Կիրակի, 15 մարտի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Պետբյուջեն օգտագործվում է քաղաքական կախվածություն ստեղծելու համար»․ Աննա Կոստանյան

«Պետբյուջեն օգտագործվում է քաղաքական կախվածություն ստեղծելու համար»․ Աննա Կոստանյան
70
Երեկ, 23:48

ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է տեսանյութ՝ կից գրառմամբ․ «Փաշինյանի հերթական առևտուրն ընտրություններից առաջ. բյուջեից 4.6 մլրդ պարգևավճարների տեսքով՝ պետական ծառայողներից սեփական քաղաքական հենարանը վերածելու համար։
Մի քանի պարզ իրողություն, որոնց վրա աչք փակելն ուղղակի հանցագործություն է. հետո չդժգոհեք, թե ինչու եք շարունակ հայտնվում կոտրած տաշտակի առաջ։
1. Պարգևավճարներն այլևս դարձել են «քաղաքական լոյալության» պարտադիր վճար։
Աշխատավարձի չափից տասնապատիկ ավելի մեծ գումարները բաժանվում են ոչ թե հստակ չափորոշիչներով՝ գործակիցներով, այլ պետության ղեկավարի ուղիղ ցուցումով, ցանկությամբ և որոշմամբ, այն էլ ընտրություններից մոտ 80 օր առաջ, սա այլևս չի կարող համարվել աշխատանքային մոտիվացիա, այլ ուղիղ իշխանությանը ծառայելու դիմաց տրվող «քաղաքական վարձատրություն»։
2. Այս քայլն այլևս վարչական ռեսուրսի պահպանման մեխանիզմ է՝ հենց ընտրությունների շեմին։
Հայաստանի պետական ապարատը բաղկացած է տասնյակ հազարավոր մարդկանցից։ Հետևաբար պարգևավճարներով պահվող այդ համակարգը ընտրությունների ժամանակ ավտոմատ վերածվում է իշխանության քարոզչամեքենայի, որը երաշխավորված ձևով ապահովելու է այդ իշխանության վերարտադրությունը։
3. «Կոռուպցիան պոզով պոչով չի լինում»։
Թղթով ամեն բան «օրինական» է, սակայն իրականում պետական բյուջեն օգտագործվում է քաղաքական կախվածություն ստեղծելու համար։
4. Մի կարևոր հանգամանք ևս, պարգևավճարն այլևս կառավարման փիլիսոփայություն է՝ վերահսկել մարդկանց իրենց իսկ եկամուտներով։
Երբ պաշտոնյայի եկամուտը կախված է ոչ թե օրենքից, այլ վերադասի կամքից, համակարգը դառնում է ոչ թե պետական, այլ քաղաքական ենթակայության կուռ ցանց։
Միով բանիվ՝ խոսքն այլևս ոչ թե պարգևավճարների, այլև պետական բյուջեի միջոցով իշխանության համար լոյալ համակարգ ստեղծելու մասին է։
Հասարակությունը չպետք է հանդուրժի իր գրպանի հաշվին օրվա իշխանությանը ենթակա «քաղաքական լոյալություն գնելու» պրակտիկան»։

«Պետբյուջեն օգտագործվում է քաղաքական կախվածություն ստեղծելու համար»․ Աննա Կոստանյան
Աղբյուրը`   Աննա Կոստանյան