Երկուշաբթի, 18 մայիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +18 °C

«Եթե խնդիրը գժականը չէ, ապա ողջամիտ երկու վարկած կա». Կարեն Հեքիմյան

«Եթե խնդիրը գժականը չէ, ապա ողջամիտ երկու վարկած կա». Կարեն Հեքիմյան
89
Այսօր, 09:48

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Պատկերացրեք՝ քաղաքացին ցանկանում է խանութից հաց գնել: Խանութն ունի իրար նման երկու մուտք: Մուտքերից մեկը հաճախորդների համար է, մյուսը՝ ծառայողների: Քաղաքացին շփոթվում է, խանութ է մտնում ծառայողական մուտքից, մոտենում է հացի բաժնին, հաշվում է գումարը և խնդրում է իրեն հաց տալ: Վաճառողն ասում է, որ քաղաքացին խանութ է մտել ծառայողական մուտքից և հրաժարվում է հաց վաճառել:
Պատկերացրեցի՞ք:
Քաղաքացին ընդունում է մեղքը, ներողություն է խնդրում: Ապարդյուն: Վաճառողն անդրդվելի է՝ հրաժարվում է հաց վաճառել:
Ինչպե՞ս են լուծվում այդօրինակ վեճերը: Նորմալ հասարակարգում քաղաքացուն կարելի է նկատողություն անել և հորդորել, որ հաջորդ անգամ ծառայողական մուտքից չմտնի: Հյուսիսային Կորեայում այդպիսի արարքի քաղաքացուն միգուցե ցմահ բանտարկեն: Իսկ Հայաստանո՞ւմ:
Այս կապակցությամբ յուրովի լուծում է առաջարկում gg տաքսի-ծառայությունը:
Ուրեմն, հաճախորդը հավելվածի միջոցով տաքսի է պատվիրում: Որպես մեկնելու վայր Կողբացի փողոցի փոխարեն նշվում է Կողբի փողոցը: Ենթադրաբար՝ կամ հաճախորդն է սխալվում, կամ համակարգը: Լավ, ենթադրենք՝ հաճախորդն է սխալվում: Տաքսին գալիս է: Հաճախորդը նստում և վարորդին ներկայացնում է երթուղին: Վարորդը հրաժարվում է ուղևորին փոխադրել Կողբացի փողոց, պատճառաբանելով, որ որպես մեկնման վայր նշված է Կողբի փողոցը: Եվ ավտոմեքենան տեղից չի շարժվում: Վարորդը հաճախորդից պահանջում է համակարգում փոխել մեկնելու վայրը: Հաճախորդի մոտ չի ստացվում: Եվ այսպես երկար ժամանակ տաքսին տեղից չի շարժվում: Ընդ որում, վարորդը հրաժարվում է հարցին մասնագիտական որևէ լուծում տալ:
Ճիշտն ասած, եթե խնդիրը գժականը չէ, ապա ողջամիտ երկու վարկած կա՝ կամ վարորդը ցանկանում է արհեստականորեն երկարացնել սպասելաժամանակը, կամ gg-ն հյուսիսկորեական կազմակերպություն է: Եվս մեկ ոչ ողջամիտ վարկած կա, այն է՝ gg-ի վարորդները չեն տիրապետում gg հավելվածին»:

Աղբյուրը`   Կարեն Հեքիմյան