«Փաշինյանը մարդկանց շանտաժի է ենթարկում». Արմեն Հովասափյան
82
Այսօր, 19:00
ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այս օրերին իշխանականները շատ են խոսում այն մասին, որ իրենք «50 տոկոս պլյուս ձայներ են ստանալու»՝ ապահովելով սահմանադրական մեծամասնություն, սակայն այն վարքագիծն ու պանիկան որը տիրում է վերջին օրերին բոլորի․ և հատկապես Նիկոլ Փաշինյանի վարքագծում, խոսում է լրիվ այլ բանի մասին։ Նախօրեին Փաշինյանը, կառավարության նիստին հաջորդած ասուլիսի ժամանակ, հայտարարեց, որ, եթե ինքը և իր գլխավորած ուժը չվերընտրվի, ապա մինչև աշուն Հայաստանում նոր պատերազմ է պայթելու։ Այսինքն, նա ուղղակիորեն մարդկանց ահաբեկում է, շանտաժի ենթարկում՝ բոլորին սպառնալով հնարավոր պատերազմով։ Փաշինյանի այս միտքը պետք է դիտարկել ոչ թե որպես անվտանգային կանխատեսում, այլ որպես քաղաքական մեսիջ, որի կառուցվածքը հիմնված է քաղաքական շանտաժի տրամաբանության վրա։ Այստեղ գործ ունենք մի հռետորաբանության հետ, որը ոչ միայն ազդում է ընտրական վարքի վրա, այլ նաև վերաձևակերպում է պետություն-հասարակություն-անվտանգություն հարաբերությունների ամբողջ դաշտը։ Գաղտնիք չէ, որ հայտարարությունը կառուցված է վախի մաքսիմալիզացիայի վրա։ Ըստ էության՝ այստեղ պատերազմը ներկայացվում է ոչ թե որպես հավանական ռիսկ արտաքին միջավայրում, այլ որպես գրեթե անխուսափելի հետևանք ներքին քաղաքական ընտրության։ Այս տեղաշարժն առանցքային է․ այն վերացնում է պատճառահետևանքային բնական կապը և ստեղծում արհեստական պայմանականություն՝ ընտրությունների արդյունք-պատերազմ։ Այստեղից էլ սկսվում է շանտաժի մեխանիզմը․ ընտրողին փաստացի ասվում է, որ իր քվեն ոչ թե քաղաքական նախընտրության արտահայտություն է, այլ գոյաբանական որոշում՝ կյանքի և պատերազմի միջև։ Ավելին, պատերազմի հավանականությունը, որը օբյեկտիվորեն կախված է արտաքին դերակատարներից, ուժերի բալանսից և անվտանգային համակարգից, ներկայացվում է որպես ներքին ընտրության արդյունք։ Այսինքն՝ ապագա հնարավոր էսկալացիայի քաղաքական և ռազմական պատասխանատվությունը նախապես «գցվում» է հասարակության վրա։ Այստեղ մենք տեսնում ենք, որ Փաշինյանը ոչ միայն փորձում է պահպանել լեգիտիմությունը, այլև ապահովագրում է իրեն ապագա ձախողումներից․ ցանկացած բացասական զարգացում կարող է մեկնաբանվել որպես «սխալ ընտրության հետևանք»։ Փաշինյանի նման վարքագիծը խոսում է նաև նրա մասին, որ վերջինիս բնորոշմամբ՝ անվտանգությունն ինստիտուցիոնալ չէ, այլ անձնակենտրոն, այսինքն՝ պետության պաշտպանունակությունը կախված է ոչ թե բանակից, դիվանագիտությունից կամ դաշնակցային համակարգերից, այլ կոնկրետ քաղաքական սուբյեկտից, տվյալ դեպքում՝ իրենից։ Սա չափազանց վտանգավոր տրամաբանություն է, քանի որ ամբողջովին դեգրադացնում է պետականության ինստիտուցիոնալ հիմքը։ Պատմական փորձը ցույց է տալիս, որ նման հռետորաբանությունը հատուկ է այն ռեժիմներին կամ առաջնորդներին, որոնք իրենց լեգիտիմությունը կառուցում են վախի կառավարման վրա։ Սլոբոդան Միլոշևիչը (Հարավսլավիայի նախագահ) 90-ականներին նույն կերպ ներկայացնում էր իր իշխանությունը որպես ազգի գոյության միակ երաշխիք՝ պատերազմական միջավայրում մոնոպոլիզացնելով անվտանգության թեման։ Ռոբերտ Մուղաբեն (Զիմբաբվեի նախագահ) ընտրություններից առաջ մշտապես կառուցում էր «քաոս կամ ես» դիլեման՝ վախի միջոցով վերարտադրելով իշխանությունը։ Փաշինյանի սիրելի Էրդողանը ևս բազմիցս օգտագործել է անկայունության սպառնալիքը՝ իր իշխանության անփոխարինելիությունը շեշտելու համար։ Այս բոլոր դեպքերում ընդհանուրն այն է, որ քաղաքական ընտրությունը դուրս է բերվում նորմալ մրցակցության դաշտից և տեղափոխվում է էքզիստենցիալ վախի ռեժիմ։ Ըստ այդմ՝ Փաշինյանի հայտարարությունը կարելի է բնութագրել որպես քաղաքական շանտաժի դասական օրինակ, որտեղ վախը օգտագործվում է որպես ընտրական վարք ձևավորելու գործիք։ Այն ոչ միայն սահմանափակում է ընտրողի ազատությունը, այլ նաև խորքային հետևանքներ ունի պետական մտածողության համար»: