Հինգշաբթի, 27 օգոստոսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +30 °C

«Հայաստանում շարունակվում է այն բացասական միտումը, որի մասին Փաշինյանի հետ հանդիպմանը խոսել էր Պուտինը»․ Զախարովա

«Հայաստանում շարունակվում է այն բացասական միտումը, որի մասին Փաշինյանի հետ հանդիպմանը խոսել էր Պուտինը»․ Զախարովա
47
Այսօր, 15:24

Մենք չենք միջամտում ինքնիշխան պետությունների ներքին գործերին, այդ թվում՝ Հայաստանի, ինչպես նաև նրա իրավապահ մարմինների գործունեությանը։ Մենք շարունակում ենք Հայաստանը համարել եղբայրական երկիր, որի ժողովրդի հետ մեզ կապում են հատուկ հարաբերություններ, որոնք ձևավորվել են դարերի ընթացքում։ Հետևաբար, մենք չենք կարող անտարբեր մնալ այնտեղ տեղի ունեցող քաղաքական գործընթացների նկատմամբ, հատկապես երբ դրանք այս կամ այն կերպ ընթանում են մեր երկրի հետ երկկողմ հարաբերություններին առնչվող կարգախոսների ներքո և այլն։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ցավոք, շարունակվում է այն բացասական միտումը, որի վրա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ուշադրություն էր հրավիրել ապրիլի 1-ին Մոսկվայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ, այն է՝ Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների պահպանման և ամրապնդման կողմնակից քաղաքական ուժերի և գործիչների նկատմամբ իրական բռնաճնշումների սրումը:

Եվ, իհարկե, սա ակնհայտորեն հակասում է երկկողմ կապերի հետևողական զարգացման նկատմամբ հայ հասարակության պահանջին, որը հստակ դրսևորվեց հունիսին կայացած խորհրդարանական ընտրություններում և հիմք է տալիս ենթադրելու, որ հայ իրավապահների հիշյալ գործողությունները քաղաքականացված բնույթ ունեն։

Հանրապետության իշխանությունների այս ապակառուցողական գիծը կտրուկ հակասում է պաշտոնական Երևանի հրապարակային հավաստիացումներին, թե իրենք, ինչպես պնդում են, քայլեր չեն ձեռնարկում Ռուսաստանի հետ հարաբերությունները վատթարացնելու ուղղությամբ։

Ակնկալում ենք, որ Հայաստանի քաղաքական կուսակցություններն ու դաշինքները, համայնքային մակարդակի ղեկավարները, հասարակական գործիչներն ու ակտիվիստները, որոնք ջանքեր են գործադրում ավանդական երկկողմ համագործակցությունն ամրապնդելու ուղղությամբ, կկարողանան հանգիստ մասնակցել երկրի ներքաղաքական կյանքին և իրենց ներդրումն ունենալ դրա զարգացման ու բարգավաճման գործում։

Եվ, իհարկե, հատկանշական է, որ մեր երկրի նկատմամբ կառուցողական տրամադրվածություն ունեցող քաղաքական գործիչների և հասարակական գործիչների նկատմամբ ճնշումների խստացումը լռության է մատնվում այն քաղաքական ուժերի կողմից, որոնք, ինչպես իրենք են պնդում, և սա բառացի մեջբերում է, «ժողովրդավարություն են բերում Հայաստան», առաջին հերթին, իհարկե, Եվրոմիության ներկայացուցիչների կողմից։

Բայց ինձ թվում է՝ սա ևս մեկ հաստատում է այն բանի, որ Հայաստանի իշխանությունների նոր, այսպես կոչված, բարեկամները շարունակում են աչք փակել այն ամենի վրա, ինչը թեկուզ ինչ-որ կերպ նպաստում է Հայաստանի նկատմամբ ԵՄ-ի նպատակների իրականացմանը, այն է՝ ցինիկաբար օգտագործել հանրապետությունը, դրա ներուժն ու քաղաքացիներին Ռուսաստանի հետ իրենց առճակատման մեջ», - նշել է նա։

«Հայաստանում շարունակվում է այն բացասական միտումը, որի մասին Փաշինյանի հետ հանդիպմանը խոսել էր Պուտինը»․ Զախարովա