, որ կարող է լինել, կլինի ճահճացումը: Դա չի ուզում ոչ ոք, դրանից հոգնել են ըստ էության բոլորը, և բոլորին պետք է «կազուս-բեյլի»: Իհարկե, այս դեպքում՝ հրադադարի «կազուս-բեյլի»: Բնականաբար սա պայմանական իմաստով, որովհետև այդ արտահայտությունը բուն իմաստով կիրառելի է պատերազմի բռնկման առնչությամբ:
Էսկալացիայի նոր մակարդակը, թերևս, հրադադարի «կազուս-բեյլի» ստանալու փորձն է:
Ու այստեղ, թերևս, մի շատ էական հանգամանք, որը մեր ուշադրությունից մնացել էր դուրս, և խոստովանեմ՝ ինքս էլ մի փոքր աչքաթող էի արել:
Ե՞րբ է հայտնի դարձել Ուկրաինային հեռահար հրթիռներ կիրառելու թույլտվության մասին: Նոյեմբերի 17-ին: Բայց, էականը թերևս տեղի է ունեցել նոյեմբերի 16-ին: Պերուում տեղի է ունեցել Ասիախաղաղօվկիանոսյան գագաթնաժողովը, որի շրջանակում կայացել է ԱՄՆ ու Չինաստանի նախագահների միջև հանդիպումը:
Գործնականում չկա որևէ կասկած, որ Ուկրաինային թույլտվությունը «համաձայնեցվել» է հենց այդ հանդիպումով: Ուշադրության արժանացնենք այդ հանդիպման մասին ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական հաղորդագրությունը, մասնավորապես դրա հետևյալ հատվածը՝ «երկու կողմերը ողջունել են վերջին տարվա ընթացքում զինվորականների միջև բարձր մակարդակի շփումների , պաշտպանական քաղաքականության կոորդինացիայի վերաբերյալ ԱՄՆ ու Չինաստանի միջև բանակցության վերականգնումը…»: Շարունակում են, որ «երկու լիդերները հաստատել են այդ խողովակներով երկխոսության շարունակության անհրաժեշտությունը»:
Հաջորդ օրը ԱՄՆ նախագահ Բայդենը տալիս է հետահար հարվածների թույլտվությունը, ինչն էլ իր հերթին դե ֆակտո Ռուսաստանին է տալիս միջմայրցամաքային հրթիռով պատասխան հարվածի «իրավունքը»:
Հիշեցնեմ՝ նոյեմբերի 11-ին, այսինքն Բայդեն-Ցզինպին հանդիպումից հինգ օր առաջ Չինաստան էր ժամանել ՌԴ ԱԽԽ քարտուղար, ՊՆ նախկի նախարար Շոյգուն՝ եռօրյա այցով: Այդ մասին հաղորդագրության մեջ կարդում ենք ուշագրավ դետալ, նա Չինաստանի ԱԳ նախարարի հետ քննարկելու էր «ռազմավարական անվտանգությանը» վերաբերող հարցեր»։

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան