«Նախկին ու ներկա քաղաքական թայֆաները մեկ ամբողջական համակարգ են»․ Արա Արայան
102
Այսօր, 01:24
Վերլուծաբան Արա Արայանի ֆեյսբուքյան գրառումը․ «Տոտալ անտարբերություն, Գյոկչա վիճակ: Հասարակությունը թքած ունի, թե՛ իշխանության, թե՛ «ընդդիմության», թե՛ նրանց բեմադրած կրկեսի վրա: Համընդհանուր անտարբերությունը սարսափեցնում է, թե՛ իշխանությանը, թե՛ «ընդդիմությանը»: Այդ իսկ պատճառով, երբ Ալիևը Բաքվում հաղթանակի տոն է նշում, մեր նախկին 3 ղեկավարներն ու նրանց ժառանգորդ ներկա ղեկավարը զբաղված են կնիկական բամբասանքով: Ժողովրդին ամեն կերպ փորձում են հետ տանել իրենց նեխած անցյալի խորշերը: Իսկ Ալիևը 4 տարում, Ղարաբաղում ու հարակից 7 շրջաններում արել է ավելի շատ գործ, քան մեր բոլոր նախկին ու ներկաները, միասին վերցրած, 35 տարում: Ալիևները երկիր են կառուցել ու հզորացրել, սրանք այս փոքրիկ երկրի միս ու արյունն են հանել աճուրդի, ոչնչացրել են ինչ հնարավոր է, ոչնչացրել են մարդկային արժեհամակարգի գերագույն արժեքը, արժանապատվության զգացողությունը: Եվ քանի որ իրենք այդ զգացողությունից զուրկ են ի ծնե, կատաղի ատելությամբ, արտաքին թշնամիների հետ ամեն կերպ ճզմում են Հայ ժողովրդին, որպեսզի արժանապատվության զգացողության նշույլ չմնա: Սրանք նույնիսկ պարտության կրողներ չեն, քանզի հաղթանակի կրողներ չեղան, որովհետև այն հաղթանակը իրենցը չէր, իրենք ամեն կերպ այն հաղթանակի դեմ էին աշխատել: Բոլոր հաղթողներին շարքից ու մրցակցությունից հանել էին, գլուխները կերել էին և հասան նրան, որ այն ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ հայերի հաղթանակը այսպես անպատիվ ու ապաշնորհ ձևով նետվի թշնամիների ոտքի տակ: Այնպես որ, պարտվելու համար նույնպես որոշակի որակների պետք է տիրապետել: Իսկ սրանք առանց ամաչելու զբաղված են կնիկական բամբասանքով: Եկեղեցին են կիսում, իրար են հայհոյում: Ղարաբաղն ու 7 շրջանները չկան, արդեն խաղասեղանի վրա Սյունինքն է դրված: Ղարաբաղի հարցը խաղասեղանին պտտում էին՝ Մադրիդյան ու Կազանյան սկզբունքներով, Սյունիքի հարցը 2020-ի նոյեմբերի 9-ի Մոսկովյան ու 2025-ի օգոստոսի 8 ի Վաշինգտոնյան թղթերի սկզբունքներով է խաղարկվում: Սյունքի հարցը կիսով չափ լուծված է, սկսվել է «անկլավների» խաղը, որին կհաջորդի ադրբեջանցիների վերադարձի խաղը: Պատերազմ ու դիմադրություն չի լինելու, ամեն ինչ լինելու է խաղաղության պարագայում, ՀՀ Սահմանադրության ու օրենսդրության, Մարդու իրավունքների Կոնվենցիայի շրջանակներում: Մեր նախկին ու ներկա անպատիվները ոչ թե միայն Ղարաբաղն ու հարակից 7 շրջանները չկարողացան զարգացնել, նույնիսկ նախկին թուրքի գյուղերը վերաբնակեցնել ու վերակառուցել չեն կարողացել: Եվ ուրեմն, այդ գյուղերը լքած ազերիները, ըստ ՀՀ օրենսդրության, կվերադառնան և կպահանջեն իրենց իրավունքների վերականգնումը: Նրանց պարագայում ՀՀ օրենդրությունը աշխատելու է 100 տոկոս ճշգրտությամբ, մեր ուժային կառույցներն ու դատական համակարգը ազերիների իրավունքների համար անելու են հնարավորն ու անհնարինը, քանզի ցանկացած ազերու թիկունքին պետություն է կանգնած: ՀՀ քաղաքացու թիկունքում պետություն չկա, իսկ նախկին հայ բաքվեցիների, կիրովաբդցիների ու ղարաբաղցիների թիկունքում առավել ևս պետություն չկա, ուստի նրանց իրավունքները մնալու են օդի մեջ, նրանց վերադարձի մասին խոսք լինել չի կարող: Հը, մոտենա՞մ Սևան-Գյոկչա խնդրին, ապիկար տգետներ: Դե բացեք Սևանի, Գեղարքունիքի մարզի քարտեզն ու հաշվեք նախկին «թուրքի» գյուղերը: Ծովագյուղի խաչմերուկից գնացեք դեպի Ճամբարակ, այնտեղից իջեք Գոշավանք, Ճամբարակից շարժվեք Արտանիշ, Վարդենիս ու հաշվեք այդ գյուղերը, նրանց ներկա բնակիչների թիվը: Մտեք այդ բնակավայրերն ու տեսեք տների վիճակը, անցեք ազերիների գերեզմանատների կողքով... Հը, զգացի՞ք Գյոկչայի շունչը, այ տգետ ու անպատասխանատու զանգվածներ: Կապ չունի, պաշտոնյա եք, նախկին, ներկա, քյարթու, բոտանիկ, «լավ տղա», եթե ուղեղ էլ չունենաք, բնազդով պիտի, որ զգաք սպասվելիք օրերի «հմայքը»... Ովքե՞ր, ինչպե՞ս են դիմադրելու այս մարտահրավերներին: Տեղական հողավաճառ համայնքապետե՞րը, ոստիկաննե՞րը, դատախազներն ու դատավորնե՞րը, անտարբեր հասարակությո՞ւնը, ո՞վ, տվե՛ք անունը... Վերադառնալու են իրենց գյուղեր, վերականգնելու են իրենց իրավունքները, «Լիստ.ամ» ով հողեր ու անշարժ գույք են ձեռք բերելու, Ազգային պարկի հետ պայմանագրեր են կնքելու, Սևանա լճի ափին օբյեկտներ են սարքելու, ՀՀ օրենքի տառին ու բառին համապատասխան... Իսկ Գեղարքունիքի մարզը միակը չէ... Դե ներկա-նախկին կռիվ արեք, իրար հայհոյեք, ծեծեք, ձերբակալեք, նախընտրական մեռած քաղաքական կյանքը ամեն կերպ ակտիվացրեք, որ մնաք իշխանության ու «ընդդիմության» ղեկին ու շարունակեք Հայաստանի ոչնչացման ձեր ստանձնած գործը: Հայ ժողովուրդ, իրականությունից փախչել չի ստացվի, իրար մեղադրելով, իրարից խռովելով գալիք խնդիրները չենք լուծի: Այսպես շարունակել չի կարելի, մեր նախկին ու ներկա քաղաքական թայֆաները, մեկ ամբողջական համակարգ են: Կամ սրանցից պետք է ազատվել, կամ սրանք մեր երկիրը կոչնչացնեն, սին հույսեր մի՛ փայփայեք, հրաշքներ չեն լինում...»: