«Ընտրական օրենսգիրքում պետք է կատարվեն փոփոխություններ»․ Նարինե Մկրտչյան
110
Այսօր, 17:12
Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանի ֆեյսբուքյան գրառումը. «Եթե Հայաստանի Ընտրական օրենսգրքի նորօրյա «բարեփոխիչները», որոնք սպասարկում են գործող իշխանության շահերը, իրապես ցանկություն ունենային բարեփոխել ընտրական, ապա և՝ քաղաքական համակարգը, ապա օրենսգրքում պետք է ավելացնեին քվորումի պարտադրանքը, որ ընտրողների՝ 50+1 մասնակցության դեպքում միայն ընտրությունները համարվեին կայացած և արդյունքները՝ ընդունված։ Մինչդեռ մի կողմից՝ աղետալի, մյուս՝ անիմաստ դարձած այս քարոզարշավի յուրաքանչյուրից օրվանից հետո քվեարկողների թիվն արագորեն նվազում է։ Մարդիկ չեն ուզում խառնվել ատելության, ստախոսության և պոպուլիզմի այս մրցարշավին, մանավանդ որ արդեն շատերը չեն էլ կողմնորոշվում, թե ում ընտրեն։ Անգամ նրանք, որոնք վստահաբար գնալու են քվեարկության, շատ անգամ հարցնում են՝ լավ ում ընտրենք։ Այս գրառումն իրականում ոչ թե ընտրությունները բոյկոտելու կոչ է, այլ իրականությանը հստակ նայելու ցանկություն։ Քաղաքական ուժերը չեն կարողանում նպաստել ընտրազանգվածի ակտիվացմանը, ներգրավմանը, ավելին՝ ամեն օր ավելի ու ավելի են վանում։ Այս ամենի հետևանքով քվեարկողների թիվը կարող է էապես նվազել։ Արդյունքում՝ ինչ-որ մեկը կարող է 15-20 տոկոս քվեով Հայաստանում դառնալ իշխանություն։ Մանավանդ որ, չեմ էլ կարծում, թե որևէ ուժ 20 տոկոսից ավելի կարող է հավաքել վերջնարդյունքում։ Քվորումի պարտադրանքը պետք է գործի ՀՀ Ընտրական հաջորդ օրենսգրքում, որ իշխանությունը համարվի իրապես լեգիտիմ, որ կուսակցությունները առնվազն պարտադրված լինեն ակտիվացնելու ընտրողներին, որ ընտրարշավը հիրավի դառնա քաղաքական պայքար, իսկ քաղաքական ուժերը իրենք իրենց նկարահարանելով ու լուսանկարելով և սոցցանցերում տեղադրելով իրենց պարտքը ընտրողների առջև ավարտված չհամարեն։ Եվս մեկ փոփոխություն պետք է կատարել օրենսգրքում՝ համամասնականին զուգահեռ վերականգնել մեծամասնական համակարգը՝ 70/30 տոկոս հարաբերակցությամբ։ Մանավանդ որ, կան անհատներ՝ քաղաքական կենսագրություն ու փորձառություն ունեցողներ, նոր և հեռանկարային գործիչներ, որոնք ավելի շատ գաղափարներ և քաղաքական առաջարկներ կարող են տալ ընտրողներին, ոգեշնչել նրանց կամ հուսադրել, ավելի հայտնի լինել կամ հայտնիություն ձեռք բերել, քան ողջ կուսակցություններ։ Ընտրական օրենսգրքի բարեփոխման երրորդ առաջարկս արդեն վերաբերում է ընտրագրավին, որի հետևանքով է նաև, որ մի կողմից՝ քաղաքականությամբ զբաղվելը դարձել միայն օլիգարխիայի և նախկին ու ներկա կառավարող կուսակցությունների մենաշնորհը, մյուս կողմից՝ հենց այդ բարձր ընտրագրավի պատճառով է, որ Հայաստանի քաղաքական դաշտում օտար պետությունների ազդեցությունը չի նվազում, քանի որ նրանք նաև ֆինանսավորում են քաղաքական պայքարը։ Վերջնարդյունքում՝ հենց այս Ընտրական օրենսգիրքն է նաև պատճառներից մեկը, որ Հայաստանում յուրաքանչյուր ընտրության ժամանակ պետականությունը դրվում է վաճառքի։ Եվ վաճառվում է»։