Երեքշաբթի, 02 դեկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +10 °C

Ճապի սկանդալային ու կրիմինալ անցյալը. «Հրապարակ»

Ճապի սկանդալային ու կրիմինալ անցյալը. «Հրապարակ»
82
Այսօր, 09:30

«Հրապարակ»-ը գրում է. «Մարտի 21-ի գիշերը Արտիմետ խճուղու 1 հասցեում գտնվող գազալցակայանում սպանվեց 36-ամյա Արթուր Պարոնյանը։ Նրա սպանության մեջ մեղադրվում է Արմավիրի մարզում հայտնի՝ «Ճապ» մականունով 33-ամյա Կարեն Բադամյանը։ Ճապը շատ մտերիմ է Էջմիածնի նախկին ղեկավար Դիանա Գասպարյանի ամուսնու՝ այդ ժամանակ ավագանու ՔՊ-ական անդամ Արամայիս Միրզոյանի հետ, և այդ ժամանակ էջմիածինցիները չէին բացառում, որ վեճի և սպանության հիմքում նախկին քաղաքապետի ամուսնու հետ կապված «թեմա» էլ կա, մանավանդ՝ գազալցակայանը, որտեղ կատարվել էր սպանությունը, հենց Միրզոյանին է պատկանում։
Ներքին գործերի նախարարությունից այն ժամանակ հայտնել էին, որ, նախնական տվյալներով, մարտի 22-ին, ժամը 01։30-ի սահմաններում Արմավիրի մարզի Արտիմետ բնակավայրի սկզբնամասում գտնվող գազալցակայանի տարածքում մի խումբ անձանց միջև վիճաբանություն է եղել, արդյունքում տղամարդը կրակոց է արձակել 36-ամյա Արթուր Պարոնյանի ուղղությամբ, որը բժշկական կենտրոնում գիտակցության չգալով՝ մահացել է։ Քննչական կոմիտեից էլ հայտնել էին, որ գազալցակայանում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով եւ 155-րդ հոդվածի 1-ին մասով:

Հանրային քրեական հետապնդումը հարուցվել էր Կարեն Բադամյանի նկատմամբ, որը տևական ժամանակ հետախուզման մեջ է եղել։ Եվ ահա, 10 օր առաջ հայտնի դարձավ, որ այս սպանության գործով նախաքննությունն ավարտվել է, Ճապը՝ Բադամյանը, կալանավորվել է։ Նրա պաշտպան Ռոբերտ Խաչատրյանը «Հրապարակ»-ին ասել էր, որ իր պաշտպանյալն ինքնակամ ներկայացել է նախաքննական մարմնին և հայտնել, որ մեղադրանքը չի ընդունում։ «Իրավապահ համակարգից հայտնում են, որ Կարեն Բադամյանը տարիներով անցել է մի քանի քրեական գործով, որոնցից մեկը դատարանում շարունակվում է, իսկ մյուսները կարճվել են։

2024 թվականին Արմավիրի մարզի դատարանում քննվել է վարորդական վկայականի համապատասխան կարգ չունենալու, սթափության զննություն չանցնելու վերաբերյալ մի քրեական գործ, որով դատարանը որոշել է Բադամյանի նկատմամբ նշանակել տուգանք՝ 375 հազար դրամի չափով։ Մեկ այլ քրեական գործում, որը վաղեմության հիմքով կարճվել է, գրված է․ «Կարեն Բադամյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով հետախուզման մեջ գտնվելով, ըստ ստացված ՍԷԿՏ համակարգում գրանցված տեղեկությունների, 2017թ․ ապրիլի 26-ին Բագրատաշեն անցակետով մուտք է գործել Հայաստանի Հանրապետության տարածք, սակայն ՀՀ տարածքը լքելու վերաբերյալ տվյալների բացակայության պայմաններում, քննությամբ չպարզված հանգամանքներում եւ ժամանակահատվածում, առանց սահմանված փաստաթղթի կամ պատշաճ թույլտվության, ապօրինի հատել է Հայաստանի Հանրապետության պետական սահմանը եւ 06.08.2020թ-ին հայտնաբերվել ու ձերբակալվել է Լեհաստանի իրավապահ մարմինների կողմից: Այսինքն՝ Կարեն Արայիկի Բադամյանին մեղսագրվում է հանցավոր արարքի կատարում, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասով (պետական սահմանն ապօրինի հատելը), որը համապատասխանում է գործող քրեական օրենսգրքի 469-րդ հոդվածի 1-ին մասին»:
2012 թվականին էլ Կ․ Բադամյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 360-րդ հոդվածի 2-րդ մասով (զինծառայողին վիրավորանք հասցնելը) և դատապարտվել է կալանքի 2 ամիս ժամկետով:

Իսկ Արագածոտնի մարզի դատարանում շարունակվում է մեկ այլ քրեական գործի քննությունը, ըստ որի․ «Կարեն Բադամյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա նախնական համաձայնությամբ, մի խումբ անձանց՝ Ա․Բադամյանի և Վ․ Ոսկանյանի հետ միասին ապօրինի կերպով ձեռք է բերել հրազեն և մարտական փամփուշտներ, որոնք ապօրինի պահել և փոխադրել են Վ․ Ոսկանյանին պատկանող «BMW X5» մակնիշի 91VV091 համարանիշի ավտոմեքենայով, որոնք հայտնաբերվել և առգրավվել են 2023թ․ մարտի 15-ին Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի հատվածում հիշյալ ավտոմեքենայի խուզարկությամբ՝ բեռնախցիկից»»:

Մանրամասները՝ թերթի համարում: