Կիրակի, 01 մարտի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   -1 °C

«Հարվածները պետք է դիտարկել` որպես մեծ վերաձևավորման փորձ». Վահե Դավթյան

«Հարվածները պետք է դիտարկել` որպես մեծ վերաձևավորման փորձ». Վահե Դավթյան
103
Այսօր, 02:06

Էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իրանի նկատմամբ իսրայելա-ամերիկայն հարվածները պետք է դիտարկել ոչ միայն ռազմական-անվտանգային, այլ նաև՝ գեոտնտեսական հարթությունում։ Այս չափման մեջ գլխավոր հարցը էներգետիկ հոսքերի վերահսկումն է և դրանց միջոցով գլոբալ ազդեցության վերաձևավորումը։
Առաջին առանցքը Հորմուզի նեղուցն է։ Այստեղով անցնում է համաշխարհային նավթի մատակարարումների մոտ 20–25%-ը և հեղուկացված բնական գազի մինչև 30%-ը։ Սա գլոբալ էներգետիկ շուկայի «սեղմման կետն» է։ Իրանը բազմիցս սպառնացել է դրա հնարավոր բլոկավորմամբ։ Եթե Վաշինգթոնը հասնի Իրանի քաղաքական ռեժիմի փոփոխության՝ ապահովելով վավերացնել 1982 թ. ՄԱԿ-ի ծովային կոնվենցիան, ապա իրավական հարթությունում կսահմանափակվի Թեհրանի կարողությունը՝ խոչընդոտելու նավարկությունը։ Սա ամբողջությամբ տեղավորվում է ԱՄՆ նավթային ռազմավարության մեջ։
Այս համատեքստում պետք է դիտարկել նաև Վենեսուելայի ուղղությունը։ Վաշինգթոնի ակտիվությունը Կարակասի շուրջ փաստացի նպատակ ունի վերահսկելի դարձնելու Վենեսուելայի հսկայական նավթային պաշարները և ամրապնդելու ԱՄՆ-ի դիրքերը՝ որպես առանցքային արտահանող և շուկայի կարգավորող։ Հորմուզի կայունացումը և Վենեսուելայի ռեսուրսների վերահսկումը միասին ձևավորում են գլոբալ մատակարարման կառավարման նոր կոնֆիգուրացիա։
Երկրորդ առանցքը Կասպից ավազանն է։ Իրանում նոր քաղաքական իրականության ձևավորման պարագայում Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիայի վավերացումը կարող է ստեղծել նոր իրավաքաղաքական հիմքեր՝ ԱՄՆ ռեգիոնալ շահերի առաջխաղացման համար։ Այս հաշվարկներում կարևոր տեղ է զբաղեցնում TRIPP-ը, որը պետք է դիտարկել՝ որպես ավելի լայն գեոռազմավարության մաս։ Եթե վավերացման արդյունքում ստեղծվեն նախադրյալներ Անդրկասպյան գազամուղի կառուցման համար, ապա ԱՄՆ-ն հնարավորություն կստանան ուժեղացնելու ազդեցությունը Կենտրոնական Ասիայում, զսպել Ռուսաստանին և ազդել դեպի ԵՄ ածխաջրածինների արտահանման դիվերսիֆիկացիոն ռազմավարության վրա՝ TRIPP-ով: Վերջինիս նախատեսվող 500 մ լայնությունն արդեն իսկ վկայում է, որ նախագիծը շատ ավելի լայն կոնֆիգուրացիայի մասին է:
Երրորդ ուղղությունը Չինաստանն է։ Իրանը Չինաստանի համար առանցքային նավթամատակարարներից է։ Ու այս առումով Իրանի նկատմամբ ճնշումը տեղավորվում է ԱՄՆ-Չինաստան գեոտնտեսական պատերազմի տրամաբանության մեջ։ Նավթային հոսքերի վերահսկումը նշանակում է ազդեցություն Պեկինի արդյունաբերական և ֆինանսական կայունության վրա։
Վերջապես՝ դոլարի հարցը։ Նավթային շուկաների վերահսկումը ԱՄՆ-ի գլխավոր գեոքաղաքական գործիքի՝ դոլարի ամրապնդման առանցքային մեխանիզմներից է։ Վերջին հինգ տարում միջազգային գործարքներում դոլարի կշիռը նվազել է՝ 61%-ից հասնելով 41%-ի։ Նավթի շուկաներում ԱՄՆ-ի դիրքավորման ուժեղացումը կարող է կանգնեցնել կամ նույնիսկ հետ շրջել այս միտումը։ Էներգետիկ հոսքերի դոլարայնացումը նշանակում է ֆինանսական լծակների վերականգնում։
Իսրայելի հարվածների ֆոնին նավթի գինն արդեն աճել է մոտ 3%-ով՝ մոտենալով 73 ԱՄՆ դոլարի։ Սա շուկայի առաջին արձագանքն է։ Սակայն հարցը ոչ թե կարճաժամկետ գնային տատանումներն են, այլ այն, թե ով է վերահսկելու հումքային միջանցքները և դրանցից բխող ֆինանսական հոսքերը։
Հարվածները պետք է դիտարկել որպես մեծ վերաձևավորման փորձ։ Խոսքը միայն Իրանի մասին չէ։ Խոսքը գլոբալ գեոտնտեսական ճարտարապետության վերահսկման մասին է»։

Աղբյուրը`   Վահե Դավթյան