Շաբաթ, 07 մարտի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +2 °C

«Ապաքաղաքականների, պասիվների հետ աշխատանքում ո՞վ է հաջողելու․ սա է կարևոր»․ Վլադիմիր Մարտիրոսյան

«Ապաքաղաքականների, պասիվների հետ աշխատանքում ո՞վ է հաջողելու․ սա է կարևոր»․ Վլադիմիր Մարտիրոսյան
123
Այսօր, 03:06

Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մինչ քաղաքական դերակատարները քննարկում են IRI հարցումների վստահելիությունը, տեղավորում դրանք սեփական շահերի ծիրում կամ սեփական վարկանիշային ռիսկերում և շեփորահարում Փաշինյանի ցածր թվերը, հարկ է նշել մեկ կարևորագույն հանգամանք․ մենք այժմ կանգնած ենք մեկ այլ՝ ավելի էական և վտանգավոր չափանիշի առաջ։ Այս չափանիշը չի չափվում մեկ գործչի ցուցանիշով, ոչ էլ նրա վարկանիշի բարձրությամբ կամ ցածրությամբ, այն ցույց է տալիս հասարակության իսկական քաղաքական ներգրավվածությունը:
Փաշինյանի իրական հաղթաթուղթը պասիվների և չկողմնորոշվածների մեծությունն է: Այո, Փաշինյանի վստահության ցուցանիշը ցածր է, նույնիսկ չեմ նշում որքան, որովհետև այս իրողությունների պարագայում լինի 8-18-28%՝ այլևս դա չէ էականը, դա միայն պասիվության և չկողմնորոշված զանգվածի շնորհիվ ստեղծված վարչական և կազմակերպված գերակայություն է՝ վարչական ռեսուրսի, անշեղ պասիվ զանգվածի հաշվին և չկողմնորոշվածները ապահովում են նրա գերակայությունը ընտրական դաշտում, անկախ իրական վստահության չափից: Այս թիվը ցույց է տալիս, որ նույնիսկ «ցածր վարկանիշը» կարող է ծառայել որպես դաշտը վերահսկելու գործիք և ոչ թե իրական հանրային լեգիտիմություն:
Կրկին, Փաշինյանի իրական հաղթաթուղթը պասիվության վրա հիմնված գերակայությունն է, որն ապացուցվում է նաև թվերով, իսկ նա ընտրողների ապաքաղաքական, պասիվ, չմտածող և վերլուծող, սև ու սպիտակի, բաժանման ռեժիմի մեջ մնալու համար անում է ամեն բան, ինչը բերում է նրան, որ
• Չկա վստահություն որևէ քաղաքական գործչի նկատմամբ՝ 48 %
• Չի կողմնորոշվել, չի ցանկանում մասնակցել կամ ապաքաղաքական է ՝ 40 %:
Ընդդիմության աշխատանքի իրական չափանիշը դա չկողմնորոշված զանգվածի չափն է: Եթե ուզում ենք գնահատել ընդդիմության իրական աշխատանքը, պետք է դիտարկել ոչ թե որևէ գործչի վարկանիշը, այլ չկողմնորոշվածների և պասիվների ցուցանիշը։
Ահա էստեղ սկսվում է այս հարցումների ամենավտանգավոր մեսիջը: 2025-ին և 2026-ին IRI տվյալների համեմատությունը այս առումով ցույց է տալիս, իմ կարծիքով, քաղաքական առումով ամենաէականը:
•2025 IRI հարցում. չկողմնորոշված/ապաքաղաքական՝ 42 %
•2026 IRI հարցում. չկողմնորոշված/ապաքաղաքական՝ 48 %
Չկողմնորոշված և ապաքաղաքական հանրային շերտերը 6 % աճել են՝ այն էլ ընտրական տարում: Մինչդեռ միայն ընտրական տարվա ուժով պետք է կրճատված լիներ: Սա հստակ վկայում է, որ ընդդիմությունը չի կարողացել և արդյունավետ չի իրականացնում պասիվ, չկողմնորոշված և ապաքաղաքական հանրային շերտերի ներգրավումը, իսկ իշխանությունն ամեն բան անում է դա թույլ չտալու համար:
Ընդդիմության իսկական արդյունավետությունը չի հաշվարկվում մեկ գործչի վարկանիշով, այլ հաշվարկվում է չկողմնորոշված զանգվածի թվով և մինչև այն պահը, երբ այս զանգվածը մոբիլիզացված չլինի, ցանկացած այլ ցուցանիշ ընդամենը պերֆորմանս է հանրային աչքի համար: Նույն առումով Փաշինյանի ցածր ցուցանիշի թմբկահարման վրա կենտրոնանալը որևէ տեղ չտանող խաբուսիկ ճանապարհ է: Նա շատ ավելի ամուր համակարգ ունի և կառավարելիություն իր ցուցանիշը գեներացնողների վրա, քան ընդդիմությունը իր ռեսուրսի կառավարելիության վրա: Պարզ ասած, IRI հարցումները ցույց են տալիս ոչ թե հեղափոխական կամ ցանկալի թվեր կամ այս կամ այն գործչի ռեյտինգ, այլ քաղաքական համակարգի իրական վիճակը, որտեղ ընդդիմության ճակատագիրն ուղիղ կախված է չկողմնորոշվածների և պասիվների գծային մոբիլիզացիայից, իսկ իշխանության ճակատագիրը դա թույլ չտալուց:
Ով է այս աշխատանքում հաջողելու՝ այ սա է կարևորը և ոչ երբեք այս կամ այն գործչի ռեյտինգը: Մի հաշվեք, թե քանի օր մնաց մինչև հաղթանակ, այլ հաշվեք, թե քանի օր մնաց ապաքաղաքականների, պասիվների, չքվեարկողների հետ աշխատելու համար և այդ բարձր ցուցանիշը փոքրացնելու համար: Այդ աշխատանքի համար մնացել է 93 օր»: