«Չկա պետություն, կա հարկ, չկա անվտանգութուն, կա հարկ, չկա կրթություն, կա հարկ». Սևակ Հակոբյան
238
Երեկ, 20:30
Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանի գրառումը՝ կից տեսանյութով․ «Կառավարության նիստում պացիենտն ասում է․ կա հարկ, կա բարեկեցություն, չկա հարկ, չկա բարեկեցություն։ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ պետական բյուջեն անգամով մեծացել է 2018 թվականից ի վեր։ Ինչի՞ շնորհիվ՝ հարկերի։ Այսինքն, հարկ, իսկապես կա․ իսկ կա՞ բարեկեցություն։ Հայաստանում պաշտոնապես աղքատ է յուրաքանչյուր 4-րդ քաղաքացին, ոչ պաշտոնապես՝ յուրաքանչյուր երկրորդ քաղաքացին․ այսինքն՝ կա հարկ, չկա բարեկեցություն։ Պացիենտը շարունակում է․ կա հարկ, կա անվտանգություն, չկա հարկ, չկա անվտանգություն։ Երեկ էլ, այսօր էլ, երկու օր առաջ էլ, մի ամիս առաջ էլ սահմանամերձ բնակայրերից ահազանգում են թշնամու կրակոցների մասին։ Հայաստանից չկա ոչ միայն համարժեք արձագանք, այլև արձագանք հայտարարությունների, մեղադրանքների մակարդակով։ Գենշտաբի պետն այսօր ասում է՝ մենք չենք սադրվում, ինչքան էլ փորձեն, մարդկանց տները վնասվում են թշնամու կրակոցից, նույն գեներալն ասում է՝ ի՞նչ եք ասում, թիրախային չեն կրակոցները։ Մամուլը գրել էր, որ հարկատուներից մեկը Տեղ համայնքի տարածքում հեռվից ատրճանակ է պահել ադրբեջանցի զինվորների ուղղությամբ: Նրան և ևս երկու հոգու ձերբակալել է ոստիկանությունը, քրեական գործ է հարուցել․ կրկնում եմ՝ թշնամու ուղղությամբ զենք պահելու համար, Տեղ գյուղում, որտեղ թշնամին առանց կրակոցի դիրքերն առաջ տվեց։ Հիմա անվտանգություն կա՞։ 1991 թվականից ի վեր, առաջին անգամ Հայաստանի տարածքի 200 քառակուսի կիլոմետրը օկուպացրել է թշնամին, բայց 1991 թվականից ի վեր, ամենաշատ հարկերն են մեր պետության մեջ հավաքվում։ Այո, հարկ կա, կա՞ անվտանգություն։ Ոչ։ Ասում է՝ կա հարկ՝ կա առողջություն, չկա հարկ, չկա առողջություն։ ՀՀ հարկատուն վճարում է հարկերը բարեխղճորեն, իսկ երբ խնդիր է ունենում ու գնում պոլիկլինիկա, ասում են՝ դու չես կարող ստանալ անվճար բուժսպասարկում, որովհետև վերջացել է պետպատվերը։ ՀՀ-ում քա՞նի հազար հիվանդ է բուժում ստանում տանը, որովհետև չունի հիվանդանոցի փող․ քա՞նի մարդ է տառապում ցավից, քանի որ չունի դեղի փող։ Հունվարի 1-ից պետք է բժշկական համընդհանուր ապահովագրություն ունենայինք, այսօր հունիս ամիսն է, այդ համակարգը չկա։ Այո, կա հարկ, բայց կա՞ առողջություն։ Ասում է՝ կա հարկ, կա ճանապարհ, չկա հարկ, չկա ճանապարհ։ Հայաստանում հարկերը շատացել են աննախադեպ թվով, նոր հարկեր են ի հայտ եկել, հավաքում են, իրենք տենդերները շահում են ու ճանապարհ սարքում․ կարո՞ղ եք ասել մի մետր ասֆալտի հասցե, որ 2020 թվականին փռվել է ու մինչև հիմա չի նորոգվել։ Տպավորություն է, թե աշխարհի ամենաանորակ ասֆալտը հենց Հայաստանում է արվում։ Կա հարկ, կա հարկատուի միջոցներով աշխատավարձ ստացող ասֆատի նախարար, որը այսօր ճեպազրույց էր տալիս ոչ թե ասֆալտի մասին, այլ կուսակրոնության։ Այո, կա հարկ, կա ասֆալտի նախարար, որը, ըստ մամուլի, Նիկոլի սանիկն է և կա մեկ այլ ասֆալտի նախարար, որը դղյակ է կառուցում։ Ասում է՝ կա հարկ, կա սոցիալական ապահովություն, չկա հարկ, չկա սոցիալական ապահովություն։ Այսօր Հայաստանում աղքատությունը նույն մակարդակի վրա է, ինչ 2018-ին, բայց 2018-ին աղքատության նպաստ էր ստանում 100 հազարից ավելի քաղաքացի, այսօր՝ 60 հազար։ Պաշտոնապես աղքատ է մեր երկրում 700 հազարից ավելի մարդ, ոչ պաշտոնապես՝ դրա կրկնակին, բայց աղքատության նպաստ է ստանում մոտ 60 հազարը։ Դուք փոխել եք սոցիալական ապահովության համակարգը ու մարդկանց զրկել նպաստից։ Այո, կա հարկ, այն էլ ինչքան, բայց կա՞ սոցիալական ապահովություն։ Ոչ։ Ասում է՝ կա հարկ՝ կա անտառ, չկա հարկ՝ չկա անտառ։ 2020 թվականին Նիկոլ Փաշինյանը խոստացել էր տնկել 10 մլն ծառ։ Այդ ծրագիրը ձախողվել է 100 տոկոսով։ 2024 թվականին նախատեսել են տնկել 1000 հեկտար անտառ, տնկել են 330 հեկտար անտառ։ Հարկ էլ կա, միլիոնուկես աշխատավարձ ստացող նախարար էլ կա, բայց կա՞ անտառ․ ոչ։ Ասում է՝ կա հարկ, կա մաքուր օդ, չկա հարկ՝ չկա մաքուր օդ։ 2024 թվականին աշխարհի ամենակեղտոտ օդն ունեցող քաղաքը համարվել է Հնդկաստանի մայրաքաղաքը․ ի՞նչ եք կարծում, այս տարի ո՞րը կճանաչվի։ Երևանը Փաշինյանի ու Ավինյանի օրոք այնպիսի քաղաք է դարձել, որի բնակիչը քիչ է մնում հակագազով ման գա։ Տեղացած անձրևը ոչ թե մաքրում է, այլ ցեղ է դարձնում։ Օդի աղտոտվածության մակարդակը նորմայից 6 անգամ ավել է։ Այո, կա հարկ, բայց կա՞ մաքուր օդ։ Կարճ ասած՝ իրականությունը ոչ թե խորհրդարանում կարդացած բառախաղն էր, այլ այն, որ կա հարկ, համարյա չկա պետություն, կա հարկ, չկա անվտանգութուն, կա հարկ՝ չկա կրթություն, կա հարկ, չկա մաքուր օդ, կա հարկ, չկա ինքնիշխանություն, կա հարկ ու այդ հարկերից աշխատավարձ ստացող ձախողակ իշխանություն։ Եվ վաղուց արդեն ժամանակն է, որ հարկ վճարողները գնահատեն իրենց աշխատանքի արժեքը, իրենց մուծած հարկերը և պահանջեն, որ այդ հարկերը չտնօրինի խումբ, որը արագ հարստանում է ու պետությանն ու ժողովրդին վերաբերում թշնամու պես»։