Երկուշաբթի, 06 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

«ՔԿՀ-ներում շարունակում է գերխնդիր մնալ պատշաճ բժշկական սպասարկումը»․ Գառնիկ Դանիելյան

«ՔԿՀ-ներում շարունակում է գերխնդիր մնալ պատշաճ բժշկական սպասարկումը»․ Գառնիկ Դանիելյան
77
Այսօր, 16:06

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Արդեն տևական ժամանակ է՝ այցեր եմ կատարում քրեակատարողական հիմնարկներ՝ տեղում ծանոթանալու կալանավորված և ձերբակալված անձանց պահման պայմաններին։
- Շարունակում է գերխնդիր մնալ պատշաճ բժշկական սպասարկման իրականացումը։ Անազատության մեջ հայտնված մեր հայրենակիցները նույնիսկ ծայրահեղ առողջական խնդիրների պարագայում ստիպված են լինում ամիսներով սպասելու իրեն հերթին։ Դատապարտյալներին հաճախ չի տրամադրվում համապատասխան դեղորայք։
- ՔԿՀ-ներում բացակայում է մասնագիտական բարձր որակներ ունեցող բուժանձնակազմը։ Որակյալ կադրերի խնդիրը բացատրում են այն հանգամանքով, որ վերջիններս չեն ցանկանում ոչ այնքան բարձր աշխատավարձի դիմաց աշխատել քրեակատարողական հիմնարկներում։ Եվ ստացվում է, որ եթե անգամ որոշ տեղերում ձեռք են բերվել նորագույն սարքավորումներ՝ չկան համապատասխան մասնագետներ, որոնք տեղում կիրականացնեն հետազոտություններ և բուժում։
Բժշկական օգնության ոչ պատշաճ իրականացնումն էլ հաճախ ինքնասպանությունների, ինքնավնասումների պատճառ է դառնում։
- Մտահոգիչ է նաև կենցաղային տարրական պայմանների բացակայությունը։ Բանտախցերում չի իրականացվում օդափոխություն, չկա համապատասխան կահավորում, դատապարտյալները զրկված են ավելի հաճախ լոգանք ընդունելու հնարավորությունից։ Վերջիններս տրամադրվող ամբողջովին սև հագուստը կրելուց հրաժարվելու պարագայում չպետք է տարվեն պատժախցեր։ Սա լուրջ խնդիր է, քանի որ ունենք օրենքին հակասող նորմատիվ ակտ, և ավելին՝ նույնիսկ օրենքն ունի խնդրահարույց դրույթներ, որոնք, օրինակ, պարտադրում են նշված հագուստը կրել նաև դատական նիստերի ժամանակ կամ բժշկական կենտրոն տեղափոխվելիս։ Սա խոցելի է դարձնում մարդու արժանապատվությունը, իսկ դատարանի պարագայում՝ անձին անհավասար պայմաններում դնում դատավարության այլ մասնակիցների հետ։
Այս բոլոր հարցերի վերաբերյալ դեռևս ամիսներ առաջ պատկան մարմիններին ներկայացրել եմ իմ առաջարկները։ Ցավոք, սայլը տեղից չի շարժվում, փոխարենը՝ ունենք սարսափելի վիճակագրություն՝ ՔԿՀ-ներում մահվան և ինքնասպանության դեպքերի զգալի աճի տեսքով։
Անազատության մեջ հայտնված մեր հայրենակիցները չպետք է մատնվեն անտարբերության։ Հետևողական եմ լինելու, որպեսզի նշված բոլոր խնդիրներն արժանանան պատշաճ ուշադրության և ապահովվեն դատապարտյալների արժանապատիվ պահվան պայմանները»։

Աղբյուրը`   Գառնիկ Դանիելյան