Չորեքշաբթի, 22 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

«Ինչո՞վ է պայմանավորված հայաստանյան ընտրությունների միջազգային նշանակությունը»․ Գարիկ Քեռյան

«Ինչո՞վ է պայմանավորված հայաստանյան ընտրությունների միջազգային նշանակությունը»․ Գարիկ Քեռյան
87
Այսօր, 10:00

Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երկու կարևոր ներքաղաքական իրադարձություններ վճռական ազդեցություն կունենան հարավկովկասյան տարածաշրջանում ուժային կենտրոնների ազդեցության գոտիների սահմանագծման համար: Մեկն արդեն տեղի է ունեցել: Դա 2024թ. խորհրդարանական ընտրություններն էին Վրաստանում: Եթե հիշում եք՝ պայքարը շատ թեժ էր: ԵՄ ղեկավարությունը արեց առավելագույնը նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի գլխվորությամբ արևմտամետ ուժերի հաղթանակն ապահովելու համար: Վրաստանին արագացված տեմպերով տրվեց ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ, ոտքի ելան գրանտակեր հասարակական կազմակերպություններն ու եվրոպամետ ներկա ու նախկին գործիչները: Սակայն համառ պայքարի արդյունքում արևմտամետները պարտվեցին: Սահակաշվիլին մնաց բանտում: Բիձինա Իվանիշվիլիի քաղաքական կուսակցությունը՝ «Վրացական երազանքը» պահպանեց իշխանությունը: Սրանով ավարտվեց Վրաստանի աշխարհաքաղաքական տեղաշարժը արմատական արևմտամետությունից դեպի կենտրոն, առավել հավասարակշռված հարաբերություններ Ռուսաստանի հետ, առավել չեզոք/ազգանպաստ դիրքորոշումներով: Հիշենք նաև, որ այս դրեյֆի սկզբնապատճառը Թբիլիսի առջև դրված կոշտ պահանջ էր, բացել երկրորդ ճակատը Ռուսաստանի դեմ: Ուկրաինացման սցենարից ահաբեկված վրաց հասարակությունը և քաղաքական վերնախավը եկան ընդհանուր դիրքորոշման և հետընտրական հակաիշխանական շարժումն աստիճանաբար մարեց: Այսպիսով ԱՄՆ և ԵՄ-ն տարածաշրջանում զրկվեցին իրենց հիմնական ազդեցության լծակից: Մնացին Ադրբեջանն ու Հայաստանը: Ադրբեջանում գունավոր հեղափոխության սցենարները երբևե չաշխատեցին, պատճառը սերտ դաշնակցային հարաբերություններն են Թուրքիայի հետ և Բաքվին արևմտյան ազդեցության գոտում պահելու հույսը ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան է: Որքանով է դա աշխատում՝ դժվար է ասել, և սա առավել ծավալուն թեմա է: Բայց մի իրողություն առավել հավանական է, թուրք-ադրբեջանական միասնությունը գործում է բավականին անկախ և ինքնուրույն դերակատար է միջազգային ասպարեզում: Մնաց Հայաստանը: Եթե առաջիկա ընտրություններում ռուսամետ քաղաքական ուժերը կարողանան առավելության հասնել, ապա Հարավային Կովկասում Արևմուտքի ազդեցության հնարավորությունները կտրուկ կսահմանափակվեն: Կտապալվի նաև տարածաշրջանից Ռուսաստանին դուրս մղելու համար երեք տասնամյակից ավելի ձգվող համառ պայքարը: Ահա սրանով է պայմանավորված հայաստանյան ընտրությունների միջազգային նշանակությունը: Այս համատեքստում հասկանալի է նաև Մոսկվայի և Բրյուսելի առավել մեծ շահագրգռվածությունն ու ֆավորիտ ուժերին հովանավորելու ձգտումը»:

Աղբյուրը`   Գարիկ Քեռյան