Շաբաթ, 22 փետրվարի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Մարտի 1-ը հռչակենք Ազգային համերաշխության օր և համազգային վերելքի մեկնակետ»․ Հայկ Դեմոյան

«Մարտի 1-ը հռչակենք Ազգային համերաշխության օր և համազգային վերելքի մեկնակետ»․ Հայկ Դեմոյան
181
Երեկ, 23:00

ՀՑԹԻ նախկին տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանի ֆեյսբուքյան գրառումը. «ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՂԹԵՆՔ
Պարտությունների ու նվաստացումների չարագուշակ շղթան կտրելու, օտարահաճ գործակալական ցանցի լծից ազատագրվելու և ազգային նոր վերելք ապահովելու համար կարևոր ու բախտորոշ քայլ պետք է կատարենք. ԴԱԴԱՐԵՑՆԵԼ ՈՒ ԲԱՑԱՌԵԼ փոխադարձ ատելության ու անհանդուրժողականության շարունակական սերմանումը: Պատկերացրեք, թե ի՞նչ հետևություններ են անում մեր թշնամիները՝ ամեն օր հետևելով մեզ ու մեր առօրյային, մեր խոսքերին ու գործերին: Իսկ որ հետևում են ամեն մի գրառում ու եթեր, կասկած անգամ չունենաք: Այդ մշտադիտարկումները վերլուծվում ու վերածվում են ագրեսիվ ու հավակնոտ հայտարարությունների, իսկ այնուհետև՝ գործողության: Համազգային դադարի, ես կասեի՝ հրադադարի կարիք ունենք բոլորս: Հենց դրանից են վախենում մեր հակառակորդները, հենց դա չի ցանկանում քպ-ական իշխանությունը, քանզի հեշտ է կառավարել պառակտված ու ատելությամբ լցված հասարակությունը:
Նիկոլ Փաշինյանի ու Աննա Հակոբյանի միջոցով հայ ժողովրդին, նրա ինքնությունն ու ժառանգությունը ստորացնելուն միտված գործողությունները պայմանավորված են մեզանում բոլոր սահմաններն անցած անհանդուրժողականությամբ: Դրա տարածմանն ու ամրակայմանը կամա թե ակամա մասնակցում ենք բոլորս, բայց կան նաև վճարվող ապիկարներ, ովքեր դա անում են գիտակցված՝ թույլ չտալու համար համազգային համախմբում ու հասարակության ներսում հանդուրժողականության ամրապնդում:
Անհանդուրժողականության հետագա տարածումն, առանց որևէ չափազանցության, կործանարար կարող է լինել բոլորիս համար: Հենց այդ անհանդուրժողականությամբ է չափվելու մեր դեմ նոր պատերազմ սանձազերծելու հավանականությունը, քանզի անհանդուրժողականությունը ենթադրում է ինքնապահպանման ու ինքնապաշտպանության համազգային բնազդի բացակայություն:
ԿՈՉ ԵՄ ԱՆՈՒՄ
Եկեք մարտի 1-ին ազգովի հավաքվենք ապաշխարելու, հարգելու ու կրկին վստահելու միմյանց: Սա է միակ ու երաշխավորված ուղին, որի շնորհիվ կկարողանանք դուրս գալ չարիքի ու կեղծիքի իշխանության ճիրաններից՝ ուժ ու կորով ստանալով, մեր երկրի ու մեր երեխաների ապագան անվտանգ ու հուսալի դարձնելու համար:
ԱՅԼ ՃԱՆԱՊԱՐՀ ՉԿԱ
Մարտի 1-ը հռչակենք Ազգային համերաշխության օր ու արձանագրենք այդ օրը որպես մեկնակետ՝ համազգային նոր վերելքի ու վերածննդի համար»:

Աղբյուրը`   Հայկ Դեմոյան