Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Քրիստինա Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երևանում կանաչապատման հերթական սխալը։ «Կանաչապատում և …» ՀՈԱԿ-ի տնօրենի խորհրդական, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր Ժիրայր Վարդանյանն իր մենագրության մեջ հստակ գրում է, որ Euonymus japonica (ճապոնական իլենին) Երևանի կլիմայական պայմաններում հեռանկար չունի։ Բայց հենց նույն հեղինակի ղեկավարած «Կանաչապատում և…» ՀՈԱԿ-ի գիտատեխնիկական խորհրդի որոշմամբ և գլխավոր դենդրոլոգ՝ Արծվի Գրիգորյանի կատարմամբ, ամբողջ քաղաքը նշված բույսով են լուծել, այն էլ փողոցների խաչմերուկային, այլ խոսքով, ամենածանր աղտոտումներով և խնդիրներով լի հատվածներում։ Արդյունքը տեսանելի է բոլորիս աչքին՝ կիզիչ արևից այրված, եռացող ասֆալտից խեղճացած, չորացած տերևներով հիվանդ բույսեր, որոնք չեն կատարում իրենց հիգիենիկ՝ օդը մաքրելու, կանաչ պատնեշ ապահովելու և այլ գործառույթները։ Բույսը նպատակային է օգտագործել այգեպուրակային և պաշտպանված տարածքներում, փոքրաքանակ՝ հաշվի առնելով դրա դեկորատիվ հատկանիշները։ Միլիարդներ ծախսելով՝ փողոցները, փոխանակ ավելի կանաչ և առողջ դառնային, փաստացի, ստացել ենք ֆունկցիոնալությունից զուրկ բուսածածկով լուծված փողոցների տնկարկներ՝ որոշում կայացնող պաշտոնյաների կողմից հեղինակած աշխատանքներում բեկանված ծառաթփատեսակներով։ Տվյալ դեպքում, պետք է հաշվի առնել, որ Երևանում կիսաչոր, այրված ու դեղնած բոյսերն այնքան շատ են, որ փողոցներում այսչափ ցորենագույնի ավելացումը միայն ավելի է ծանրացնում ընդհանուր պատկերը։ Դալար կանաչն է նախընտրելի տասնյակ պատճառներով։ Ես՝ որպես Երևանի ավագանու անդամ և քաղաքային կանաչապատման փորձագետ, չեմ հասկանում՝ հարգարժան գիտնականները ի՞նչ պատճառով են հակասում սեփական գիտական մտքին և պրակտիկ աշխատանքներում կիրառում գիտահենին ուղիղ հակառակ մոտեցումները։ Հարգելիներս, դուք լրջորեն վնասում եք քաղաքին՝ բյուջեից ծախսվում են միլիարդներ, քաղաքը չի ստանում սպասվող արդյունքը և տանջամահ են լինում բույսերը։ Փողոցների տնկարկներում պետք է ընտրել միայն այնպիսի ծառեր և թփեր, որոնք կայուն են Երևանի ծանր կլիմայի պայմաններում, չուղորդվել զուտ դեկորատիվ, «աննախադեպ գԵղազարդ», բայց Երևանի փողոցների տնկարկներում անհեռանկարային, ոչ ֆունկցիոնալ՝ կատալպան, ձիակասկը, ալբիցիան, հուդայածառը, իլենին, մագնոլիան և այլն։ Սա է բնակավայրերի կանաչապատման հիգիենիկ սկզբունքը՝ փողոցն ու այգին խիստ տարբեր տարածքներ են, և մասնագետները պարտավոր են զատել ֆունկցիան և դեկորը՝ բալետի հագուստով ասֆալտ չեն փռում։ Բնությունն էլ իր «հագուստն» ու առաջարկներն ունի»։