«Ո՞րն է Նիկոլի հրահրած ղալմաղալների իմաստը»․ Կարեն Վրթանեսյան
112
Այսօր, 16:00
Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նիկոլի հրահրած և շատերի համար անտրամաբանական ղալմաղալների իմաստը կարելի է հասկանալ, եթե պատասխանել 2 հարցի. ա) ովքեր են իր պոտենցիալ ընտրողները; բ) ինչ ուղերձներ է փոխանցում իր պոտենցիալ ընտրողներին այդ ղալմաղալներով։ Նիկոլի նախընտրական ռազմավարությունը շատ պարզ է. - նախ՝ առավելագույնս մոբիլիզացնել իր ընտրազանգվածին և անխտիր բոլորին բերել քվեարկելու, - երկրորդը՝ առավելագույնս հետ պահել ընտրություններին մասնակցելուց իրեն չընտրողներին կամ առավելագույնս փոշիացնել նրանց քվեները։ Հետևաբար նա պետք է հասկանա, թե բնակչության որ խմբերն են, որ կարող են իրեն ձայներ տալ և ինչի դիմաց։ Խումբ №1. Նիկոլի ռեժիմի շահառուներ պետական համակարգում և դրա շուրջ. ՔՊ-ականներից մինչև դպրոցների իրենց նշանակած տնօրեն-ուսմասվարներ, ոստիկանության գվարդիայի շարքայիններից մինչև որոշ մտավորականներ։ Ասածիցս չի հետևում, որ պետական համակարգում բոլորը Նիկոլի համար են քվեարկելու, բայց 8 տարի կադրային ջարդից հետո այդ համակարգում Նիկոլին ատամներով պահել պատրաստ շատ-շատերը կան։ Խումբ №2. Նիկոլի ռեժիմի շահառուներ բիզնեսում. ձեռներեցներ, որոնց հաջողության միակ աղբյուրը նիկոլականների հետ լավ հարաբերություններն են։ Խումբ №3. Մարդիկ, որոնք իրենց արդարացիորեն (կամ անարդարացիորեն) համարում են նախկին բոլոր իշխանությունների համակարգային անարդարության զոհեր և Նիկոլի կերպարում տեսնում են իրենց բաժին հասած անարդարության վրեժը նախկիններից լուծողի (Կարելի է անվանել իրենց «նախկինատյացներ», բայց ինչպես ցանկացած պիտակ, այն հաստատ չի օգնում այս մարդկանց դրդապատճառներն ու տրամաբանությունը հասկանալ)։ Խումբ №4. Արցախցիների հանդեպ հակակրանք ունեցողները (կարող է թվալ, թե այդպիսինները շատ չեն, բայց հասարակական կարծիքի հարցումների որոշ տվյալներ անուղղակիորեն ցույց են տալիս, որ իրականում զգալի մաս են կազմում)։ Խումբ №5. Ադրբեջանից խուճապային վախեր ունեցողները։ Մի՛ կարծեք, որ սա իռացիոնալ վախեր են. օրինակ՝ զորակոչիկների և պարտադիր զինծառայություն անցնողների, պահեստազորայինների ընտանիքների անդամների վախերը լավ էլ հիմնավոր են՝ հաշվի առնելով, թե ինչ վիճակի են հասցված զինված ուժերը։ Պայմանական զորակոչիկի ծնողը կարող է չսիրել Նիկոլին, բայց քանի դեռ իր որդին ծառայում է, չուզել, որ Հայաստանում քաղաքական ցնցումներ լինեն, որոնք կարող են ռազմական գործողությունների վերսկսման բերել։ Խումբ №6. Տարբեր պատճառներով Եկեղեցու դեմ տրամադրված մարդիկ (օրինակ՝ զանազան կրոնական կազմակերպությունների հետևորդներ, ևն)։ Խումբ №7. Եվրոպամետներ և / կամ հակառուսներ։ Վստահաբար, այս ցուցակը կարելի է շարունակել, բայց սահմանափակվենք այսքանով։ Կարևոր մի դիտարկում էլ. այս խմբերը հաճախ հատվում են։ Այսինքն նույն մարդը միաժամանակ կարող է և՛ №1 խմբի անդամ լինել, և՛ №3, և՛ №4, և՛ №6․․․ Դա կարող է օբյեկտիվ պատճառներով լինել, կամ որովհետև մարդը գտնվում է ինչ-ինչ քարոզչական երկարաժամկետ ազդեցությունների տակ։ Հիմա հասկանանք, թե ինչ ուղերձներ պետք է փոխանցի Նիկոլը այդ խմբերին։ - №1. Այս մարդկանց գաղափարախոսությունը քիչ է հետաքրքրում, իրենց հետաքրքրում միայն իշխանություն ունենալը, կարիերան, նյութական ակտիվները։ Իրենք ուզում են Նիկոլից երաշխիքներ, որ նա կարող է իրենց համար հուսալի «կռիշ» մնալ։ Այսինքն, նիկոլականների կողմից ուժի ցուցադրությունն ուղղված է հենց այս մարդկանց։ Բայց այս խմբի հավատարմությունն ապահովվում է ոչ այնքան քարոզչական ուղերձներով, որքան նյութական աջակցությամբ (պարգևավճարներ, պետական ծրագրերով ֆինանսավորում ազգականների համար ևն) և պաշտոններ տալով։ - №2. Այս խմբին էլ է գաղափարախոսությունը քիչ հետաքրքրում, իրենք ակնկալում են պետբյուջեին կպնելու և զանազան արտոնություններից օգտվելու հնարավորություն։ - №3–4. Նախկինների և արցախցիների, ինչպես նաև այդ խմբերի հետ ասոցացվող ցանկացած ոք ցուցադրական ստորացում, ցուցադրական պատիժներ, գույքի խլում ևն։ Իրենց «սիրտը հովանում է» նման տեսարաններից։ Այս խմբերի համար Նիկոլն անխափան կերպով ապահովում է տեսարաններ։ Ավելին, օրինակ՝ հնարավորություն է տալիս ինքնահաստատվել արցախցիների հաշվին։ - №5. Խաղաղության պատրանքն առաջին հերթին այս խմբին է ուղղված։ Ոմանք նույնիսկ լավ էլ հասկանում են, որ Նիկոլը կայուն խաղաղություն չի բերելու և որ վաղ թե ուշ Ադրբեջանը հարձակվելու է, բայց իրենց համար կարևոր է, մոտակա 1,5–2–3 տարվա մեջ պատերազմ չլինի, իսկ հետո ինչ ուզում է լինի, կարևորը իրենց որդին այդ պահին առաջնագծում չլինի... - №6. Այս խմբի անդամները կարող են ակտիվ չմասնակցել Նիկոլի հակաեկեղեցական արշավին, բայց իրենց համար կարևոր է, որ Եկեղեցին թուլանա։ Ըստ այդմ, գուցե նույնիսկ Նիկոլին արհամարհելով, բայց պատրաստ են իրեն ձայն տալ։ Նիկոլից ակնկալում են ուղերձ առ այն, որ հակաեկեղեցական արշավը չի դադարեցնելու։ - №7. Այս խմբին են ուղղված նիկոլական քարոզչամեքենայի իբր եվրոպամետ և հակառուսական ուղերձները։ Այս բոլոր խմբերին Նիկոլը նաև շանտաժի է ենթարկում. №№1–2. Եթե ինձ չընտրեք, ընդդիմությունը գալու է, ձեզ բոլորին կերակրատաշտից հեռացնի, ոմանց էլ դատի։ №№3–4. Եթե ինձ չընտրեք, նախկիններն ու ղարաբաղցիները գալու են ձեզ հոշոտեն։ №5. Եթե ինձ չընտրեք, պատերազմ կլինի, ձեր բալեքը կմեռնեն, ինչպես 44 -օրյային և 2022-ի սեպտեմբերին եղավ։ №6. Եթե ինձ չընտրեք, տերտերները կրոնապետություն կսարքեն Հայաստանում։ №7. Եթե ինձ չընտրեք, Ռուսաստանի գուբերնիա ենք դառնալու։ Որպեսզի իր այս շանտաժն առավել համոզիչ լինի, Նիկոլն արդեն կես տարուց ավել է «պատերազմական ժամանակի» քարոզչություն է վարում, այսինքն վերոնշյալ խմբերից շատ մարդկանց սկսում է թվալ, որ ընդդիմությունը ծայրահեղ ագրեսիվ է, չի վախենում նույնիսկ Նիկոլի վրա հարձակվել, վախեցնում է հիբրիդային պատերազմով (թեպետ հենց ինքն է հիբրիդային պատերազմ վարում սեփական ժողովրդի դեմ)։ Այսինքն, երբ ձեզ թվում է, թե Նիկոլը մետրոյում արցախցի կնոջ վրա հարձակվելով խայտառակ եղավ, ապա իր լսարանը տեսնում է լրիվ այլ բան. «Ղարաբաղցիներն ուզում են պատերազմ հրահրել, թքած ունեն Հայաստանի վրա ու միայն Նիկոլն ու իր իգիթներն են, որ կարողանում են դեմներն առնել»։ Նույնը՝ Սբ Աննա եկեղեցում միջադեպը։ Նույնը՝ նիկոլականների բոլոր սադրանքները։ Նշեմ, որ պարզեցրած եմ գրել ամեն ինչ, իրականում լիքը նրբություններ կան։ Օրինակ՝ արցախցիներին կամ ազգայնականներին թիրախավորելը բնականաբար միայն նախընտրական թեմա չէ, ավելի խորը շերտեր կան։ Գրածս զուտ այս ամիսների մասին է»։