Ուրբաթ, 21 փետրվարի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Արտաքին ճնշումների ներքո օրենքների վերանայումը կարող է սպառնալիք ստեղծել պետականության համար»․ Արման Բաբաջանյան

«Արտաքին ճնշումների ներքո օրենքների վերանայումը կարող է սպառնալիք ստեղծել պետականության համար»․ Արման Բաբաջանյան
180
Երեկ, 01:12

ԱԺ նախկին պատգամավոր, «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նոր Սահմանադրության անհրաժեշտության մասին հայտարարությունը ոչ միայն իրավական կամ գաղափարական հարց է, այլև խորքային աշխարհաքաղաքական և անվտանգային մարտահրավերների արտացոլումը։ Հայաստանի ներկայիս Սահմանադրությունը, անկախ նրանից՝ որքանով է համարվում լեգիտիմ, որքանով է այն վերանայման կարիք ունեցող, արդեն իսկ դարձել է քննարկումների առանցքային թեմա՝ Ադրբեջանի կողմից ներկայացված պահանջների համատեքստում։ Ադրբեջանի իշխանությունները պարբերաբար հայտարարում են, որ առանց սահմանադրական փոփոխությունների՝ չեն ստորագրի խաղաղության պայմանագիր։ Սա, սակայն, նախևառաջ մարտավարական հնարք է, որով Բաքուն փորձում է Հայաստանի իշխանությանը ներքաշել գործընթացի մեջ՝ առանց որևէ պարտավորություն ստանձնելու սեփական կողմից։

Սահմանադրությունը ոչ միայն երկրի ներքին իրավական փաստաթուղթն է, այլև քաղաքական ինքնության ու պետականության առանցքային հիմնասյունը։ Ուստի դրա փոփոխությունը ենթադրում է ոչ միայն իրավական փոփոխություն, այլև երկրի ռազմավարական կողմնորոշման վերագծում։
Հայաստանը, գտնվելով աշխարհաքաղաքական լարված միջավայրում, չի կարող թույլ տալ, որ իր Սահմանադրության փոփոխությունը ընկալվի որպես զիջում արտաքին ճնշմանը։ Եթե նույնիսկ երկրում կա սահմանադրական բարեփոխումների կարիք, արդի պետական կառավարման և իրավական համակարգի կատարելագործման տեսանկյունից, ապա այդ գործընթացը պետք է իրականացվի բացառապես Հայաստանի շահերից ելնելով, ոչ թե Ադրբեջանի թելադրանքով։
Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ սահմանադրական փոփոխություններն արտաքին ճնշման ազդեցությամբ երբեք չեն հանգեցրել կայունության կամ անվտանգության ամրապնդման։ Վրաստանի 2004 թվականի սահմանադրական փոփոխությունները, որոնք ենթադրում էին պետության կառավարման նոր համակարգ, կատարվեցին ներքին բարեփոխումների շրջանակում, սակայն Ռուսաստանը երբեք չընդունեց դրանք՝ շարունակելով իր ճնշումները։ Ուկրաինան բազմիցս վերանայել է իր Սահմանադրությունը՝ արևմտյան ինստիտուտներին ինտեգրվելու նպատակով, սակայն դա չի կանխել արտաքին ագրեսիան։
Հայաստանի պարագայում ևս, եթե անգամ նոր Սահմանադրության ընդունումը դառնա միջազգային կամ ադրբեջանական պահանջների բավարարման փորձ, ապա դա չի երաշխավորի խաղաղություն։ Ադրբեջանը չի սահմանափակվում մեկ պահանջով։ Եթե այսօր խոսքը գնում է Անկախության հռչակագրի հիշատակումից հրաժարվելու մասին, ապա վաղը օրակարգում կլինի մեկ այլ պահանջ, որը նորից կստիպի վերանայել երկրի օրենսդրական հիմքերը։
Խնդիրը միայն անվտանգային չէ։ Խնդիրն այն է, որ այս գործընթացը կարող է խորքային ազդեցություն ունենալ Հայաստանի ինքնիշխանության և պետականության ընկալման վրա։ Պետությունների կայունության վրա ազդող հիմնական գործոններից մեկը քաղաքական համակարգերի ինստիտուցիոնալ ամրությունն է։ Եթե երկիրը սկսի իր հիմնական օրենքները վերանայել արտաքին ճնշումների ներքո, ապա այդ գործընթացը կարող է դառնալ անընդհատ և սպառնալիք ստեղծել պետականության հիմքերի համար։
Հետևաբար, Սահմանադրության փոփոխության հարցը պետք է դիտարկել ոչ թե մեկուսացված, որպես ինքնանպատակ գործընթաց, այլ որպես ազգային անվտանգության ռազմավարության և ինքնիշխանության պահպանման մաս։ Եթե իսկապես կա սահմանադրական փոփոխությունների կարիք, ապա այն պետք է իրականացվի ներքին հանրային-քաղաքական լայն կոնսենսուսի, ոչ թե արտաքին պահանջների հիման վրա։ Այդ փոփոխությունների առանցքը պետք է լինի Հայաստանի պետականության ամրապնդումը, կառավարման համակարգի կատարելագործումը և ժողովրդավարական ինստիտուտների խորացումը։
Հակառակ դեպքում, սահմանադրական փոփոխությունը կդառնա պարզապես քաղաքական զենք՝ օգտագործման ենթակա տարբեր շահառուների կողմից, և ոչ թե զարգացման ու անվտանգության ապահովման գործիք։ Ադրբեջանի պահանջներին ընդառաջ գնալու ցանկացած փորձ կբերի նոր պահանջների շղթայական ռեակցիայի, և Հայաստանը պետք է նախևառաջ հստակեցնի իր պետական ինքնիշխանության կարմիր գծերը, որոնք ոչ մի դեպքում չեն կարող ստորադասվել ժամանակավոր քաղաքական ճնշումներին։
Հայաստանը պետք է դասեր քաղի այն երկրներից, որոնք անցել են այս ճանապարհով։ Բալթյան երկրները, օրինակ, միջազգային ճնշման պայմաններում երբեք չեն զիջել իրենց սահմանադրական հիմքերը, ինչը թույլ է տվել նրանց ձևավորել ամուր ինստիտուտներ։ Ի տարբերություն դրանց՝ Կենտրոնական Ասիայի որոշ պետություններ արտաքին ազդեցության ներքո պարբերաբար վերանայել են իրենց Սահմանադրությունները, ինչը հանգեցրել է կառավարման համակարգի թուլացման և ինքնիշխանության նվազման։
Որոշումները պետք է կայացվեն ոչ թե շտապողական, արտաքին ճնշումներից բխող որոշումների, այլ երկարաժամկետ ռազմավարական ծրագրերի հիման վրա։ Եթե նոր Սահմանադրությունը դառնա պարզապես պարտադրված քայլ՝ առանց ներքին անհրաժեշտության և լայն հանրային աջակցության, ապա այն չի լուծելու ո՛չ անվտանգության, ո՛չ կառավարման արդյունավետության հարցերը։ Հայաստանի պետականության ամրապնդման միակ ճանապարհը ինքնիշխանության պահպանման հստակ քաղաքականությունն է՝ հիմնված ազգային շահերի վրա, այլ ոչ թե արտաքին գործոնների թելադրանքով»։

Աղբյուրը`   Արման Բաբաջանյան