«Խաղաղությունը չի կառուցվում երկաթուղով, եթե այն անցնում է դատարկված հայրենիքի հաշվին»․ Մետաքսե Հակոբյան
114
Այսօր, 16:18
Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Խաղաղություն առանց Արցախի՞։ Ոչ, ընդամենը ենթակառուցվածք՝ էթնիկ զտման գնով։ Նիկոլի թրիփփ-ը ամրագրեց պատերազմի արդյունքները՝ դրանք փաթեթավորելով տնտեսական ու տարանցիկ ծրագրերի մեջ։ Փաստաթուղթը մանրակրկիտ նկարագրում է երկաթուղիներ, ճանապարհներ, բաժնեմասեր, կառավարման կոմիտեներ և տասնամյակներով ձգվող կառուցապատման իրավունքներ։ Թե դա ինչ անշրջելի ծանր հետևանքներ կունենա Հայաստանի համար, ակնհայտ է նույնիսկ փաստաթուղթը կարդալու ընթացքում։ Բայց ամբողջ այդ ծավալուն տեքստում չկա մեկ նախադասություն Արցախի ժողովրդի մասին։ Չկա վերադարձ։ Չկա անվտանգություն։ Չկա արդարություն։ Սա պատահական բացթողում չէ, սա քաղաքական ընտրություն է։ Խաղաղություն չի կարող սկսվել, երբ Արցախի ժողովուրդը բռնի տեղահանված է, իսկ հայ գերիները շարունակում են մնալ ադրբեջանական բանտերում։ Ով խաղաղություն է հայտարարում՝ շրջանցելով այս հարցերը, փաստացի հայտարարում է, որ էթնիկ զտումը կարող է դառնալ «նոր կարգավորման» ընդունելի հիմք։ Արցախցիների վերադարձը սեփական հայրենիք՝ հստակ և պարտադիր միջազգային երաշխիքներով, պիտի լիներ ցանկացած խաղաղության գործընթացի առաջին և անշրջելի պայմանը։ Սա հումանիտար խնդրանք չէ, սա իրավական պարտավորություն է։ Առանց վերադարձի՝ խաղաղություն չկա, կա միայն արդարացված հանցագործություն։ Իսկ գերիների ու պատանդների վերադարձը խաղաղության նախաբանի նախաբանն է։ Առանց դրա ստորագրված ցանկացած փաստաթուղթ խաղաղություն չէ, այլ պարտության արձանագրում։ ԹՐԻՓՓ-ը բազմիցս կրկնում է «Հայաստանի ինքնիշխանության լիակատար պահպանումը», բայց ինքնիշխանությունը չի ամրագրվում տեսականորեն, այն գործադրվում է որոշումներով։ Երբ Հայաստանի տարածքով անցնող ռազմավարական հաղորդակցությունները տասնամյակներով հանձնվում են օտար վերահսկողությամբ կառույցի՝ համատեղ կառավարման մեխանիզմներով, ինքնիշխանությունը փաստացի սահմանափակվում է, որքան էլ դա փորձեն քողարկել գեղեցիկ ձևակերպումներով։ Խաղաղությունը չի կառուցվում երկաթուղով, եթե այդ երկաթուղին անցնում է դատարկված հայրենիքի հաշվին։ Խաղաղությունը չի չափվում ներդրումներով, եթե այդ ներդրումները լռությամբ հաստատում են ժողովրդի տեղահանությունը։ Այս փաստաթուղթը վտանգավոր նախադեպ է աշխարհի համար, որ կարելի է պատերազմից հետո անցնել տնտեսական համագործակցության՝ առանց պատասխանատվության, առանց վերադարձի, առանց իրավական հետևանքների։ Սա խաղաղության մոդել չէ, սա անպատժելիության մոդել է։ Իրական, ազգային խաղաղության օրակարգը ունի պարզ և հստակ հերթականություն․ նախ՝ բոլոր գերիների վերադարձ, ապա՝ Արցախի ժողովրդի անվտանգ վերադարձ միջազգային մանդատով, հետո՝ տարածաշրջանային կարգավորում, և միայն վերջում՝ հաղորդակցությունների քննարկում։ Խաղաղությունը, որը կառուցվում է առանց Արցախի, խաղաղություն չէ։ Այն ընդամենը փաստաթուղթ է, որով փորձում են փակել Արցախի հարցը՝ փակելով նաև պատմական պատասխանատվության թեման։ Իսկ այդպիսի «խաղաղությունը» վաղ թե ուշ վերածվում է նոր ճգնաժամի»։