Հինգշաբթի, 27 օգոստոսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +29 °C

«Հայաստանը չպետք է դառնա երկրորդ Ուկրաինա»․ Սուրեն Սուրենյանց

«Հայաստանը չպետք է դառնա երկրորդ Ուկրաինա»․ Սուրեն Սուրենյանց
38
Այսօր, 17:06

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը. «Հայաստանը չպետք է դառնա երկրորդ Ուկրաինա։ Հայ ժողովուրդը վստահորեն շարժվում է ԵՄ-ի հետ կապերի սերտացման ուղով, և Ուկրաինան պատրաստ է օգնություն ցուցաբերել իր հնարավորությունների սահմաններում»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Սա, թերևս, այն դեպքերից է, երբ պետք է ցանկանալ, որ Զելենսկին հնարավորինս քիչ «օգնի» Հայաստանին և, առհասարակ, մեր երկիրը չդիտարկի ուկրաինական փորձի տարածման հերթական հասցե։ ԵՄ-ի հետ քաղաքական ու տնտեսական կապերի զարգացումը, եվրոպական շուկաների հասանելիությունը, ներդրումները, տեխնոլոգիական համագործակցությունն ու ինստիտուցիոնալ բարեփոխումները կարող են և պետք է լինեն Հայաստանի արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից մեկը։

Խնդիրը ուկրաինական մոդելն է։ Այդ մոդելի գլխավոր վտանգն աշխարհաքաղաքական կոշտ ընտրության տրամաբանությունն է, որի պայմաններում պետությունը հայտնվում է մեծ տերությունների հակամարտության թիրախում։ Ուկրաինայի դեպքում դրա հետևանքները ողբերգական են՝ պատերազմ, մարդկային ահռելի կորուստներ, ավերված քաղաքներ, միլիոնավոր տեղահանվածներ և մեծ կախվածություն՝ արտաքին աջակցությունից: Հայաստանն իրավունք չունի կրկնելու այդ ճանապարհը։ Առավել ևս, որ մեր մեկնարկային պայմաններն անհամեմատ ավելի խոցելի են։ Հայաստանը փոքր երկիր է՝ սահմանափակ ժողովրդագրական, տնտեսական և ռազմական ռեսուրսներով, բարդ անվտանգային միջավայրով, Թուրքիայի ու Ադրբեջանի անմիջական հարևանությամբ։ Նման պայմաններում Հայաստանը աշխարհաքաղաքական դիմակայության նոր հարթակի վերածելը պետականության համար չափազանց վտանգավոր արկածախնդրություն է: Հետևաբար, Հայաստանի իրական ընտրությունը «Ռուսաստան, թե Եվրոպա» պարզունակ երկընտրանքը չէ։ Պետական շահը պահանջում է խորացնել հարաբերությունները ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ՝ առանց քանդելու Ռուսաստանի հետ հարաբերությունները, որոնցից այսօր կախված են Հայաստանի տնտեսության, էներգետիկայի ու անվտանգության կարևոր բաղադրիչներ։ Մինչդեռ Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքականության մեջ գնալով ավելի տեսանելի է դառնում հենց բևեռացման վտանգավոր տրամաբանությունը։ Հայաստանը եվրոպական ինտեգրման ճանապարհին առաջ շարժվելու հայտ է ներկայացնում՝ միաժամանակ մնալով ԵԱՏՄ անդամ և պահպանելով Ռուսաստանից տնտեսական մեծ կախվածությունը։
Նման իրավիճակը պահանջում է չափազանց զգույշ և հաշվարկված քաղաքականություն։ Այս համատեքստում Զելենսկիի աջակցությունը պետք է ոչ թե ոգևորի, այլ սթափեցնի մեզ։ Ուկրաինայի ողբերգական փորձը Հայաստանի համար ընդօրինակման օրինակ չէ։ Այն նախազգուշացում է, թե ինչպիսի ծանր հետևանքների կարող է հանգեցնել պետության հայտնվելը խոշոր աշխարհաքաղաքական հակամարտության կիզակետում։ Հայաստանի եվրոպական հեռանկարի մասին կարելի է և պետք է քննարկել։ Պետք է զարգացնել հարաբերությունները Բրյուսելի հետ, իրականացնել անհրաժեշտ բարեփոխումներ, ներգրավել ներդրումներ ու տեխնոլոգիաներ, ընդլայնել Հայաստանի արտաքին քաղաքական հնարավորությունները։ Բայց այդ ամենը չպետք է Հայաստանը վերածի արևմտյան էլիտաների հակառուսական քաղաքականության ֆորպոստի:
Եթե Նիկոլ Փաշինյանի պատկերացրած եվրոպական ճանապարհը ենթադրում է Զելենսկիի անցած ճանապարհի կրկնություն՝ պետության վերածում մեծ տերությունների հակամարտության թատերաբեմի, ապա դա պատմություն է ոչ թե եվրաինտեգրման, այլ վտանգավոր արկածախնդրության մասին»։