Ուրբաթ, 06 հունիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

«Հանրային վերահսկողություն» ՀԿ-ն բանկային խախտումների վերաբերյալ նամակ է ուղարկել Ազգային ժողով

«Հանրային վերահսկողություն» ՀԿ-ն բանկային խախտումների վերաբերյալ նամակ է ուղարկել Ազգային ժողով
190
Երեկ, 19:18

«Հանրային վերահսկողություն» ՀԿ նախագահ Մհեր Կարագոզյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՀՀ Ազգային Ժողով ուղարկված մեր դիմում-նամակը՝
ՀՀ Ազգային ժողովի բոլոր խմբակցություններին և պատգամավորներին
Պատճեն՝ ԱԺ պատգամավորներ Արգիշտի Գևորգյանին և Արման Ղազարյանին
Հարգելի՛ պատգամավորներ,
Սույնով «Հանրային վերահսկողություն» հասարակական կազմակերպությունը, ինչպես նաև տասնյակ քաղաքացիներ, ովքեր տուժել են բանկային համակարգում տեղի ունեցող համակարգային խախտումներից, կրկին դիմում են Ձեզ՝ խնդրելով ցուցաբերել պատշաճ վերաբերմունք և համագործակցության պատրաստակամություն՝ բարձրաստիճան կառույցների իրավական, քաղաքական և հանրային վերահսկողության շրջանակում լուծումներ որոնելու համար։
Մենք արդեն դիմել ենք Ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովներին՝ խնդրելով կազմակերպել արտահերթ հանդիպում և լսումներ՝ ներկայացնելու հետևյալ խնդիրները․
1. Վարկային պարտավորությունների առաջացում առանց քաղաքացիների կամքի և մասնակցության՝ առանց դիմումի, պայմանագրի կամ գումարի ստացման։
2. Քաղաքացիների հաշիվներից կատարված անհիմն փոխանցումներ՝ առանց իրենց համաձայնության։
3. Կառավարական և վերահսկող մարմինների (ԿԲ, ՀՀ գլխավոր դատախազություն, ՆԳՆ) անգործություն և անհամաչափ վերաբերմունք՝ քաղաքացիների խախտված իրավունքների վերականգնման հարցում։
Հունիսի 2-ին մեր ՀԿ-ի նախաձեռնությամբ տեղի ունեցավ բողոքի խաղաղ ակցիա Ազգային ժողովի դիմաց։ Այդ ակցիայի ընթացքում, ԱԺ 107 պատգամավորներից միայն պատգամավորներ Արման Ղազարյանը և Արգիշտի Գևորգյանը («Հայաստան» դաշինք) արձագանքեցին և հանդիպեցին մեզ հետ։ Նրանք լսեցին քաղաքացիներին, ուսումնասիրեցին ներկայացված խնդիրները, համամիտ եղան մեր բարձրացրած մտահոգություններին և վստահեցրին, որ իրենց գործիքակազմով կփորձեն աջակցել լուծումների որոնման գործընթացին։
Մենք բարձր ենք գնահատում այդ պատրաստակամությունը, բայց միևնույն ժամանակ գտնում ենք, որ ներկայացված խնդիրների մասշտաբը պահանջում է Ազգային ժողովի ամբողջ կազմի, առանց կուսակցական կամ խմբակցային տարանջատման, ներգրավվածությունն ու գործուն մասնակցությունը։ Քաղաքացիների խախտված իրավունքները վերականգնելու և կանխելու նման երևույթները հետագայում՝ սա համազգային խնդիր է և պահանջում է համախմբված մոտեցում, և պատասխան։
Հաշվի առնելով վերոնշյալը՝ առաջարկում ենք հետևյալը․
1. Կազմակերպել հրատապ լսումներ՝ Ազգային ժողովի նիստերի դահլիճում հանձնաժողովների միջոցով ապահովելով, Կենտրոնական բանկի, իրավապահ և վերահսկողական մարմինների մասնակցությամբ։
2. Ձևավորել աշխատանքային խումբ՝ բանկային ոլորտում հնարավոր իրավախախտումների, համակարգային անգործության և շահերի բախման դեպքերի ուսումնասիրության համար։
3. Քննարկել և նախաձեռնություն ցուցաբերել օրենսդրական բարեփոխումների ուղղությամբ՝ քաղաքացիների ֆինանսական անվտանգությունը երաշխավորելու, բանկերի հաշվետվողականությունը հստակեցնելու և տուժած քաղաքացիների փոխհատուցման մեխանիզմ մշակելու նպատակով։
Մենք համոզված ենք, որ Ազգային ժողովը, որպես ժողովրդի ներկայացուցչական մարմին, պարտավոր է արձագանքել քաղաքացիների արդար և հիմնավոր պահանջներին՝ անկախ նրանց սոցիալական վիճակից, բնակության վայրից կամ քաղաքական կողմնորոշումից։
Մեր կազմակերպությունը գործում է, և շարունակում է գործել բացառապես անկախ հիմունքներով՝ առանց կուսակցական պատկանելության կամ որևիցե քաղաքական շահի հետ կապված լինելու։ Մենք շահագրգռված ենք լայն հանրային համագործակցությամբ և բաց ենք բոլոր խմբակցությունների հետ աշխատանքի համար։
Հուսով ենք, որ այս նամակը կստեղծի շարունակական և կառուցողական երկխոսության նոր հիմք, և դուք՝ որպես պատգամավորներ, կփորձեք օգտագործել ձեր լիազորությունները՝ հանուն այն քաղաքացիների, ովքեր այժմ բախվել են սոցիալ-իրավական ծանր հետևանքների»։

Աղբյուրը`   Մհեր Կարագոզյան