Շաբաթ, 07 հունիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

«ԼՂ հայրենակիցների մոտ չպետք է վարքագիծ ձևավորվի, թե պետությունն անընդհատ գումարով պիտի իրենց խնդիրները լուծի»․ Նարեկ Մկրտչյան

«ԼՂ հայրենակիցների մոտ չպետք է վարքագիծ ձևավորվի, թե պետությունն անընդհատ գումարով պիտի իրենց խնդիրները լուծի»․ Նարեկ Մկրտչյան
718
Երեկ, 19:24

«40+10 աջակցության ծրագիրը նորից գործելո՞ւ է, ես ուզում եմ փոխանցել արցախցի մեր քույրերի և եղբայրների մտահոգությունը առ այն, որ եթե դա չլինի, մեծ թվով արցախցիներ ստիպված կլինեն արտագաղթել ՀՀ-ից։ Իրենց համար սա կենսական նշանակություն ունի»,- Ազգային ժողովում 2024թ․ բյուջեի կատարողականի ներկայացման ժամանակ դիմելով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանին՝ հետաքրքրվեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

Ի պատասխան՝ նախարարը նշեց․ «Ո՞րն է մեր տեսլականը։ Մեր տեսլականն է ի վերջո, որպեսզի իրենք հնարավորինս մեծ ծավալով ներգրավվեն մեր հանրային կյանքի տարբեր ոլորտներում։ Դրա համար մենք նախ և առաջ նրանց պետք է հնարավորություն ընձեռենք աշխատելու և բնակարան ձեռք բերելու։ Դրա համար մենք հիմա փորձագիտական խմբերի հետ քննարկում ենք նաև այս հնարավորությունները։

Մենք այսօր 26 հազարից ավելի ԼՂ-ից բռնի տեղահանված հայրենակիցներ ունեն, ովքեր զբաղված են, աշխատում են, ովքեր փոքր բիզնեսներ ունեն։ Մենք պետք է խթանենք, որպեսզի այս ընտանիքները գնան և աշխատեն, աշխատանքի հնարավորությունը մեծացնենք և ոչ թե անընդհատ կախվածության մեջ դնենք։ Եվ չպետք է ունենանք զուգահեռ աջակցության ծրագրեր, որոնք կխոչընդոտեն իրենց երկարաժամկետ ներառմանը»։

«Ուզում եմ, որ մեր հայրենակիցները հասկանան, ընդունեն, ընկալեն, որ, ի վերջո, մենք իրենց օգնելու և իրենց երկարաժամկետ ներառումն ապահովելու համար ենք այս ծրագրերն իրականացնում: Մենք չենք ուզում, որ այնպիսի վարքագիծ դրսևորվի, որ անընդհատ պետությունն ինչ-որ գումարով պետք է փորձի իրենց խնդիրները լուծել: Մենք պետք է ուղղորդենք, օգնենք, մենթորություն անենք, որպեսզի խնդիրները լուծվեն»,- հավելեց Մկրտչյանը:

Նարեկ Մկրտչյանի պատասխանը՝ Գառնիկ Դանիելյանի հարցին