Երկուշաբթի, 29 հունիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +20 °C

«Միջազգային իրավունքի դաշտում «ՄԱԿ դիմելը» շատ ավելի բարդ և կոնկրետ ընթացակարգ է»․ Արա Պապյան

«Միջազգային իրավունքի դաշտում «ՄԱԿ դիմելը» շատ ավելի բարդ և կոնկրետ ընթացակարգ է»․ Արա Պապյան
43
Այսօր, 17:24

Դիվանագետ, ԱԺԲ անդամ Արա Պապյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ԱՍԵՄ ԻՄԱՑԵՔ շարքից
Հաճախ կարող ենք լսել՝ «դիմել ենք ՄԱԿ-ին» կամ նույնիսկ «դիմել ենք ՄԱԿ-ի դատարան»։ Նման ձևակերպումները սովորաբար վկայում են կամ իրավիճակի ու ընթացակարգերի ոչ ճիշտ պատկերացման մասին (լավագույն դեպքում), կամ՝ գիտակցված մոլորեցնող ու խարդախ մոտեցման մասին (վատագույն դեպքում)։
Իրականում ՄԱԿ-ի համակարգում կան երեք հիմնական մարմիններ, որոնք որոշակի առնչություն ունեն անհատի կամ հանրույթի իրավունքների հարցերի հետ․
1. International Court of Justice (ICJ)
2. United Nations Human Rights Council
3. United Nations Human Rights Committee
1. International Court of Justice (ICJ)
International Court of Justice-ը ՄԱԿ-ի գլխավոր դատական մարմինն է՝ նստավայրով Հաագայում (The Hague)։
Սակայն այստեղ կա մեկ հիմնարար սահմանափակում․ ոչ անհատները, ոչ հասարակական կազմակերպությունները (NGO), ոչ քաղաքական կուսակցությունները չեն կարող ուղղակի հայց ներկայացնել ICJ-ին։
ICJ-ին կարող են դիմել միայն պետությունները։
Հետևաբար, երբ խոսքը վերաբերում է, օրինակ, Մոսկվայի կամ Կարսի պայմանագրերի, կամ Վիլսոնի իրավարար վճռի կարգավիճակին, այդ հարցերը կարող են քննարկվել միայն պետությունների միջև, այլ ոչ անհատական նախաձեռնությամբ։
2. United Nations Human Rights Council
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միջկառավարական քաղաքական մարմին է, որը կազմված է անդամ պետություններից և զբաղվում է աշխարհում մարդու իրավունքների ընդհանուր վիճակով։
Սակայն սա դատարան չէ և սովորաբար չի հանդիսանում անհատական գանգատների դասական իրավական ատյան։
Այստեղ անհատները կամ ՀԿ-ները կարող են ներկայացնել հաղորդումներ, սակայն՝
ա․ խորհուրդը չի քննում սեփականության իրավունքի անհատական հայցեր որպես դատարան,
բ․ չի որոշում կոնկրետ գույքի վերադարձ կամ փոխհատուցում,
գ․ առավել ևս չի քննում միջպետական պայմանագրերի իրավական ուժի կամ վավերության հարցեր։
Այսինքն՝ այստեղ կարելի է բարձրացնել համակարգային կամ քաղաքական խնդիրներ, բայց ոչ լուծել կոնկրետ իրավական պահանջներ։
3. United Nations Human Rights Committee
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն բոլորովին այլ բնույթի մարմին է։
Սա պայմանագրային, փորձագիտական և կիսադատական մարմին է, որը վերահսկում է Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային պայմանագրի (International Covenant on Civil and Political Rights (ICCPR) կատարումը։
Այն կարող է քննել անհատական գանգատներ, եթե տվյալ պետությունը միացել է First Optional Protocol to the ICCPR-ին։
Օրինակ՝ Թուրքիան այդ արձանագրությանը միացել է 2006 թվականին։
Սակայն այստեղ ևս կան կարևոր սահմանափակումներ։
Ո՞վ կարող է դիմել
Դիմել կարող է միայն ֆիզիկական անձը, այլ ոչ թե հասարակական կազմակերպությունը կամ կուսակցությունը։
Ընդ որում՝
ա․ Անձը պետք է պնդի, որ խախտվել են իր անձնական իրավունքները, ոչ թե պարզապես ընդհանուր ազգային կամ պատմական շահերը։
բ․ պետք է նախ սպառված լինեն ներպետական իրավական միջոցները (դատարաններ, վերաքննիչ ընթացակարգեր և այլն), եթե դրանք արդյունավետ են։
գ․ Նույն հարցը չպետք է արդեն քննվի այլ միջազգային ատյանում։
Victim status-ի պահանջը
Սա առանցքային նախապայման է։
Դիմողը պետք է լինի անձամբ տուժող կամ անմիջական իրավահաջորդ։
Այսինքն՝ պարզ ձևակերպմամբ՝
ազգային շահը,
պատմական արդարության պահանջը,
կամ ընդհանուր քաղաքական դիրքորոշումը
ինքնին բավարար չեն։
Հայկական պահանջատիրության համատեքստում
Սա հատկապես կարևոր է հայկական պահանջատիրության հնարավոր իրավական ուղիների գնահատման համար։
Հաճախ հարց է առաջանում՝ կարո՞ղ է անհատը կամ NGO-ն United Nations Human Rights Committee-ին դիմել, օրինակ, Մոսկվայի պայմանագրի, Կարսի պայմանագրի կամ Վիլսոնի իրավարար վճռի իրավական կարգավիճակի հարցով։
Կարճ պատասխանը՝ ոչ։
Դրանք դուրս են ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեի իրավազորությունից, քանի որ կոմիտեն չի քննում միջազգային պայմանագրերի վավերության կամ տարածքային իրավունքի հարցեր։
Սեփականության իրավունքի խնդիրը
Այստեղ ևս կա կարևոր սահմանափակում։
ICCPR-ը (International Covenant on Civil and Political Rights ուղղակիորեն չի պաշտպանում սեփականության իրավունքը։
Հետևաբար՝ «վերադարձրեք պապիս տունը կամ հողը» տեսակի հայցը իրավական հիմք չունի, քանի որ դուրս է United Nations Human Rights Committee-ի իրավազորության շրջանակից։
Բացի այդ կա ժամանակային իրավազորության (ratione temporis) սահմանափակում
Կոմիտեն չի քննում այնպիսի խախտումներ, որոնք ամբողջությամբ տեղի են ունեցել մինչև տվյալ պետության կողմից արձանագրության ուժի մեջ մտնելը։ Թուրքիայի դեպքում՝ մինչև 2006 թվականը։
Հիմնական խոչընդոտները
ա․ նախ պետք է փորձել Թուրքիայի ներպետական իրավական միջոցները,
բ․ պետք է հիմնավորել, որ խախտումը շարունակվում է նաև 2006-ից հետո,
գ․ պետք է ապացուցել անձնական կապը՝ տոհմագրությամբ, փաստաթղթերով, գույքի կամ վայրի հետ կապով,
դ․ նույն հարցը չպետք է քննվի մեկ այլ միջազգային մարմնում։
Այս ամենը ցույց է տալիս, որ միջազգային իրավունքի դաշտում «ՄԱԿ դիմելը» շատ ավելի բարդ և կոնկրետ ընթացակարգ է, քան հաճախ ներկայացվում է հանրային դիսկուրսում»։

Աղբյուրը`   Արա Պապյան