Հինգշաբթի, 30 հունվարի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Կոբախիձեն Բաքվից առաջարկնե՞ր է բերում Երևան». Գոռ Աբրահամյան

«Կոբախիձեն Բաքվից առաջարկնե՞ր է բերում Երևան». Գոռ Աբրահամյան
171
Երեկ, 18:00

Քննչական կոմիտեի նախագահի նախկին մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հունվարի 30-ին Հայաստան է ժամանում Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի գլխավորած պատվիրակությունը։ Հայտնում է ՀՀ կառավարությունը։ Իսկ ընդամենը ժամեր առաջ ՀՀ ԱԳՆ-ն տեղեկացրել էր, որ նույն օրը աշխատանքային այցով Հայաստան է ժամանում Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին։ Ներկայացվել էին նաև մանրամասներ այցի օրակարգից։
Արդյոք Վրաստանից նույն օրը երկու տարբեր պատվիրակություններ կարո՞ղ են գալ Հայաստան։ Գործնականում նման նախադեպ չկա․ արտգործնախարարը սովորաբար ուղեկցում է վարչապետին նման այցերի ժամանակ։ Բարձր մակարդակով այցի պայմաններում ավելի ցածր կարգավիճակով այցը տրամաբանական էլ չէ։
Ըստ ամենայնի՝ վերջին պահին, թերևս, բարձրացվել է Հայաստան կատարվող այցի ստատուսը։
Սա նուրբ հանգամանք է՝ հատկապես նկատի ունենալով, որ Կոբախիձեն, Վրաստանում խորհրդարանական ընտրությունների արդյունքում նոր կառավարության ձևավորումից և երկրի վարչապետի պաշտոնն զբաղեցնելուց հետո առաջին այցը կատարել էր Ադրբեջան՝ հունվարի 17-ին․ այսինքն, Վաշինգթոնում Հայաստանի արտգործնախարար Միրզոյանի ու ԱՄՆ-ի հեռացող վարչակարգի պետքարտուղար Բլինքենի կողմից ԱՄՆ-Հայաստան ստրատեգիական համագործակցության կանոնադրությունը ստորագրելուց երկու օր անց։
Ըստ էության՝ վերջին պահին է, կարծես, որոշվել բարձրացնել Հայաստան կատարվող այցի կարգավիճակը, ինչով պաշտոնական Թբիլիսին ուզում է ընդգծել հարևան երկու երկրների հետ հարաբերությունների կարգավիճակային ընդհանուր հարթությունում գտնվելու հանգամանքը։
Այդուհանդերձ, Վրաստանում նոր կառավարության ղեկավարի կողմից առաջինը Բաքու այցելելու հանգամանքը որոշակիացնում է Թբիլիսիի տարածաշրջանային նախապատվությունները։ Եվ սա ոչ անակնկալ ազդակ է Երևանի համար։
Դա ամենևին չպետք է խանգարի Երևանին ու Թբիլիսիին՝ քննարկելու ակտուալ տարածաշրջանային և գուցե ավելի գլոբար հարցեր, որոնք կապված են մինչ այս տեղի ունեցած և շարունակվող կարևոր վեկտորային տեղաշարժերով։
Գուցե Կոբախիձեն նաև Բաքվից իր հետ որոշակի առաջարկներ կամ ուղերձնե՞ր է բերում Երևան»:

Աղբյուրը`   Գոռ Աբրահամյան