Կիրակի, 08 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Արցախի առքուվաճառքի մասին ճշմարտությունը չի պարզվի անգամ իշխանափոխությունից հետո»․ Արեգ Սավգուլյան

«Արցախի առքուվաճառքի մասին ճշմարտությունը չի պարզվի անգամ իշխանափոխությունից հետո»․ Արեգ Սավգուլյան
137
Այսօր, 15:24

Պատմաբան Արեգ Սավգուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «2018 թիվն էր, թավշյա ապոկալիպսիսի փթթուն շրջանը։ Նիկոլին բանտում այցի է գնում փոխվարչապետ (կամ վարչապետ) Կարեն Կարապետյանը։ Փողոցում լուրեր են տարածում թե գազի Կարենը հետը քեշ 200 միլիոն դոլար է տարել՝ ճամպրուկով, որ Նիկոլին առնի, բայց վերջինս չի համաձայնվել հանուն թավշյա, ոչ բռնի հեղափոխության և հայ ժողովրդի։ Հուզվեցի՞ք, չէ՞։
Դեռ այն ժամանակ Նիկոլի ֆանքլաբի ռետրո անդամներից մեկն ինձ համոզում էր, որ ամեն ինչ հենց այդպես էլ եղել է։ Իմ այն հարցին թե իրո՞ք նա մենակ է մտել ճամպրուկով և այդքան գումարով, պատասխանը աներկբա էր և վճռական «Այո՛»։ Զրուցակսիս աչքերը ոգևորությունից շողշողում էին, նրա հայացքն ավետում էր. «Փրկությունը մոտ է, եղբայր, դուխով»։ Իսկ երբ ես նրան հարց տվեցի թե արդյո՞ք պատկերացում ունի թե որքան է կշռում 200 միլիոն դոլարը, պատախանը կտրուկ էր՝ «Մի՛ մանրացի»։
Քանի որ «սատանան մանրուքների մեջ է», ընթերցողին հուշեմ, որ 200 միլիոն դոլարը 100-անոց թղթադրամներով կշռում է 2 տոննա։ Եվ եթե այն բաժանենք 20 կգ-նոց բեռի, ապա կունենանք 80 հատ ճամպրուկ։ Թե Ենգիբարյանական արվեստին բնորոշ կամ Դեվիդ Կոպերֆիլդին ներհատուկ ինչպիսի՞ հնարամտությամբ էր Կարեն Կարապետյանը այդ 80 ճամպրուկով այցելել Նիկոլին, մի օր կհարցնեք իրեն։
Երեկ պետդումայի դեմքերից Զատուլինը հայտարարել է, որ Նիկոլը հավանաբար Արցախի հանձման դիմաց վերցրել է այն 5 միլիարդ դոլարը, որից ժամանակին հրաժարվել էր Սերժ Սարգսյանը։ Իդեպ Ս.Ս-ին դա առաջարկվել էր, ոչ թե բուն Արցախի, այլ ազատագրված շրջանների դիմաց։ Եվ այստեղից Զատուլինը ենթադրում է, որ ՆՓ-ն կարող է ավելի շատ գումար վերցրած լինել։ Իրականում Նիկոլը բացի թերթից ոչինչ չէր վաճառել և հնարավոր է, որ թուրք բանսարկուները նրան խաբած լինեն և հարցն այլ կերպ կլորացնեին, բայց ինչպես դասականն է ասում մենք փաստաթղթեր չունենք, որպեսզի հաստատենք Նիկոլի անշարժ գույքի վաճառքի մասնագետ լինելու հանգամանքը։
Մուամմար ալ-Կադաֆֆին սպանվեց 2011-ի հոկտեմբերի 20-ին։ Նա մինչև 200 մլրդ դոլարի ակտիվներ ուներ աշխարհի տարբեր անկյուններում։ Եվ ըստ շրջանառվող լուրերի նա մոտ այդքան էլ առաջարկել էր ՌԴ նախագահ Պուտինին, իր և ընտանիքի փրկության դիմաց։ Բայց էլի փաստեր չկան։
Հ.Գ. Արցախի առքուվաճառքի մասին ճշմարտությունը չի պարզվի անգամ իշխանափոխությունից հետո, որովհետև խնդիրը միայն Հայաստանի մեջ չէ։ Անընդհատ կշրջանառվեն դավադրապաշտական թեզեր, որոնք կարող են լինել իրական կամ մտացածին, բայց ուշագրավ է, որ մեր հանրության մի ստվար զանգվածին հետաքրքրում է ոչ այնքան Հայրենիքի 1/3-րդի կորուստը, այլ այն, թե ո՞վ և որքա՞ն աշխատեց այդ սև գործարքից, 5 թե՞ 10 միլիարդ դոլար»։

Աղբյուրը`   Արեգ Սավգուլյան