Հինգշաբթի, 27 օգոստոսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +29 °C

«Պետք է իրենց ստորադասներին կոչ անեն չլարել իրավիճակը»․ Թաթուլ Հակոբյան

«Պետք է իրենց ստորադասներին կոչ անեն չլարել իրավիճակը»․ Թաթուլ Հակոբյան
44
Այսօր, 16:12

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայոց Եկեղեցու և նրա Նվիրապետական 4 աթոռներից գլխավորի՝ Մայր Աթոռի դեմ սանձազերծած իշխանական այս արշավը անընդունելի, դատապարտելի է:
Ժամանակին գրել եմ և հիմա էլ կրկնում եմ, որ Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջելու, թեմակալ առաջնորդների ներքաղաքական պայքարի մեջ մտնելու քայլը խրախուսելը անթույլատրելի մոտեցում էր:
Ինչպես այսօր մեր իշխանությունները մտել են Սուրբ Էջմիածնի տարածք, նույն կերպ Մայր Աթոռն ու Վեհը մտել էին ներքաղաքական դաշտ: Այս երկու արարքներն էլ անընդունելի են և հակասահմանադրական են, քանի որ երկու դեպքում էլ անտեսվում է Պետություն-Եկեղեցի բաժանման սուրբ կանոնը:
Վեհափառ Հայրապետը, կասկած չունեմ, արդեն զգացել է թույլ տված սխալի հետևանքները և տևական ժամանակով զերծ է մնում ներքաղաքական տեքստեր հրապարակելուց: Ավելին, Գարեգին Բ-ի և Մայր Աթոռի տեքստերն այսօր շատ ավելի կառուցողական են:
Նման պայմաններում ՀՀ իշխանությունները, երրորդ անգամ ստանալով ընտրողների մանդատը՝ կարող էին հետքայլ կատարել և մտնել կառուցողական հուն, որի պայմաններում է միայն հնարավոր վարչապետ Փաշինյան-Գարեգին Բ երկխոսությունը և փոխադարձ ընդունելի լուծումները:
Եթե երկկողմանի ցանկություն կա վերջ դնել Պետություն-Եկեղեցի այս առճակատմանը, ապա ՀՀ կառավարության ղեկավարն ու Վեհափառը պետք է իրենց ստորադասներին կոչ անեին տարբեր ամբիոններից չլարել իրավիճակը:
Դա մենք չենք տեսնում՝ հատկապես իշխանությունների կողմից:
Մի օրինակ բերեմ: ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը, հավանաբար իր հավատարմությունն ու նվիրումը փորձելով ցույց դնել ՀՀ վարչապետին, օգտագործում է Կտրիճ Ներսիսյան դիմելաձը:
Արտաքին քաղաքականության հարցերով զբաղվող մեր պաշտոնյաներն ու դիվանագետները պետք է զերծ մնային Պետություն-Եկեղեցի այս առճակատմանը մաս կազմելուց, քանի որ նրանք կարող են հայտնվել անհարմար վիճակներում:
Օրինակ, ՀՀ-ում Կանադայի դեսպանը հրաժեշտի հանդիպում է ունենում Վեհափառ Հայրապետի հետ, և, բնականաբար, նա հրաժեշտի հանդիպում է ունենում Գարեգին Բ-ի և ոչ Կտրիճ Ներսիսյանի հետ:
Հասկանալի՞ է իմ ասածը»:

Աղբյուրը`   Թաթուլ Հակոբյան