Չորեքշաբթի, 14 հունվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +1 °C

«Որոշեցի պատմել 6-րդ պատժախցի մասին»․ Նարեկ Սամսոնյան

«Որոշեցի պատմել 6-րդ պատժախցի մասին»․ Նարեկ Սամսոնյան
120
Այսօր, 13:24

Նարեկ Սամսոնյանի ուղերձը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից․ «Ինչպես արդեն շատերդ տեղյակ եք, դատախազ Հայկ Ավետյանի և, ըստ մամուլի հրապարակումների, քրեական գործի սպառնալիքի տակ հայտնված դատավոր Մանվել Շահվերդյանի ուղիղ պատասխանատվությամբ ես ու ընկերս՝ Վազգեն Սաղաթելյանը, ակնհայտ ապօրինի կալանքի տակ ենք գտնվում և ես ամսի 9-ից գտնվում եմ անժամկետ հացադուլի մեջ։ Այսօր լրանում է հացադուլիս 6-րդ օրը, և քանի որ իմ պաշտպան Ռուբեն Մելիքյանը ևս անդրադարձել էր իմ ներկայիս 4 քմ-անոց խցի «կենդանական աշխարհին», որոշեցի մի քիչ պատմել 6-րդ պատժախցի մասին։
Ամենաառաջինն ուզում եմ ձեզ ասել, որ ինձ համար այս անմարդկային պայմաններն ընդհանրապես ճնշող կամ նեղություն պատճառող գործոն չեն հանդիսանում։ Ավելին, ռեժիմի ամեն հաջորդ նմանատիպ քայլ ինձ մոտ ավելի մեծ մոտիվացիա է ստեղծում ընտրածս ուղով գլուխս բարձր ընթանալու։ Այնպես որ, այս գրառումս դիտարկեք ավելի շատ սրանց արածները հեգնելու և ձեզ ու ողջ աշխարհին այս երկրում տեղի ունեցողի մասին սեփական աչքերով տեսածը պատմելու և ոչ երբեք բողոքելու կամ տրտնջալու համատեքստում։ Ասեմ ձեզ՝ սրանց կողմից հալածվելու համատեքստում ես պատրաստ եմ անգամ 1 քմ-անոց խցում իրականացնել հացադուլս և դա ինձ ոչ թե կճնշի, այլ լրիվ հակառակը՝ կմոտիվացնի։
Եվ ուրեմն, հացադուլ հայտարարելուց հետո ինձ տեղափոխեցին պատժախցային կորպուսի N6 պատժախուց-մենախուցը՝ ի հակադրություն օրենքի պահանջի, որը սևով սպիտակի վրա արձանագրում է. «... հացադուլի համար հատուկ առանձնացված խցի պայմանները չպետք է ավելի վատը լինեն, քան սույն կանոնակարգով սահմանված նվազագույն չափանիշները և մինչև հացադուլ հայտարարելը կալանավորված անձի կամ դատապարտյալի եղած պայմանները» (ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգի 26-րդ հոդվածի 338-րդ կետ)։ Ինձ հացադուլից հետո պատժախուց տեղափոխելու մասին փաստի հրապարակայնացումից հետո ՔԿԾ-ն factor.am-ին մեկնաբանություն էր տվել և ասել, որ պատժախցային կորպուսի իմ խուցը ոչնչով չի տարբերվում իմ հիմնական խցից, հիմա եկեք միասին տեսնենք, թե ինչքան «ճշմարիտ» ՔԿԾ ղեկավարության հետ գործ ունենք մենք և թե որքան սրտացավ և օրենքի տառով առաջնորդվող ժողովրդավար Արդարադատության նախարարության։
Ուրեմն, պատժախուց N6-ը 4 քմ-անոց շատ փոքրիկ տարածք է, որտեղ մի կերպ տեղավորվում է մահճակալս, փոքրիկ լվացարանը, գետնին գամված փոքրիկ սեղանը՝ իր առջև դրված երկու փոքրիկ աթոռներով։ Սեղանի ետևի մասում է գտնվում հակասանիտարական զուգարանը, որի դուռը չփակելը հղի է սանիտարական աղետի վտանգով։ Խցի պատերը խոնավությունից տեղ-տեղ քայքայված են, հատակը՝ պատերի նման տեղ-տեղ խոնավ, բետոնե՝ քայքայված հատվածներով։ Անկեղծ եմ ասում, նմանատիպ բանտախուց կյանքում չեմ տեսել, բայց, որ ՔԿԾ-ն ասում է, որ սա ոչնչով չի տարբերվում իմ նախկին պահման խցից, հավատում եմ նրանց և մտածում եմ, իսկ միգուցե սա «Իրական Հայաստանի» նմա՞ն է, միգուցե ե՞ս եմ սխալ տեսնում կամ միգուցե իմ բոլոր տեսած բանտախցերը հենց այդպիսի՞ն են եղել։ Համենայնդեպս, «Իրական Հայաստանի» ՔԿԾ-ն ինչպե՞ս կարող է խաբել կամ սուտ խոսել՝ քողարկելով ակնհայտ ապօրինությունը։ Ուղղակի այստեղ մի փոքրիկ բացառություն կա. ՔԿԾ-ի հետ համաձայն չեն պատժախուց N6-ի հակասանիտարական պայմանների հետևանքով այնտեղ մշտական բնակություն հաստատած տառականներն ու թախտաբիթիները (ասեք, որ լրիվ «Իրական Հայաստանի» պատկերն է)։ Ասեմ ավելին, ամեն օր, երբ ես ինձ համոզում եմ, որ «ո՞նց կարող է ՔԿԾ-ն խաբի, ես եմ հաստատ սխալ տեսնում», միանգամից առավոտյան թախտաբիթիներն իրենց պրակտիկ գործով հակառակն են ապացուցում։ Իսկ երբ ինձ համար միջատների դեմ միջոց են բերում դրսից, հանձնուք ընդունողները հրաժարվում են դա վերցնել՝ պատճառաբանելով, որ դրանով զբաղվող հատուկ «դեղ փչողներ» կան հիմնարկում, որոնց այդպես էլ այս 5 օրվա ընթացքում չտեսա, չնայած ամեն օր «պետք է գան»։ Հիմա մտածում եմ, իսկ կարո՞ղ է եկել են, ու չեմ նկատել, կամ այդ «փչած դեղը» հակառակ էֆեկտն է տվել։ Մի խոսքով, շատ հակասական զգացումներ են ձևավորվել, բայց ասեմ ձեզ, որ դրան զուգահեռ նաև սպասում է ձևավորվել պատժախցի «կենդանաբանական աշխարհի» համալրման համատեքստում. արդեն 4 օր է սպասում եմ առնետներին, որոնք այդպես էլ չկան ու չկան։ Կարծում եմ առնետները սպասում են ՔԿԾ-ի հրահանգին, որ վերջնական տեղը տեղին հիմնավորեն, որ հացադուլ հայտարարած անձի պատժախուցն ուղիղ նույնական է կամ ոչնչով չի տարբերվում նախորդ պայմաններից։
Չգիտեմ ինչ ասեմ, ուղղակի սա զավեշտ է ու շատ ծիծաղելի զավեշտ։ Իրենց կարծիքով սա ինձ պետք է ճնշի կամ նեղություն պատճառի, բայց, անկեղծ ասած, այս ամեն ինչն ինձ մոտ ժպիտ է առաջացնում, ուղիղ նույն ժպիտից, որը կար մեր վերելակում, երբ ԱԱԾ հակաահաբեկչական ջոկատը դիմակներով ձեռքերս ոլորած փորձում էր իջեցնել ինձ ներքև։
Այս ամեն ինչը վաղը ստանալու է կոնկրետ գնահատական և վստահ եղեք, որ ռեժիմի չլինելուց հետո «Արմավիր» ՔԿՀ-ի պատժախցերի կորպուսը վերանորոգվելու և մարդկային տեսքի է բերվելու, որ անգամ ամենածանր հանցագործության համար կալանավորված/դատապարտված անձը նմանատիպ անմարդկային ու հակասանիտարական պայմաններում չկրի իր պատիժը։ Իսկ հացադուլավորների մասին կմտածենք:
Հ.Գ. Ի դեպ, հացադուլ հայտարարելու անգամ նախնական պահանջս մնում է անկատար և այս ամենի հետևանքների ողջ իրավական պատասխանատվությունը կրում են դատախազ Հայկ Ավետյանն ու դատավոր Մանվել Շահվերդյանը, դե, իսկ քաղաքական պատասխանատուների անուններն ինձնից լավ գիտեք։
Վճռականությո՛ւն, անձնազոհությո՛ւն, հաղթանա՛կ»։

Աղբյուրը`   Նարեկ Սամսոնյան