«Կալանավորման որոշումը դատարանից դուրս է կայացվել․ սա ցուցադրություն է»․ Վարդան Հարությունյան
112
Երեկ, 23:48
Իրավապաշտպան Վարդան Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը. «18-ամյա Դավիթ Մինասյանը կալանավորվեց։ Երեկ երեկոյան դեռ հույս կար, որ չի կալանավորվի։ Կասկածից դուրս է՝ կալանավորման որոշումը դատարանից դուրս է կայացվել։ Սա ցուցադրություն է։ Դավիթ եւ Միքայել Մինասյանները երկրում ստեղծված անհանդուրժողականության ու թշնամության մթնոլորտի զոհերն են, ամենաանպաշտպան զոհերը։ Իսկ նման մթնոլորտի ճարտարապետը Փաշինյանն է։ Հետեւեք նրա բառապաշարին, տեսեք մարդկանց հետ խոսելիս նրա շարժուձեւը, լսեք նրա ագրեսիվ ելույթները, քաղաքական դաշտի իր մրցակիցների նկատմամբ նրա վերաբերմունքը, եկեղեցու ու հոգեւորականների նկատմամբ նրա վերաբերմունքը եւ կհամոզվեք, որ անհանդուրժողականության ու ատելության ճարտարապետը նա է։ Այնպես չէ, թե մեզանում համերաշխություն է եղել միշտ ու հանդուրժողականություն՝ եկավ Փաշինյանն ու ապականեց։ Մենք թշնամության մթնոլորտին սովոր ենք, մենք այդ մթնոլորտից ենք։ Մենք մարտի 1 ենք տեսել, նախընտրական ու հետընտրական բռնություններ ենք տեսել։ Երիտասարդների կալանավորումն էլ առաջին դեպքը չէ։ Հիշենք թեկուզ 2012-ին ՀԱԿ երիտասարդների կալանավորումն ու տարիների դատապարտումը։ Բայց մենք 2018 ենք ունեցել, որը, թվում էր, պետք է փոխի մեր կյանքն ու այլ վիճակ ստեղծի։ Չստացվեց։ Հակառակը՝ շատ ավելի են սրվել կրքերը։ Եկեղեցում են արդեն իրար հարվածում։ Երեխաներին են բերման ենթարկում այնպես, ինչպես զինված ու չափազանց վտանգավոր ահաբեկիչների։ Իշխանական նույն սանձարձակությունն է, նույն ոստիկանությունն է, նույն դատարաններն են ու նույն դատավոր Մնացական Մարտիրոսյանն է։ 2018-ի իրական ու իսկական խորհրդանիշը, 2018-ի բովանդակությունը Մնացական Մարտիրոսյանն է։ Իհարկե, Դավիթ Մինասյանը հարվածելու փորձ չպետք է աներ։ Սա միանշանակ է ու դուրս է քննարկումից։ Բայց անգամ այդ թույլ փորձի դեպքում իշխանությունները կարող էին լինել հանդուրժող ու նրբանկատ։ Կարելի էր տանել նրան/նրանց ոստիկանություն ու պրոֆիլակտիկ զրույց ունենալ։ Բացատրել, որ այդպես չի կարելի։ Կան, չէ՞, ոստիկանությունում նման բաժիններ։ Կարելի էր հաշվի առնել, որ դպրոցականներ են, որ խուլիգաններ ու հանցագործներ չեն։ Սրա փոխարեն, բայց, ձերբակալում են, խափանման միջոց են ընտրում, հսկայական գրավի դիմաց խափանման միջոց են փոխում, կալանավորում են, վաղն էլ, հավանաբար, կդատապարտեն։ Ինչո՞ւ։ Ո՞րն է նպատակը։ Այս չարություն, անկասկած, ոչ մի լավ տեղ չի տանելու։ Այսպես արդեն եղել է»։