Ուրբաթ, 03 հունվարի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Հարկային ոլորտի փոփոխություններն իրենց բացասական ազդեցությունը կունենան 2025թ-ին». Նորիկ Նորիկյան

«Հարկային ոլորտի փոփոխություններն իրենց բացասական ազդեցությունը կունենան 2025թ-ին». Նորիկ Նորիկյան
151
Երեքշաբթի, 31 դեկտեմբերի, 2024 թ., 16:18

«Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորիկ Նորիկյանի ֆեյսբուքյան գրառումը. «2025թ. թող լինի մեր մեջքը շտկելու, իրական խաղաղության, շրջադարձային, բեկումնային ու զարգացման տարի․․․
2024 թվականին շարունակվեց անորոշության ու լարվածության պահպանման ժամանակաշրջանը։
Տնտեսական առումով նույնպես բարդ էր։
Հարկային ոլորտի փոփոխությունները, գույքահարկի և առանձին հարկատեսակների շեշտակի աճն իրենց ուղղակի բացասական ազդեցությունը կունենան արդեն 2025 թվականին։
Կար որոշակի սպասելիք, որ Ադրբեջանի հետ կկնքվի խաղաղության պայմանագիր, որ հաղորդակցության ուղիները կապաշրջափակվեն, որ իրապես կմեկնարկեր դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացը, որ հայ-ադրբեջանական սահմանն աստիճանաբար կապառազմականացվեր, որ հայ-թուրքական հարաբերություններում առաջընթաց կարձանագրվեր։
Ցավոք սրտի, նշվածներից որևէ մեկը տեղի չի ունեցել։ Ինչպես նախորդ տարիներին, այս տարի նույնպես արձանագրվել է զրո արդյունք։
Ճիշտ հակառակը՝ աստիճանաբար մարում է արցախահայության՝ Արցախ վերադառնալու հույսերը, Ալիևն ավելի սանձարձակ է դարձել, և բյուրեղացնում է «Արևմտյան Արդբեջան» ցնդաբանությունը, 300․000 ադրբեջանցի Հայաստան բերելու, «Զանգեզուրի միջանցքի», ՀՀ սահմանադրությունը փոխելու պահանջները։
Տավուշի մարզում տեղի ունեցածը թեև ներկայացվեց որպես դելիմիտացիա ու դեմարկացիա, իրականում կատարվեց Ադրբեջանի հերթական պահանջը, և նրանց վերադարձվեց ՀՀ տիրապետության նեքո գտնվող տարածքներ՝ ստանալով 0 քառակուսի մետր տարածք։
Բացի այդ, շարունակվում է տևական փորձը Հայաստանին ներքաշել Արևմուտք-Ռուսաստան գլոբալ հակամարտության մեջ, ինչը կարող է մեր երկիրը վերածել այդ հակամարտության օբյեկտի՝ դրա կործանարար հետևանքներով հանդերձ։
Ընթացիկ տարին նաև հարուստ էր կադրային ջարդերով, սեփական թիմին գլխատելու միջոցով սեփական քաղաքական վարկանիշը փրկելու դրվագներով։
Սիրելի՛ բարեկամներ
Գոյություն ունեցող խորքային խնդիրները, մասնավորապես՝ պետական կառավարման համակարգի անկատարությունը, ռազմավարական մտածողության բացակայությունը, աշխարհաքաղաքական զարգացումների ոչ ճիշտ վերլուծությունն ու սթափ գնահատումը, պետության և հայ ժողովրդի ռեսուրսների ոչ արդյունավետ օգտագործումը, տրված խոստումների չիրագործումը, սեփական հնարավորություններից դուրս նպատակների արձանագրումն ու դրանց ամբողջական տապալումը, ինչպես նաև սեփական պատմությունից դասեր չքաղելու աններելի իրողությունը մեր երկիրը հասցրել է վտանգավոր շեմի։
2025թ․ պետք է դարձնել շրջադարձային ու բեկումնային տարի՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար։
Մենք պարտավոր ենք հնարավորինս չեզոքացնել անվտանգային սպառնալիքները կամ դրանք դարձնել առավելագույնս կառավարելի, վերազինել ու ավելի մարտունակ դրաձնել մեր բանակը։
Մեր սրբազան խնդիրն է վերականգնել Հայաստանի միջազգային վարկը, փոխել մեր շուրջ ձևավորված անորոշության մթնոլորտը, հույս ու լավատեսություն հաղորդել բոլոր նրանց մոտ, ովքեր ուզում են ապրել ու ստեղծել Հայաստանում, ովքեր ցանկանում են մեր հայրենիքը դարձնել ավելի լավը:
Սիրելի՛ հայրենակիցներ
Մենք պարտավոր ենք դուրս գալ այս իրավիճակից, և ստեղծել ուժեղ ու զարգացած հայկական պետություն։ Ինչպես բազմիցս նշել ենք, մենք Հայաստանը պատկերացնում ենք հաջողակ մարդկանց ու հաջողության հասնելու երկիր:
Եկե՛ք 2025թ. դարձնենք մեր կորսված նպատակների ու երազանքների վերածննդի տարին, մեր հաջողության մեկնարկի տարին, մեր պետության խաթարված արժանապատվության վերականգնման տարին, մեզանից յուրաքանչյուրի ոգեղենության վերականգնման տարին:
«Արդար Հայաստան» կուսակցության, իմ և իմ ընտանիքի, իմ ընկերների անունից Ձեզանից յուրաքանչյուրի ընտանիքներում սեր ու համերաշխություն եմ մաղթում, թող 2025թ. լինի մեր մեջքը շտկելու, խաղաղության և զարգացման տարի:
Այս նոր տարին, բնականաբար, ինչպես միշտ, դիմավորելու ենք Եռաբլուր այցելելով՝ մեր խոնորհումը բերելով իրենց կյանքը հանուն մեզ ու մեր հայրենիքին տված մեր փառավոր տղերքի լուսավոր հիշատակի առաջ:Աստված պահապա՛ն բոլորիդ:
Զինվենք համբերությամբ, վճռականությամբ, լավատեսությամբ ու շարժվենք առաջ․․․»:

Աղբյուրը`   Նորիկ Նորիկյան