«Հայաստանի վարչապետը չի դիտարկվում որպես ինքնուրույն դերակատար». Սուրեն Սուրենյանց
141
Այսօր, 17:12
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը. «Թրամփի խոստովանությունը․ «խաղաղությունը» եղել է ԱՄՆ-Ադրբեջան գործարք՝ Հայաստանի հաշվին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ով երբեք առիթը բաց չի թողնում հիշեցնելու, թե ինչպես իրեն «հաջողվեց լուծել» հայ-ադրբեջանական երկարատև հակամարտությունը (թեև հաճախ շփոթում է երկրների անունները), Գազայի հրադադարի մասին համաձայնագրի ստորագրման ժամանակ կրկին վերադարձել է այդ թեմային՝ այս անգամ՝ ուղղակիորեն դիմելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին․ «Ահա այն մարդը, ում համար ես լուծեցի պատերազմը՝ Ադրբեջան։ Որտե՞ղ է քո հայրենակիցը, իրար հետ հաշտ եք, չէ՞… Նրանք կռվել են 32 տարի, իսկ մենք մոտավորապես մեկ ժամում կարգավորեցինք ամեն ինչ։ Եվ հիմա նրանք իրար հետ լավ են»: Սակայն այս «հաղթական» հայտարարության մեջ Թրամփը չի հիշել մեկ էական փաստ․ Բաքուն մինչ օրս իր բանտերում պահում է 23 հայ ռազմագերիների, ինչը միջազգային իրավունքի բացահայտ խախտում է և ամենաակնառու ապացույցը, որ խաղաղությունը մնացել է թղթի վրա։ Թրամփի խոսքերի մեջ առկա են երկու կարևոր ենթատեքստեր, որոնք անտեսել չի կարելի․ 1․ «Այստեղ է այն մարդը, ում համար ես լուծեցի պատերազմը» — Հայաստանի դերը՝ դեկորացիա Այս ձևակերպումը սովորական ինքնագովազդ չէ։ Այն բացահայտում է բանակցային գործընթացի իրական էությունը․ համաձայնությունը ձեռք է բերվել ոչ թե Երևանի և Բաքվի միջև, այլ՝ Վաշինգտոնի և Բաքվի միջև։ Հայաստանը ոչ թե եղել է բանակցությունների հավասարազոր կողմ, այլ օժանդակ դերակատար, որը պարզապես ստորագրել է արդեն նախապատրաստված փաստաթուղթը՝ լեգիտիմացնելով մեծ խաղի արդյունքը։ Ավելին՝ այս խոսքերը ցույց են տալիս, որ Հարավային Կովկասում ԱՄՆ-ի առաջնային գործընկերը Ադրբեջանն է՝ Իրանի մեկուսացման և Ռուսաստանի ազդեցության սահմանափակման ռազմավարության շրջանակում։ Հայաստանը այս սխեմայում հանդես է գալիս ոչ թե որպես սուբյեկտ, այլ որպես գործիք, որի հաշվին իրականացվում է մեծ խաղը։ 2․ «Որտե՞ղ է քո հայրենակիցը» — Հայաստանի սուբյեկտայնության վերացում Թրամփի երկրորդ արտահայտությունը, որը հնչեց որպես կիսաանեկդոտիկ հեգնանք, իրականում շատ ավելի խոր իմաստ ունի։ Փաշինյանին բնորոշելով որպես Ալիևի «հայրենակից»՝ նա ակնհայտորեն ցույց է տալիս, որ Հայաստանի վարչապետը չի դիտարկվում որպես ինքնուրույն դերակատար կամ հավասար բանակցող։ Հայաստանը ներկայացվում է ոչ թե որպես պետություն, այլ որպես օբյեկտ, որի ճակատագիրը որոշվել է ուրիշների կողմից։ Այս ընկալումն ամենավտանգավոր հետևանքն ունի․ այն ամրապնդում է Հայաստանի կախվածության, ենթարկվածության և քաղաքական ինքնուրույնության կորստի վտանգավոր մոդելը։ Թրամփի հայտարարությունը հստակ խոստովանություն է, որ այսպես կոչված «խաղաղությունը» եղել է ԱՄՆ–Ադրբեջան գործարք՝ Հայաստանի հաշվին։ Եվ եթե Երևանը շարունակի այս ամենը ներկայացնել որպես սեփական դիվանագիտական հաջողություն, ապա կխորացնի իր օբյեկտային կարգավիճակը՝ հեռանալով ինքնիշխան քաղաքականության հնարավորությունից։ Իրական խաղաղությունը չի կարող կառուցվել այն պայմաններում, երբ գերիները մնում են բանտերում, իսկ պետության շահերը՝ բանակցային սեղանի տակ։ Իրականում՝ առնվազն անհրաժեշտ է կառավարել վաշինգտոնյան համաձայնությունների ռիսկերը: Գոնե»: