Երկուշաբթի, 06 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +11 °C

Սուրեն Սուրենյանցի անդրադարձը՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը

Սուրեն Սուրենյանցի անդրադարձը՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը
161
Այսօր, 17:36

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը․ «Երաշխավորված խաղաղությո՞ւն, թե՞ պարտադրված կայունություն.
Ալեն Սիմոնյանի հայտարարությունը, ըստ որի՝ «Ադրբեջանի անվտանգության ամենամեծ երաշխավորը Հայաստանն է, իսկ Հայաստանինը՝ Ադրբեջանը», բացահայտում է հայ-ադրբեջանական հարաբերությունների ներկա կառուցվածքի էական հակասությունները։
Միջազգային հարաբերությունների տեսանկյունից խաղաղությունը չի կարող հիմնվել միայն քաղաքական հայտարարությունների կամ փոխադարձ «բարի կամքի» վրա։ Այն ձևավորվում է երեք փոխկապակցված բաղադրիչների համադրությամբ՝ ուժերի հարաբերակցություն, արտաքին երաշխիքներ և ինստիտուցիոնալ մեխանիզմներ։ Նշված տարրերից որևէ մեկի բացակայությունը հանգեցնում է ոչ թե կայուն խաղաղության, այլ՝ փխրուն և ժամանակավոր հավասարակշռության։
Ներկայում առկա է ակնհայտ ուժային դիսբալանս՝ հօգուտ Ադրբեջանի։ Այս իրողության պայմաններում «փոխադարձ երաշխավորության» գաղափարը կորցնում է իր բովանդակային իմաստը, քանի որ այն ենթադրում է հարաբերական հավասարություն։ Գործնականում ձևավորվում է ոչ թե փոխադարձ զսպման, այլ՝ միակողմանի ազդեցության և պարտադրանքի հնարավորությամբ պայմանավորված միջավայր։
Եթե այս համատեքստում Հայաստանը (Ադրբեջանի թելադրանքով) սահմանափակում է նաև արտաքին դերակատարների ներգրավվածությունը՝ նվազեցնելով միջնորդների և դաշնակիցների դերակատարությունը, ապա անվտանգային համակարգը դառնում է խոցելի։ Այս դեպքում «Ադրբեջանը մեր անվտանգության երաշխավորն է» ձևակերպումը ձեռք է բերում խնդրահարույց բովանդակություն, քանի որ այն փաստացի ենթադրում է Հայաստանի անվտանգության կախվածություն հակառակ կողմի ռազմաքաղաքական հաշվարկներից։
Միաժամանակ անհրաժեշտ է արձանագրել, որ հայ-ադրբեջանական հարաբերությունները շարունակում են մնալ չկարգավորված։ Չկա ստորագրված խաղաղության պայմանագիր, չեն ձևավորվել վստահության կայուն մեխանիզմներ, և սահմանների սահմանազատման գործընթացը դեռևս ամբողջական չէ։ Այս պայմաններում «միմյանց անվտանգության երաշխավոր» լինելու թեզը ոչ միայն տեսականորեն խոցելի է, այլև գործնականում՝ անհիմն։
Նման ձևակերպումները կարող են ունենալ գործնական և արժեքային հետևանքներ՝ թուլացնելով պետականության ինքնաբավության ընկալումը և նվազեցնելով հասարակության դիմադրողականությունը։ Երբ անվտանգությունը ներկայացվում է որպես հակառակորդի «երաշխիք», վտանգվում է ինքնիշխան պետության հիմնարար սկզբունքը՝ սեփական անվտանգային համակարգի ձևավորումն ու ապահովումը։
Այսպիսով, ձևավորվում է մի իրավիճակ, որտեղ «խաղաղությունը» ներկայացվում է ոչ թե որպես իրավական և ինստիտուցիոնալ հիմքերի վրա կառուցված կարգ, այլ որպես ուժային գերակայության պայմաններում պահպանվող հարաբերական կայունություն։ Այդպիսի «խաղաղությունը» բնույթով անկայուն է, ոչ ինստիտուցիոնալ:
Ալեն Սիմոնյանի վերոհիշյալ հայտարարությունը կարելի է դիտարկել որպես քաղաքական ցուցիչ՝ այն մասին, թե ինչ տրամաբանությամբ է կառուցվում ներկայիս «խաղաղության» օրակարգը»։