Երեքշաբթի, 22 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +21 °C

«Եկեղեցու նկատմամբ վստահությունն աճում է, ՔՊ-ի նկատմամբ՝ նվազում». Սուրեն Դեհերյան

«Եկեղեցու նկատմամբ վստահությունն աճում է, ՔՊ-ի նկատմամբ՝ նվազում». Սուրեն Դեհերյան
196
Երեկ, 23:24

«Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ նախագահ Սուրեն Դեհերյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եկեղեցու նկատմամբ վստահությունն աճում է, մինչդեռ ՔՊ-ի նկատմամբ՝ նվազում։
Միջազգային հանրապետական ինստիտուտը (ՄՀԻ) հանրայնացրել է 2025 թվականի հունիսի 16-26-ն ընկած ժամանակահատվածում իրականացրած հեռախոսային հարցման արդյունքների հիման վրա պատրաստած հետազոտությունը։ Սա այն ժամանակահատվածն է, երբ ՀՀ վարչապետը և իր թիմը շարունակում էին ակտիվ գրառումներ անել կուսակրոնության մասին և երբ կալանավորվեցին երկու արքեպիսկոպոսներ։
Նշված հարցմանը մասնակցել են 18 տարին լրացած 1,505 ՀՀ քաղաքացիներ և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ԼՂ նախկին բնակիչներ, ովքեր այժմ բնակվում են Հայաստանում, բայց կարող են լինել կամ չլինել ՀՀ քաղաքացի։ Այն քաղաքացիները, ովքեր ապրել են Հայաստանում 6 ամսից քիչ, չեն ներառվել ընտրանքում։
Այս գարռման համար հետազոտությունից առանձնացրել եմ երկու գրաֆիկ, որոնք այսօր ստեղծված ներքին ճգնաժամի վերաբերյալ առաջացած բազմաթիվ հարցերի պատասխան են տալիս։
Տեղադրածս առաջին գրաֆիկից պարզ է դառնում, որ եթե հաջորդ կիրակի լիներ ընտրություն, հարցվածների շուրջ 62%-ը կամ կփչացներ քվեաթերթիկը կամ չէր գնա քվեարկության, կամ չի պատկերացնում, թե ում կցանկանար ձայն տալ։ Հարցվածների միայն 17%-ն է պատրաստ իր ձայնը տալ ՔՊ-ին, 2-4%-ը՝ Քոչարյանին ու Հայաստան դաշինքին, մյուս՝ քիչ, թե շատ հայտնի կուսակցությունները կստանային 1-ական տոկոս։ Սա նշանակում է, որ հասարակության շրջանում, մեղմ ասած, համատարած անվստահություն կա քաղաքական կուսակցությունների նկատմամբ։
Հակառակ պատկերն է Հայ առաքելական եկեղեցու պարագայում։ Հարցվածների 58%-ն իր գոհունակությունն է հայտնել եկեղեցու աշխատանքի նկատմամբ, և միայն 35%-ն է դժգոհություն հայտնել, որոնցից ընդհանրապես դժգոհները կազմում են շուրջ 24%, այսինքն ՔՊ-ին ձայն տվողներից մի փոքր ավելի։
Այս համատեքստում հետաքրքիրն այն է, որ թվում էր իշխող կուսակցության կողմից վարվող կուսակրոնական արշավից հետո առաքելական եկեղեցու նկատմամբ վստահությունը պետք է նվազեր, սակայն նախորդ հարցման համեմատ (սեպտ․ 2024թ․)՝ գոհունակությունը 10%-ով աճել է, իսկ ՔՊ-ի նկատմամբ վստահությունը՝ 3%-ով նվազել (ինչը պատկերված է հետազոտության մեկ այլ գրաֆիկում)։
Լավ, ես քաղաքականությունից չեմ հասկանում, բայց հասկանում եմ, որ ինձնից ավելի շատ քաղաքականությունից չեն հասկանում հենց իրենք՝ քաղաքական գործիչները, եթե այսպես արագ նվազեցնում են իրենց էլեկտորատը կամ գուցե էլեկտորատն այլևս որոշիչ գործոն չէ՞։
Ողջախոհություն և սթափություն բոլորին։
Հետազոտության հղումը կտեղադրեմ մեկնաբանություններում»։

Ո՞ր կուսակցությանը կամ դաշինքին կտայիք ձեր ձայնը, եթե ընտրություններն անցկացվեին հաջորդ կիրակի
Ո՞ր կուսակցությանը կամ դաշինքին կտայիք ձեր ձայնը, եթե ընտրություններն անցկացվեին հաջորդ կիրակի
Որքանո՞վ եք գոհ կամ դժգոհ՝ ՀԱԵ-ի աշխատանքից
Որքանո՞վ եք գոհ կամ դժգոհ՝ ՀԱԵ-ի աշխատանքից
Աղբյուրը`   Սուրեն Դեհերյան