Ֆիզմաթ դպրոցը պարզաբանում է տարածել

Արտաշես Շահինյանի անվան Ֆիզմաթ դպրոցը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել․ «ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ ՖԵՅՍԲՈԻՔՅԱՆ ՀԱՐԹԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հարգելի գործընկերներ, Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական մասնագիտացված դպրոցի ողջ անձնակազմը իր խորին վշտակցությունն է հայտնում դպրոցի նախկին աշակերտ Ալեքսանդր Ղազարյանի ընտանիքի անդամներին և հարազատներին՝ հավելելով, որ կատարված ողբերգության մասին մենք շատ ուշ ենք իմացել:
Սակայն, ի պատասխան ֆեյսբուքյան հարթակում Ալեքսանդր Ղազարյանի ծնողի՝ Արթուր Ղազարյանի հայտարարությանը, պարզաբանում ենք, որ Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական մասնագիտացված դպրոցի հասցեին հնչեցրած մեղադրանքները չեն համապատասխանում իրականությանը, կրում են զրպարտչական բնույթ և արատավորում են դպրոցի բարի համբավը:
Ալեքսանդր Ղազարյանը տարրական կրթությունը ստացել է Պուշկինի անվան հիմնական դպրոցում, որից հետո տեղափոխվել է «Ուսում» ոչ պետական դպրոց, իսկ 9-րդ դասարանից, այն է՝ 2022թ-ի նոյեմբերի 04-ից, ծնողի դիմումի համաձայն, որպես միջազգային օլիմպիադայի մեդալակիր, ընդունվել է Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական մասնագիտացված դպրոց, իսկ 10-րդ դասարանի երկրորդ կիսամյակից, դարձյալ ծնողի դիմումի համաձայն, տեղափոխվել է Երևանի թիվ 83 ավագ դպրոց:
Փաստենք, որ Ալեքսանդր Ղազարյանը Ֆիզմաթ դպրոցում սովորել է ընդամենը մեկ տարի երեք ամիս:
Ալեքսանդր Ղազարյանը 10-րդ դասարանի երկրորդ կիսամյակից, այն է՝ 2024թ-ի փետրվարի 16-ից, արդեն Ֆիզմաթ դպրոցի աշակերտ չէր, մինչդեռ պարոն Ղազարյանի հայտարարությունը թյուր տպավորություն է ստեղծում, թե իբր դեպքը կատարվել է Ալեքսանդր Ղազարյանի Ֆիզմաթ դպրոցում սովորելու ընթացքում, ինչը բացարձակապես իրականությանը չի համապատասխանում և արատավորում է 60 տարվա բարի համբավ ունեցող մեր կրթօջախը:
Ալեքսանդր Ղազարյանը, իրոք, ուներ բնատուր ընդունակություններ, հետաքրքրված էր ծրագրավորմամբ և տարբեր օլիմպիադաներում արժանացել է արծաթե և բրոնզե մեդալների:
Յուրաքանչյուր օլիմպիադայից վերադառնալուց հետո դպրոցը խանդավառությամբ դիմավորում է իր սաներին, հետևաբար նաև Ալեքսանդրին:
Սակայն Ալեքսանդրը ինչ-որ պահից սկսեց այլևս դասի չգալ, գալու դեպքում էլ մեկուսանում էր և չէր ցանկանում ո՛չ դասին մասնակցել, ո՛չ էլ ընկերների հետ շփվել: Այս խնդիրը մեզ չափազանց անհանգստացնում էր, և դասղեկը ամենօրյա կապով իրազեկում էր ծնողներին երեխայի վիճակի մասին:
Դպրոցի հոգեբանը, թույլտվություն ստանալով երեխայի ծնողներից, սկսեց Ալեքսանդրի հետ աշխատել, բայց որոշ ժամանակ հետո նա եկավ այն եզրակացության, որ Ալեքսանդրի խնդիրն ավելի խորն է: Դպրոցի տնօրենությունը ծնողներին հրավիրեց դպրոց՝ տեղեկացնելով, որ Ալեքսանդրին անհրաժեշտ է ավելի խորը մասնագիտական /բժշկական/ օգնություն:
Այդ լուրը ծնողներին հանկարծակիի չբերեց, ընդհակառակը, նրանք ևս պնդեցին, որ իրենք ի զորու չեն երեխային դպրոց ուղարկել կամ սևեռուն մտքերից հետ պահել:
Մեր այս հանդիպումից հետո ծնողները վերջնականապես եկան այն համոզման, որ երեխայի համար լավագույն լուծումը նրան այլ դպրոց տեղափոխելն է:
Չնայած երկու տարի Ալեքսանդրն արդեն մեր աշակերտը չէր, բայց մենք հոգեբանի միջոցով պարբերաբար հետաքրքրվում էինք նրա առողջական վիճակով:
Ընդհանրացնելով վերոգրյալը՝ փաստենք, որ Ֆիզմաթ դպրոցի ուսուցիչների և հոգեբանի ուշադիր և հետևողական աշխատանքի շնորհիվ Ալեքսանդր Ղազարյանի՝ Ֆիզմաթ դպրոցում սովորելու մեկ տարի երեք ամիս ժամանակահատվածում իր անձը վնասելու որևէ դեպք չի արձանագրվել, և նա որևէ անլուծելի խնդրի առջև չի կանգնել:
Ըմբռնումով և խորին ապրումակցմամբ մոտենալով ծնողների հոգեվիճակին, այնուամենայնիվ, հորդորում ենք զերծ մնալ Ֆիզմաթ դպրոցի աշխատակազմին և սովորողներին անհիմն մեղադրելուց, դպրոցի բարի համբավը արատավորող, վիրավորական և զրպարտչական հայտարարություններ տարածելուց»:

«Հայաստան» դաշինքի անդամները Մալիշկայում են. ՈՒՂԻ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
318:42
«Բնակարանից վտարում են արցախցի զինվորականին, ով Արմինե Մոսիյանի հարազատն է». Ռոման Երիցյան
4118:30
Հայկական ձեռնարկություններում «Ռոսսելխոզնադզոր»-ի հետ համատեղ իրականացված ստուգումներն ավարտվել են
4018:00
Ֆիզմաթ դպրոցը պարզաբանում է տարածել
5317:54
«Դեռ որքան պիտի ոստիկանությունը, իր ուղիղ պարտականությունները թողած, ՖԲ գրառումներ հսկի ու ՔՊ-ականների ուղեկցի»․ Լուսինե Մարտիրոսյան
5217:24
«Սովետի թվից մի պատմություն հիշեցի»․ Արթուր Խաչատրյան
5217:12
«Իշխանական թիմը նույնիսկ իր ռացիոնալ գաղափարները խեղդեց ատելության քարոզի մեջ»․ Վահե Հովհաննիսյան
6016:24
Ոստիկանները Վարդան Ղուկասյանին քաքշելով տարան նիստերի դահլիճից (տեսանյութ)
8716:06