«Ագահ վարքը որպես անձի հոգևոր տկարության նշան էր դիտվում»․ Վահե Սարգսյան
109
Այսօր, 03:06
Պատմաբան Վահե Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Որկրամոլությունը՝ յոթ մահացու մեղքերից մեկը կամ հայոց միջավայրում անճոռնի ուտելու մասին. Եկեք մի էսպիսի վարժություն անենք․ հիշենք մեր մանկությունը և փոքրիկ հարցախույզ անենք մեր շրջապատում՝ ի՞նչ են ասել մեր մայրիկները, երբ մեզ փոքր ժամանակ տարել են հյուր կամ որևէ միջոցառման։ Իմ շրջապատում պատասխաններն այսպիսին էին․ մեկի մայրիկը դուրս տանելուց առաջ խրատել է, որ սեղանից շնորհքով կօգտվես, մյուսինը տանելուց առաջ կերակրել է, որ սեղանի վրա չլինի աչքը, մյուսինը ասել է՝ մինչև ես չդնեմ ափսեիդ մեջ, ինքդ չվերցնես, և այլն։ Այսինքն, որևէ մեկի մայրիկը չի՛ քարոզել սովածի հոգեբանությամբ սեղանին հարձակվելու կամ անճոռնի ուտելու մշակույթ։ Կարծիք կա, որ այն, ինչ այս օրերին ցուցադրում է երկրի ղեկավար կոչվածը, դուր է գալիս հայ հասարակության մի ստվար զանգվածի։ Նրանց, որոնք Նիկոլի վարքուբարքի մեջ տեսնում են իրենց և ձայն են տալու վերջինիս։ Արդյո՞ք ուտելու նման այլանդակ մշակույթը հարազատ է եղել հայ մարդուն։ Իրականում՝ հայոց կրոնական և բարոյական ավանդույթներում որկրամոլությունը կամ շատակերությունը դիտարկվել է ոչ միայն որպես ֆիզիկական արատ, այլև նաև հոգևոր առումով լուրջ հիվանդություն։ Իսկ Հայ Առաքելական եկեղեցու հայրերը և մատենագիրները սա համարել են ՅՈԹ ՄԱՀԱՑՈՒ ՄԵՂՔԵՐԻՑ մեկը։ Մեծն Գրիգոր Տաթևացին, Մխիթար Գոշը և ուրիշներ խորքային անդրադարձ ունեն որկրամոլությանը։ Հայ նշանավոր փիլիսոփաները նշում էին, որ որովայնը կուռք դարձնելը հեռացնում է մարդուն Աստծուց, քանի որ միտքը զբաղված է լինում միայն նյութականով, անպատշաճ ու ագահ վարքը դիտվում էր որպես անձի հոգևոր տկարության նշան։ Հայ հեղինակներից Հակոբ Պարոնյանը, Երվանդ Օտյանը և ուրիշներ իրենց գործերում հաճախ են ծաղրել այն կերպարներին, ովքեր սեղանի շուրջ իրենց պահում էին անկիրթ կամ անճոռնի։ Սա ցույց է տալիս, որ հայ հասարակական գիտակցության մեջ նման վարքը միշտ մերժելի է եղել։ Մեծն Խաչատուր Աբովյանը նկարագրում է հայ գյուղացու «հալալ» հացը և այն վեհությունը, որով մարդիկ նստում էին սեղանի շուրջ։ Անճոռնիությունը կամ ագահությունը Աբովյանի մոտ հակադրվում են հայ մարդու ազնվական նկարագրին։ Ալիշանը բացատրում է, թե ինչու էր «հացն ու աղը» սուրբ համարվում։ Սրբության հետ գործ ունենալիս անպատշաճ վարքը կամ անճոռնի ուտելը դիտվում էր որպես սրբապղծություն։ Որկրամոլությունը և ագահությունը միշտ եղել են ծաղրի առարկա հեքիաթներում և առակներում։ Անկիրթ է համարվել այն մարդը, ով չի տիրապետել սեղանի շուրջ իրեն պահելու տարրական կանոններին։ Անգամ ամենաաղքատ ընտանիքներում հացը կիսելիս պահպանվել է գեղագիտությունն ու արժանապատվությունը։ Իսկ ընդհանրապես, հայ ընտանիքում հարգի է եղել զսպվածությունը։ Ուտելու ընթացքում շտապողականությունը, մեծ կտորներով կամ աղմուկով (չխկչխկացնելով) ուտելը համարվել է տգեղ և անընդունելի։ Այսպիսով, հայ իրականության մեջ հացը և սեղանը սրբացված են եղել, իսկ հայոց ավանդույթում սնվելը յուրօրինակ հաղորդություն էր։ Եվ եթե մարդն ուտում էր անճոռնի ձևով, նա կորցնում էր իր մարդկային բարձր նկարագիրը։ Հետևությունները թողնում եմ մտածող մարդկանց»։