«Նարեկ Սամսոնյանի կերպարն այս պահին դուրս է գալիս սովորական «քաղբանտարկյալի» սահմանումներից». Վլադիմիր Մարտիրոսյան
167
Այսօր, 16:00
Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նարեկ Սամսոնյանի կերպարը այս պահին դուրս է գալիս սովորական «քաղբանտարկյալի» սահմանումներից և վերածվում է գիտակցված սուբյեկտի՝ լիարժեք ինքնավար կամքով և արժեքային հստակ դիրքավորումով։ Նրա պարագայում ազատազրկումը ոչ թե կենսագրական ողբերգություն է, այլ քաղաքական կարգավիճակ, որը նա կրում է գիտակցաբար՝ որպես պայքարի գործիք, ոչ թե զոհի դեր: Սամսոնյանը այն հանրային ակտորներից է, ով իր իրավունքներին տիրապետում է ոչ թե ինտուիտիվ կամ էմոցիոնալ, այլ մասնագիտական և ակադեմիական մակարդակով։ Մարդու իրավունքների և ժողովրդավարության ոլորտում նրա բարձրակարգ կրթությունը չի մնացել տեսական դաշտում․ այն վերածվել է պրակտիկ հանրային վարքագծի, գործողության և դիմադրության ձևի։ Սա էական սահմանագիծ է՝ նրան առանձնացնող շատերից, ովքեր խոսում են իրավունքներից, բայց չեն կարողանում դրանք մարմնավորել հանրային-քաղաքական գործողության մեջ անձնապես: Հացադուլը, որի շուրջ այսօր ձևավորվում են մարդասիրական մեկնաբանություններ, չի հանդիսանում իշխանություններին ուղղված հուզական ազդակ։ Սա շատ կարևոր է ընդգծել։ Ո՛չ Նարեկը ո՛չ նրան հասկացողները չեն ապրում այն պատրանքով, թե այս իշխանության պայմաններում հնարավոր է բարոյական խղճի արթնացում։ Այդ փուլը վաղուց անցած է։ Սամսոնյանն ինքն էլ հստակ գիտակցում է, որ այս իշխանության համար մարդը, իրավունքը կամ առողջությունը որևէ պարագայում առավել կարևոր չէ սեփական իշխանությունից: Հացադուլը այստեղ ունի այլ՝ խորապես քաղաքական տրամաբանություն։ Այն ուղղված չէ իշխանությանը, այն ուղղված է հանրությանը։ Այն չի խնդրում գթություն, այլ պահանջում է ուշադրություն։ Այն չի փորձ անում ներգործել համակարգի վրա ներսից, այլ բացահայտում է այդ համակարգի կեղծ բնույթը դրսից։ Նարեկի քայլը քաղաքական ախտորոշում է՝ ուղղված այն պսևդոիրավականությանը, որի մեջ իրավունքը ձևականություն է, դատարանը՝ գործիք, իսկ օրենքը՝ իշխանության սպասարկու։ Նրա գործողությունը մարտահրավեր է պսևդոհամակարգին, որտեղ ինստիտուտները գոյություն ունեն միայն անվան մակարդակում և պսևդոքաղաքականությանը, որտեղ քաղաքականությունը փոխարինված է վարչական ճնշմամբ ու մանիպուլյացիայով։ Այս համատեքստում հացադուլը դառնում է ոչ թե ինքնավնասում, այլ քաղաքական ինքնազոհաբերում՝ որպես հաղորդակցման ծայրահեղ, բայց գիտակցված միջոց։ Այն ցույց է տալիս, որ նույնիսկ ազատազրկման պայմաններում հնարավոր է պահպանել սուբյեկտությունը, կամքը և պայքարի պատրաստակամությունը։ Սա այն կետն է, որտեղ «կոտրված մարդու» իշխանության հաշվարկը կարող է խափանվել: Սամսոնյանի գործողությունը համակարգի ներսում ստեղծում է լեգիտիմության ճեղք։ Այն ստիպում է հարց տալ ոչ թե «ինչու է նա հացադուլ անում», այլ՝ ինչպիսի՞ պետություն է այն, որտեղ իրավունքի համար պայքարող մարդը ստիպված է իր մարմինը դարձնել վերջին քաղաքական հարթակը։ Այստեղ է նրա քայլի իրական արժեքը։ Սա պայքար է ոչ կոնկրետ որոշման, այլ ամբողջ կեղծ կառուցվածքի դեմ։ Սա հրաժարում է հարմարվելուց։ Սա քաղաքական հասունության ձև է՝ այն պահին, երբ համակարգը վաղուց հրաժարվել է իրական արժեքային քաղաքականությունից։ Սամսոնյանը ցույց է տալիս, որ անգամ պսևդոհամակարգում հնարավոր է իրական քաղաքականություն անել։ Եվ դա է պատճառը, որ նրա քայլը վտանգավոր է իշխանության համար և կարևոր՝ հանրության ինքնագիտակցության համար: P.S. Նարեկը «պինդ ոսկոր» է, բայց այդ ոսկորը կարող է մաշվել հանրային լոյալությունից: Այս գրառումը այդ «ոսկորը» չմաշեցնելու իմաստ ու առաքելություն ունի»: