Ուրբաթ, 31 հունվարի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Ազգային առաջընթաց» խմբակցությունը չի մասնակցի Երևանի ավագանու արտահերթ նիստին

«Ազգային առաջընթաց» խմբակցությունը չի մասնակցի Երևանի ավագանու արտահերթ նիստին
101
Երեկ, 15:54

Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ հունվարի 31-ին կկայանա Երևանի ավագանու արտահերթ նիստ՝ մեկ ուղևորության համար 150 դրամ սակագին սահմանելու օրակարգով։
«Ազգային առաջընթաց» խմբակցությունը հայտնել է, որ չի մասնակցի նիստին․ ««Ազգային առաջընթաց» խմբակցությունը չի մասնակցի իշխանությունների հրավիրած ֆիկտիվ նիստին:
«Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունների իշխող կոալիցիան, լեգիտիմության բացակայության պայմաններում հաշվի չնստելով ընդդիմադիր խմբակցությունների կարծիքի հետ, շարունակում է մեր քաղաքի և երևանցիների համար վնասակար որոշումների ընդունումը։
Ավելին, անտեսելով շուրջ 80 000 քաղաքացիների ստորագրությամբ պահանջագիրը և այդպես էլ օրակարգ չբերելով «Ազգային առաջընթաց» խմբակցության նախագիծը, ըստ որի մեկ ուղևորության համար քաղաքացին կվճարի 100 դրամ, իշխող կոալիցիան արհամարում է հանրային կարծիքը և զբաղված է «որքան ուզենք կխփենք»֊ով։
Մերժելով իշխանության հետզհետե լկտիացող ոճը, քաղաքացիներից գումար կորզելու անհիմն որոշումները՝ «Ազգային առաջընթաց» խմբակցությունը չի մասնակցի հունվարի 31֊ին հրավիրվող արտահերթ նիստին, չի ապահովի իշխանության համար բաղձալի քվորումը։
Կոչ ենք անում ավագանու ընդդիմադիր ուժերին ՉԱՊԱՀՈՎԵԼ ՔՎՈՐՈՒՄ՝ ելնելով Երևան քաղաքի և երևանցիների լավագույն շահից»։