Կիրակի, 01 մարտի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   -2 °C

«Թե ինչու պարտությունից հետո իշխանությունը պետք է փոխվի անմիջապես». Էրիկ Բեգլարյան

«Թե ինչու պարտությունից հետո իշխանությունը պետք է փոխվի անմիջապես». Էրիկ Բեգլարյան
100
Այսօր, 03:06

Արցախի փաստաբանների պալատի նախագահ Էրիկ Բեգլարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Միշտ տարբեր հարթակներում լսում էի, որ պարտված իշխանությունը պետք է հեռանա և տեղը զիջի նորին։ Սակայն երկար ժամանակ ամբողջությամբ չէի ընկալում այդ պահանջի խորքային իմաստը։ Թվում էր՝ գուցե ժամանակ է պետք, գուցե պարտությունից հետո կարելի է նույն ուժերով վերականգնել երկիրը։ Բայց այսօր, ուշադիր հետևելով ՀՀ իշխանության վարքագծին պատերազմից առաջ և հատկապես պատերազմից հետո, հասկանում եմ, թե ինչու է պատմությունը բազմիցս ապացուցել՝ պարտությունից հետո իշխանությունը պետք է փոխվի անմիջապես։
Պարտությունը միայն ռազմական չէ։ Այն քաղաքական, հոգեբանական և արժեքային հետևանքներ ունի։ Եվ երբ նույն իշխանությունը մնում է ղեկին, բնականաբար, սկսում է ոչ թե վերականգնման, այլ արդարացման և ինքնապաշտպանության գործընթաց։ Արդյունքում փոխվում է ամբողջ քաղաքական ռազմավարությունը՝ հատկապես թշնամու հանդեպ վերաբերմունքը։
Օրինակները բազմաթիվ են.
1. Պատերազմից առաջ հնչում էին կոշտ և հստակ ձևակերպումներ՝ «Արցախը Հայաստան է և վերջ»։ Պատերազմից հետո նույն քաղաքական ուժը փաստացիորեն ընդունում է, որ Արցախը Ադրբեջանի կազմում է։ Սա պարզապես հայտարարության փոփոխություն չէ, սա գաղափարական շրջադարձ է։
2. Պետության ինքնության հիմնասյուները, ազգային արժեքները, խորհրդանիշներն ու «բրենդերը» սկսում են թիրախավորվել կամ արժեզրկվել։ Երբ պետությունը պարտված է, առաջին հարվածը հաճախ հասցվում է հենց նրա ինքնությանը։
3. Հավատքը, որը դժվար ժամանակներում պետք է դառնա ամրապնդման աղբյուր, կասկածի տակ է դրվում։ Հասարակությանը սկսում են համոզել, որ ավանդական արժեհամակարգը խոչընդոտ է առաջընթացի համար։
4. Եկեղեցականները հայտնվում են թիրախում։ Փոխանակ ազգային համախմբման առանցք դառնալու, եկեղեցին ներկայացվում է որպես քաղաքական հակառակորդ։
5. Արցախցիները, որոնց նկատմամբ պետությունը պարտավոր էր իրականացնել անվտանգության և երաշխավորվածության լիարժեք քաղաքականություն, հաճախ մնում են թերի ուշադրության պայմաններում։ Նրանց իրավունքներն ու անվտանգությունը դառնում են բանակցային հարց։
6. Երկիրը սկսում է շարժվել այն ուղղությամբ, որը ձեռնտու է հաղթած պետությանը։ Քաղաքական օրակարգը ձևավորվում է ոչ թե ազգային շահից, այլ արտաքին ճնշման տրամաբանությունից։
7. Պարտված կողմը գրեթե ամեն հարցում հայտնվում է զիջողի դերում։ Զիջումը դառնում է սովորություն, ոչ թե բացառություն։
8. Արվում են քայլեր, որոնք ավելի շատ հիշեցնում են պարտություն հասցրած երկրի ղեկավարներին հաճոյանալու փորձ, քան արժանապատիվ արտաքին քաղաքականություն։
9. Բանակցային գործընթացներում գերակշռում է զիջողական դիրքորոշումը՝ առանց հավասարակշռված պահանջների և սկզբունքների։
10. Միջազգային ասպարեզում պետության հեղինակությունը թուլանում է։ Երբ պետությունը չունի հստակ և հետևողական դիրքորոշում, նրա ձայնը կորցնում է կշիռը։
11. Պարտություն կրած իշխանությունը ամեն գնով մեղքը փորձում է բարթել նախկինների վրա փորձելով մեղմի իր սեփական մեղքը պարտության մեջ։
Մի խոսքով՝ պարտված իշխանության մնալը իշխանության ղեկին հանգեցնում է ոչ միայն քաղաքական, այլ նաև հոգեբանական պարտության խորացման։ Ժողովրդի մեջ ձևավորվում է վախի մթնոլորտ, անորոշություն և հաշտեցում այն մտքի հետ, որ այլընտրանք չկա։ Նույնիսկ փորձ է արվում հասարակությանը համոզել, թե թշնամին այլևս թշնամի չէ, այլ գործընկեր։ Սակայն խաղաղությունը, որը կառուցվում է վախի և միակողմանի զիջումների վրա, երկարատև լինել չի կարող։ Այդպիսի խաղաղությունը շարունակվում է այնքան ժամանակ, որքան դա ձեռնտու է հաղթած կողմին։
Իսկ իրական, արժանապատիվ և կայուն խաղաղությունը հնարավոր է միայն այն ժամանակ, երբ պետությունը հաղթահարում է իր ներքին վախը, վերականգնում է իր ինքնությունը և ձևավորում է վստահություն սեփական ուժերի նկատմամբ»։

Աղբյուրը`   Էրիկ Բեգլարյան