Ուրբաթ, 27 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +2 °C

«Խոստումներ տալ գիտեն, կատարել՝ ոչ»․ Սևակ Հակոբյան

«Խոստումներ տալ գիտեն, կատարել՝ ոչ»․ Սևակ Հակոբյան
120
Այսօր, 17:06

Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․ «ՔՊ-ական իշխանությունն ակտիվ քարոզարշավի մեջ է, բայց այնքան անտաղանդ ու էժան, որ դառնում են ծիծաղի առարկա։ Երեկ Փաշինյանը հայտարարեց թոշակը բարձրացնելու մասին, ինչը, միանշանակորեն, դիտվեց ընտրակաշառք։ Դե մինչև ընտրություններ էնքա՜ն բաներ կլսեք։
Իսկ ինչո՞ւ են ծաղրում իշխանությանը։ Փետրվարի 25-ին, «Վեոլիա ջուր» ընկերությունը հայտնեց, որ ամռան ամիսներին ժողովրդին ամեն օր 7 ժամ անջուր է թողնելու․ երկար դժգոհություններից հետո տարածքային կառավարման նախարարը հայտնեց, թե կառավարության միջամտության արդյունքում ջրերը գիշերը չեն կտրի։ Նախապես չեն կարգավորել հարցը, սպասել են հրապարակվի, հանրայնացվի, որ իրենք որպես ջուր բերող ասպետ գան ու իբր կարգավորեն խնդիրը։ Հետաքրքիր է՝ «կառավարության միջամտության արդյունքում» էլ ինչեր կտեսնենք մարտ, ապրիլ ու մայիս ամիսներին և մինչև հունիսի 7-ը։ Հնարավոր է՝ կառավարության անդամներին տեսնենք կամրջների վրա ինքնասպանություն կանխելիս, հնարավոր է՝ նախարարները ավտոբուսով երթևեկեն միայն նրա համար, որ տատիկներին իրենց տեղը զիջեն։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» հայտնում է, որ մայրաքաղաք Երևանում և մի քանի մարզում սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վ արագությամբ: Հնարավոր է, որ հայտարարեն՝ կառավարության միջամտության արդյունքում քամու արագությունն իջեցվելու է 16-21 մ/վի կամ էլ տեղափոխվի հունիսի 8-ից հետո։ Սրանք, ժողովուրդ ջան, պատրաստ են ծաղրվել ուժերի ներածին չափով։
Բայց պարզվեց՝ ջրի խնդիրը ոչ էլ լուծել են․ ջրային կոմիտեի նախագահն ասում է՝ մեկ է՝ լինելու են ջրանջատումներ․ բայց 70 մլն եվրո վարկի տակ են գցում ջրային բարելավումների համար։ Չեմ բացառում, որ կառավարությունն ասի՝ մի անջատեք ջրերը մինչև հունիս, ընտրություններից հետո ուզում եք՝ օրվա 20 ժամը անջատեք ջուրը, մենակ կառավարական դաչաներինը տաք՝ հերիք է։
Իրականում այս մարդիկ երկիրը մտցրել են խորը ճգնաժամերի մեջ, կառավարման խորը ճգնաժամեր են բոլոր ոլորտներում։ Ու դա տրամաբանական է․ չի կարող սրանց օրոք արտաքին քաղաքականության մեջ, դիվանագիտության մեջ քաոս լինի, ներքինում քաոս լինի, տնտեսության մեջ լինի, սոցիալականում լինի, գնաճում քաոս լինի, իրավական ոլորտում քաոս լինի և մյուս բոլոր ոլորտներում, բայց, ասենք, ջրի կառավարման ոլորտում չլինի։ Ապաշնորհ կառավարությունը ապաշնորհ է ամեն տեղ։
Ճգնաժամն ամենուր է։ Օրերս մի քանի հաղորդում նվիրեցի հանցավորության վիճակին․ ասացի՝ քանի հոգու ուզում եք՝ հեռացրեք համակարգից, ում ուզում եք՝ հեռացրեք, թեկուզ նախարար ու տեղակալներ, ոչինչ չի փոխվելու․ ինչպես որ ոչինչ չփոխվեց Նիկոլի դասընկեր Վահե Ղազարյանին Արփինե Սարգսյանով փոխելով, այնպես էլ ոստիկանապետերի տեղակալներին հանելով չի փոխվի։ Որովհետև ոստիկանության առաջնահերթությունները չեն փոխվել, մնացել են նույնը՝ բռնել ընդիմադիրներին և պահել Նիկոլի անվտանգությունն ու աթոռը։ Սրանք ՆԳ նախարարի երեք տեղակալներին հանեցին գործից ու տարան նախարարի խորհրդական․ որ նորմալ չեն աշխատում, նորմալ խորհուրդ կտա՞ն։ Այսօր կարդացինք՝ Վանաձորում հերթական դանակահարության մասին, մի տնից՝ երկու հոգու։ Սա ճգնաժամի մասին է։
15 օր է՝ հայկական բեռնատարները Վրաստանից չեն կարողանում Հայաստան գալ․ հեղուկ գազով և ածուխով բեռնված մեծ քանակությամբ բեռնատար մեքենաներ են կանգնած Վրաստանի սահմանին: Ասում են՝ վրացիները փակել են Հայաստան տանող ճանապարհը և պահանջում 700 ԱՄՆ դոլար, առանց պատճառաբանության։ Էկոնոմիկայի նախարար Պապոյանն ասում է՝ սպասում ենք վրացիների պարզաբանմանը, անհասկանալի է մեզ համար։ Վրաստանում այդ իրավիճակն է փետրվարի 12-ից։ Փետրվարի 20-ին Գևորգ Պապոյանի հրավերով Հայաստան է այցելում Վրաստանի էկոնոմիկայի նախարարը։ Խոսում են իդեալական տնտեսական կապերի մասին, հատուկ քննարկում են բեռների տարանցումը։ Բազմապատկման աղյուսակից բան չհասկացող Պապոյան Գևորգը չի հարցնում իր կոլեգային, թե ի՞նչ եք անում մեր ֆուռերի հետ, հիմա ասում է՝ մեզ համար անհասկանալի է։ Իսկ մեզ համար խիստ հասկանալի է, թե ինչու ձեր օրոք տարին առնվազն 10 անգամ խնդիր լինում վրացիների հետ, վրացական անցակետերում։
Հայաստանի կառավարության որոշումները բերում են ճգնաժամերի, ոչ թե հաղթահարման։ Մեր երկրում այսօր պարտքային ճգնաժամ է, վարկային ճգնաժամ է, կրիմինալ ճգնաժամ է, մեր երկրում ուղղակի ահավոր չափերի է հասնում ապօրինի թմրաշրջանառությունը, բանակում կառավարման չգնաժամ է, գնաճային ճգնաժամ է, մայրաքաղաքում կառավարման ճգնաժամ է, ամենուր կադրային ճգնաժամ է, հակակոռուպցիոն ճգնաժամ է։ Սրանք միայն վայելում են իրենց պաշտոնները, պադավատները, արգևավճարները, գերթանկարժեք տոմսերով չվերթները։ Ամեն ոլորտում Նիկոլը մտցրել է իր աշխատաոճը, իր ճաշակը, իրեն ձեռնտու ձևը, և ստացել ենք սա։ Էն որ մեռնում ենք թվարկելով սրանց տված ու չկտարած խոստումները, պատճառը հենց կառավարման ճգնաժամն է․ չգիտեն ինչ անեն, ոնց անեն, որտեղ անեն, ինչ միջոցներով անեն։ Խոստումներ տալ գիտեն, կատարել՝ ոչ։ Ինչ – որ բան անելիս էլ բացարձակ չկա ռեալ հաշվարկ, գնահատում, կարևորը՝ ձայն կորզելն է։ Թոշակի անգամ հաազար դրամ բարձրացումը սրանք համարում էին անհնար, մի քանի տարի չեն բարձրացրել․ հիմա ձայն տանելու համար միանգամից ասում են 10 հազարով կբարձրացնենք։ Այս որոշման տակից հունիսին եկող կառավարությունը ոնց է դուրս գալու, ինչ խնդիրների է բախվելու, սրանք թքած ունեն, չեն էլ մտածել, կարևորը՝ իրենք ձայն ապահովեն։
Կարճ ասած՝ մեր երկրին, ժողովուրդ ջան, պետք է իշխանություն, որն ունի ճգնաժամային կառավարման փորձ, ոչ թե իշխանություն, որը կստեղծի ճգնաժամեր։ Սրանք ստեղծում են այդ ճգնաժամերը ու հետաձգում, այս անգամ՝ մինչև հունիս։ Սրանց որոշումների տակ չկա սրտացավություն, չկա պետության ապագայի մասին մտածում, չկա կառավարություն-քաղաքացի հարաբերություն, այլ զուտ նախընտրական հաշվարկ է։ Պրոբլեմները չեն լուծվում, հետաձգվում են և մի օր պայթելու են միանգամից։ 2017-ին էլ կային բազմաթիվ խնդիրներ, էլի մատնանշում էինք ու ասում, որ պայթելու են։ Ու պայթեցին»։

Աղբյուրը`   Սևակ Հակոբյան