Ուրբաթ, 03 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

«Փաշինյանի արկածախնդրությունը կարող է շատ ծանր նստել մեր պետության վրա»․ Դերենիկ Մալխասյան

«Փաշինյանի արկածախնդրությունը կարող է շատ ծանր նստել մեր պետության վրա»․ Դերենիկ Մալխասյան
110
Այսօր, 14:48

«Մայր Հայաստան» կուսակցության անդամ Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Փաշինյան Նիկոլի արկածախնդրությունը կարող է շատ ծանր նստել մեր պետության վրա։
Ապրիլի 1-ին Պուտին-Փաշինյան հանդիպմանը Փաշինյան Նիկոլը հաջողացրեց վերջնականապես փչացնել հայ-ռուսական հարաբերությունները։
Երկու երկրների ղեկավարների հանդիպումից ժամեր անց ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարեց. «Ակնհայտ է, որ Հայաստանը պատրաստվում է մտնել ՌԴ-ի նկատմամբ թշնամական դաշինք։ Նման սցենարը ծանր հետևանքներ կունենա»։ Սա պարզապես հայտարարություն չէ։ Սա ռուսական կողմի գնահատականն է Պուտին-Փաշինյան հանդիպմանը, որը նաև զգուշացում է պարունակում։
Շատ չանցած՝ «Ռոսսելխոզնադզորի» ղեկավար Սերգեյ Դանկվերտը հայտարարեց Հայաստանից Ռուսաստան ներմուծվող արտադրանքի նկատմամբ վերահսկողության խստացման մասին։ Իսկ թե սա ինչ է նշանակում, Հայաստանից Ռուսաստան ապրանք արտահանողները շատ ավելի լավ գիտեն։ Առնվազն՝ Հայաստանից Ռուսաստան գնացող բեռնատարների մի քանի կիլոմետրանոց հերթեր վրաց-ռուսական սահմանին։
Ու սրանք դեռ ծաղիկներն են։ Մինչ Փաշինյան Նիկոլը հայ ժողովրդին զբաղեցնում է եվրոպական «պայծառ» ապագայով՝ խոստանալով երկնքից «եվրոպական մանանա», Հայաստանը կարող է կանգնել տնտեսական ու էներգետիկ կոլապսի առաջ։
Գազի համար եվրոպական գին վճարելու դեպքում ՀՀ «հպարտ» քաղաքացին բախվելու է աննախադեպ գնաճի հետ։ Պատկերացրեք՝ ձմռանը տաքանալու համար միջինը 50 հազար դրամ գազի դիմաց վճարողը կվճարի առնվազն 150–200 հազար դրամ։ Իսկ արդյունաբերության և գյուղատնտեսության համար սա գոտկատեղից ներքև հարված է։
Այլ ապրանքների ու ծառայությունների թռիչքաձև գնաճի մասին կարող եք ինքներդ պատկերացում կազմել։ Եթե ոմանց թվում է, թե ադրբեջանական գազն է փրկություն բերելու, ապա խոր հիասթափություն են ապրելու։ Նախ՝ Ադրբեջանը վաճառում է նաև ռուսական գազ, երկրորդ՝ անգամ Հայաստանին մատակարարելու դեպքում Բաքուն այն կվաճառի շուկայական բարձր գնով, երրորդ՝ Հայաստանի էներգետիկ մատակարարումների փականի վրա Ալիևին նստեցնելը կնշանակի դանդաղ ինքնասպանություն։ Յուրաքանչյուր խորանարդ մետր գազի համար Ալիևը Հայաստանից պահանջելու է մեկ քառակուսի մետր հող։ Հայաստանի պահանջները բավարարելու համար Իրանից գազ ստանալու հեռանկարներն էլ խիստ մշուշոտ են։
Փաշինյան Նիկոլի իշխանությունը ժողովրդին մոլորեցնում է, թե կարող է դիվերսիֆիկացնել տնտեսությունը և նոր շուկաներ բացել Արաբական թերակղզու երկրներում ու Եվրամիությունում։ Փաստն այն է, որ Արաբական թերակղզին բառի բուն իմաստով հիմա վառվում է։ Իսկ Եվրամիությունում Հայաստանին ոչ ոք չի սպասում․ Եվրամիության անդամ դառնալու մասին խոսակցությունները դատարկ ու անբովանդակ նիկոլական քարոզչություն են։ Եվրամիությունում հասունացող տնտեսական ու էներգետիկ խնդիրների մասին էլ չխոսենք։
Փաշինյան Նիկոլի իշխանությունը փորձում է հիմնովին ապամոնտաժում է Ռուսաստանի հետ հարաբերությունները՝ Հայաստանը կանգնեցնելով սոցիալ-տնտեսական և անվտանգային աղետի առաջ։ Սա արվում է՝ Հայաստանը «Արևմտյան Ադրբեջան» դարձնելու ռազմավարական պլանը սպասարկելու համար։ Նպատակը այն է, որ էներգետիկ, տնտեսական ու անվտանգային ճգնաժամի մեջ հայտնված երկրի բնակչությունը, գոյաբանական խնդրի առաջ կանգնելով, բնազդաբար փորձի փրկություն գտնել թուրքական աշխարհին հպատակվելու մեջ՝ ամեն ինչ զիջելով հարաբերություններ կառուցի Թուրքիայի և Ադրբեջանի հետ, որպեսզի, ասենք, գոնե ձմռանը չցրտահարվի և հաց ունենա ուտելու։ Այս քաղաքականությունը վերջնականապես կվերացնի հայկական գործոնը տարածաշրջանում։
Սակայն ուրախալի լուրն այն է, որ Փաշինյան Նիկոլը հունիսի 7-ից հետո հեռանալու է՝ անփառունակ կերպով տապալելով Հայաստանը «Արևմտյան Ադրբեջան» դարձնելու նախագիծը»։