Ուրբաթ, 02 հունվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   -1 °C

«Տարածված է թյուր պատկերացում, թե այաթոլաների ներկայիս ռեժիմն ինքնին բխում է Հայաստանի շահերից»․ Հայկ Խանումյան

«Տարածված է թյուր պատկերացում, թե այաթոլաների ներկայիս ռեժիմն ինքնին բխում է Հայաստանի շահերից»․ Հայկ Խանումյան
148
Այսօր, 16:36

Արցախի ՏԿԵ նախկին նախարար Հայկ Խանումյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իրանում բողոքի ակցիաները․ ինչո՞ւ «ավելի բաց Իրանը» կարող է բխել Հայաստանի շահերից․
Իրանում տեղի ունեցող բողոքի ակցիաները Հայաստանում հիմնականում ներկայացվում են մեկ դիտանկյունից՝ որպես ներքին անկայունություն, որը վտանգներ է պարունակում տարածաշրջանի համար։ Սակայն արժե փորձել հարցին նայել այլ տեսանկյունից և քննարկել մի սցենար, որը հաճախ անտեսվում է։
Ենթադրենք՝ Իրանը սկսում է աստիճանաբար բացվել՝ առանց մասնատման, առանց քաոսի, բայց որոշակի ազատականացման և արտաքին աշխարհի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Ինչպե՞ս դա կարող է անդրադառնալ Հայաստանի վրա։
Առաջին հերթին՝ ավելի բաց և կանխատեսելի Իրանը կարող է կարգավորել հարաբերությունները Արևմուտքի և Իսրայելի հետ։ Դա ինքնին կնշանակի, որ տարածաշրջանում վերջիններիս համար Իրանի նշանակությունը կբարձրանա՝ հարաբերականորեն նվազեցնելով Թուրքիայի և ամբողջ «թուրքական աշխարհի» աշխարհաքաղաքական կշիռը։ Հայաստանի համար սա կարևոր ռազմավարական հանգամանք է։
Երկրորդ՝ Իրանի ներկայիս ներքին կարգավորումները, գաղափարական սահմանափակումներն ու տնտեսական փակվածությունը լուրջ խոչընդոտներ են ստեղծում հայկական բիզնեսի համար։ Հայկական ապրանքների մեծածավալ մուտքը իրանական շուկա այսօր գրեթե անհնար է, իսկ որոշ ապրանքներ նույնիսկ չեն կարողանում տրանզիտով անցնել դեպի Պարսից ծոց կամ Իրաք։ Ամենահայտնի օրինակներից են ալկոհոլային խմիչքները։ Իրանի տնտեսական ու կարգավորիչ միջավայրի բարելավումը կարող է իրական հնարավորություններ բացել Հայաստանի արտադրողների և արտահանողների համար։
Երրորդ՝ Իրանի տնտեսական վիճակի լավացումը ուղիղ ազդեցություն կունենա նաև զբոսաշրջության վրա։ Ավելի ապահովված, շարժուն և բաց իրանցի միջին խավը կարող է Հայաստանի համար դառնալ զբոսաշրջիկների կարևոր հոսք՝ հատկապես հաշվի առնելով աշխարհագրական մոտիկությունը և մշակութային հետաքրքրությունը։
Հայաստանում տարածված է թյուր պատկերացում, թե այաթոլաների ներկայիս ռեժիմն ինքնին բխում է Հայաստանի շահերից։ Սակայն Ղարաբաղյան պատերազմը ցույց տվեց, որ ամենածանր և վճռորոշ պահերին Իրանը կարող է փակել դեպի Հայաստան եկող ապրանքների մուտքը՝ լուրջ ճեղքեր առաջացնելով «բարեկամական ու հուսալի հարևանի» մասին պատկերացումներում։
Այս ամենից հետևում է մեկ կարևոր եզրակացություն․ Հայաստանի համար լավագույն սցենարը ոչ թե փակ, ճնշված և սանկցիաների տակ գտնվող Իրանն է, այլ աստիճանաբար բացվող, տնտեսապես զարգացող և արտաքին աշխարհին ինտեգրվող Իրանը՝ առանց մասնատման և տարածաշրջանային քաոսի։
Իրանի ներսում ընթացող գործընթացներին արժե նայել ոչ միայն զգացմունքային կամ գաղափարական, այլ նաև սառը դիտանկյունից։ Եվ այդ դիտանկյունից՝ Իրանի հնարավոր բացվելը կարող է Հայաստանի համար ստեղծել ավելի շատ հնարավորություններ, քան վտանգներ»։

Աղբյուրը`   Հայկ Խանումյան