«Տեղի է ունեցել սադրանք․ սադրողը եղել է պետության ղեկավարը»․ Հակոբ Բադալյան
93
Այսօր, 19:42
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հետաքրքիր հարցադրում են անում մարդիկ՝ պետք է հարվածողին պաշտպանե՞լ: Ոչ, հարվածողին պաշտպանել պետք չէ: Պետք է պաշտպանել տրամաբանությունն ու բարոյականությունը, որ խախտվում են հայտնի պատմության պարագայում: Երկուսն էլ մարդու բնության մեջ են, որպեսզի երեւույթները կարողանա քննել ամբողջական: Քանի որ, ամբողջական չքննելու պարագայում հնարավոր չէ գալ արդյունավետ եզրահանգման: Իսկ տրամաբանությունն ու բարոյականությունը այս դեպքում հուշում են, որ տեղի է ունեցել սադրանք: Սադրողը եղել է պետության ղեկավարը, որը չգիտես ինչու որոշել է Պատարագի ժամանակ լեցուն սրահ մտնել ու իր հոծ թիկնազորով եւ ուղեկցողներով շարժվել դեպի առաջին շարքեր, առաջացնելով հրմշտոց, խանգարելով Պատարագին հետեւող հավատացյալներին: Իսկ 18-ամյա պատանին բնությունից օժտված է բուռն արձագանքի հատկանիշով: Դա 18-ամյա պատանիներին շատ բնորոշ հատկանիշ է: Նրանց էմոցիոնալ համակարգը «նորակառույց» է, շատ «փորձաքննություններ» չանցած: Իսկ Պատարագի ընթացքում պատանին յուրօրինակ հոգեվիճակում է, ուր փաստորեն ներխուժում է պետության ղեկավարը իր քաղաքական նկատառումներից ու քարոզչական մղումներից, այլ ոչ թե հոգեւոր կարիքներից ելնելով: Որովհետեւ հոգեւոր կարիքի դեպքում չի առաջանա հոծ թիկնազորով բազմության մեջ հետուառաջ անելու ցանկություն կամ մտադրություն: Հոգեւորի անգամ փոքր բաղադրիչի դեպքում պարզ ու հասկանալի կլիներ, որ եկեղեցու լեցուն սրահում՝ հոծ թիկնազորով հետուառաջ անելը հավասարազոր է Պատարագն ունկընդրողների ներաշխարհում հետուառաջ անելուն: Հետեւաբար, տրամաբանությունն ու բարոյականությունը պահանջում է, որ դրվագը քննենք ամբողջության մեջ, ոչ թե պարզապես «վարչապետին հասցված հարվածի», որը նույնիսկ ըստ էության հարված էլ չի եղել: Հետեւաբար, երբ դեպքը քննվում է արդեն այսպես ասած անցյալ ժամանակով, առավել եւս պետք է հաշվի առնել այդ ամենը: Եվ 18-ամմյա երիտասարդին կալանքի տանելու դաժան որոշումը դատապարտող մարդիկ չեն ասում, թե՝ «լավ է արել հարվածել է վարչապետին»: Որեւէ մեկը չի ասում, թե՝ պատանին լավ է արել: Ընդամենը ասում են, որ դեպքը եւ իրավիճակը բացարձակապես այն չէ, որ արժանի է կալանքի: Բացարձակապես այն չէ: Ավելին, այս դեպքում՝ հաշվի առնելով նաեւ պատանու թե կրթական գրեթե անթերի առաջադիմությունը, թե հոգեւոր նկարագիրը, թե նաեւ մի շարք այլ հանգամանքներ, կալանքը պարզապես պատիժ է՝ դաժան պատիժ, որը, կրկնեմ՝ դուրս է թե բարոյականությունից, թե տրամաբանությունից: Պետք չէ պաշտպանել հարվածը: Պետք է պաշտպանել բարոյականությունն ու տրամաբանությունը»: