Լրագրող, հրապարակախոս Թաթուլ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վարչապետ Փաշինյանի «ժողովրդագրական փորացավը» Մի քանի օր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժողովրդին բացատրում էր, որ Հայաստանում բնակչության 90 տոկոս և ավելին երբեք հայ չի եղել: Ես չեմ կարող ասել, թե ինչ նպատակով է դա ասել և ինչ ենթատեքստում է ասել: Քանի որ չգիտեմ փորացավի հիմքը, պետք է ուղղակի մի քանի ժողովրդագրական փաստ նշեմ: Որպես հիմք վերցնում են 1926 թվականի ԽՍՀՄ առաջին մարդահամարը: Դրա համաձայն, Խորհրդային Հայաստանում 1926 թվականին բնակչության ընդհանուր թիվը կազմել է 880,464 հոգի, որից ազգային փոքրամասնությունների ընդհանուր տոկոսը կազմել 14 տոկոսը, որից գրեթե 9 տոկոսը՝ թուրքեր, այսօրվա ադրբեջանցիներ: Միանգամից կարող եք ասել՝ մեր վարչապետը ճիշտ է ասել: Այո, ճիշտ է ասել, բայց ասել է ընտրողաբար և չի նկատել, որ Հայաստանի հարևանությամբ եղել են այլ պետություններ ևս: Վերցնենք այդ ժամանակվա Հայաստանի անմիջական հարևաններից մեկին՝ Ադրբեջանին և տեսնենք, թե այնտեղ ինչպիսին էր բնակչության ազգային կազմը: 1926 թվականի ԽՍՀՄ առաջին մարդահամարի տվյալներով, Խորհրդային Ադրբեջանում հայերի թիվը կազմել է 282 004 հոգի կամ ամբողջ բնակչության ավելի քան 12 տոկոսը: Ես մի կողմ եմ թողնում, որ այդ ժամանակ Ադրբեջանում նաև այլ ազգային փոքրամասնություններ կային՝ մեծ թվով ռուսներ, թալիշներ, ավարներ, քրդեր և այլն, բայց հայերը ազգային ամենամեծ փոքրամասնությունն էին խորհրդային բոլոր մարդահամարների տվյալներով: Հիմա պատկերացրեք, որ Իլհամ Ալիևը հայտարարի, որ Ադրբեջանում ադրբեջանցիները երբեք 60 տոկոսից ավելին չեն կազմել: Անշուշտ, նման բան չի հայտարարի: Ինքը ուրիշ բան է անում՝ պատվեր է տալիս, որ իր երկրի ակադեմիական հանրությունը գրքեր գրի այն մասին, որ հայերը եկվորներ են: Նրա կառավարության հովանավորությամբ 2026թ. հունիսի 18-19-ին Նախիջևանի Օրդուբադ քաղաքում տեղի է ունենալու «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» համաժողով-փառատոնը: Փառատոնի կազմակերպիչներն են Նախիջևանում Ադրբեջանի նախագահի լիազոր ներկայացուցիչը, Կրթության և գիտության նախարարությունը, Նախիջևանի պետական համալսարանը և Արևմտյան Ադրբեջանի համայնքը: Սրան զուգահեռ վարչապետ Փաշինյանը հատ-հատ ասում է՝ իմ կառավարման ժամանակ Ղարաբաղ վերադարձի հարց չի դրվելու, Բաքու վերադարձ չի դրվելու և նշում մի քանի այլ վայրեր, որտեղից հայերը ենթարկվել են էթնիկ զտման: Եվ վերջում, ինձ հետաքրքրում է, թե ինչու է վարչապետ Փաշինյանը օրակարգ բերում «Հայաստանում հայերի թիվը 90 և ավել տոկոս չի եղել» խոսքը: Շնորհակալ կլինեմ, եթե Հայաստանի վարչապետը այս հարցին պատասխան տա իր հրապարակային ելույթներից մեկում»։