Հինգշաբթի, 08 հունվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Հայրենադավը գտել է տիրադավներին, ճղճիմը՝ չնչիններին, և դրան հաջորդում են հանցագործությունները»․ Միքայել Սրբազան

«Հայրենադավը գտել է տիրադավներին, ճղճիմը՝ չնչիններին, և դրան հաջորդում են հանցագործությունները»․ Միքայել Սրբազան
292
Երեքշաբթի, 06 հունվարի, 2026 թ., 20:12

Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի ուղերձը. «Նախ և առաջ՝
Քրիստոս ծնաւ և յայտնեցաւ
Ձեզ և մեզ մեծ աւետիս
Ցանկանալով կցանկանայինք Սուրբ ծնունդն անցկացնել աղոթքի և գոհաբանության մեջ, սակայն հայրենադավների և տիրադավների միությունը իր զինված բանդայի անդամներով վերստին ալեկոծեց մեր սուրբ եկեղեցու անդորրը՝ «բարեվարքության» արհեստական և մտացածին օրակարգով:
Այո, ինչպես 2000 տարի առաջ, այնպես էլ այսօր դարձյալ մոլեգնել են Հերովդեսն ու Հերովդիադան, զոհ են փնտրում, անմեղի արյուն՝ ի գոհացում իրենց հիվանդագին մտագարության:
Բարեվարքության մասին խոսողները՝ ապաշխարության և պահեցողության մեջ լինելու փոխարեն, տգիտության և անտեղյակության գլուխգործոց են ստորագրում՝ դրանով իրենց ողորմելիության դատավճիռն ստորագրած լինելով:
Հիրավի, հայրենադավը գտել է տիրադավներին, ողորմելին՝ խղճալիներին, անամոթը՝ անպատկառներին, անբարոյականը՝ բարոյազուրկներին, ճղճիմը՝ չնչիններին:
Եվ դեռ դրան հաջորդում են բացահայտ զինված հանցագործությունները ինչպես Երևանում, այնպես էլ Թալինում: Տգետները գոնե պատմություն իմանային, որ նման դեպքեր եկեղեցին բազմիցս է հաղթահարել:
Հուսով ենք, որ մեր ժողովրդի զավակների ստվար հատվածը հասկանում է իրականությունը և ճիշտ ախտորոշում կիրականացնի: Սա էլ կանցնի, իսկ Հայ եկեղեցին կշարունակի իր առաքելությունը՝ օտար մարմինները արտավիժելուց հետո: Այո, եկեղեցին կբարեկարգվի և կմաքրվի, սակայն այնպես, ինչպես Աստված է կամենում, և ոչ թե՝ ինչպես ողորմելի ոչնչությունները:
Իսկ Քրիստոս ճշմարտապես ծնվեց և հայտնվեց,
Ձեզ և մեզ մեծ ավետիս:
Օրհնությամբ՝ Միքայել արք. Աջապահյան
194-րդ օր ապօրինի բանտարկության
06.01.26