Հինգշաբթի, 08 հոկտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +11 °C

«Թշնամու զինվորի պատմությունը փորձաքար է Հայաստանի համար»․ Արա Պողոսյան

«Թշնամու զինվորի պատմությունը փորձաքար է Հայաստանի համար»․ Արա Պողոսյան
35
Այսօր, 01:06

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյբուքյան գրառումը. «Ինքնիշխանությո՞ւն, թե՞ դոմինանտող կողմի կամքի բավարարում, սա է Հայաստանի առաջ դրված այս փորձաքարը.
Արդարադատություն իրականացնելը պետության ինքնիշխանության ամենակարևոր և առանցքային դրսևորումներից մեկն է։ Պատահական չէ, որ հաճախ պետության ինքնիշխանությունը չափվում է նրա դատարանների անկախությամբ՝ ինչքան անկախ է դատարանը, այնքան անկախ էլ պետությունը։
Պետության տարածք ապօրինի մուտքը, քաղաքացիների կյանքի իրավունքի նկատմամբ հարձակումը, սպանության փորձը, քաղաքացու տուն ներխուժելը հանցագործություններ են, որոնք անկասկած պետք է արժանան արդարադատության համարժեք պատասխանին։
Սակայն այն քննարկումները, որոնք առկա են թշնամու զինվորի շուրջ, խոսում են հանրային ընկալման մեջ Հայաստանի ինքնիշխանության դեֆորմացիայի, և գործնական կյանքում՝ ինքնիշխանության ճգնաժամի մասին։
Ցանկացած պետության գոյության թիվ մեկ ֆունկցիոնալ պարտականությունը իր քաղաքացիների անվտանգության ապահովումն է, իսկ այստեղ ակնհայտորեն ՀՀ-ն ձախողել է՝ սահմանային անվտանգությունից ու հսկողությունից մինչև հետախուզության ու հակահետախուզության գործառույթներ։
Եվ հիմա իշխանության, իշխանության կցորդների ու հասարակության որոշ հատվածի արձագանքը կատարվածին խոսում է ՀՀ ինքնիշխանության սահմանափակման և հայ-ադրբեջանական ուղղահայաց հարաբերությունների մասին։
Խնդիրը նույնիսկ զինվորը չի, այլ այն, թե ստեղծված իրավիճակում ի՞նչ կարող է անել ՀՀ-ն և որքա՞ն է նրա ինքնիշխանության և իրավազորության սահմանը։
Իհարկե, քանի դեռ Ադրբեջանի կողմից չկա պաշտոնական ձևակերպված պահանջ, իշխանությունները կարող են ժամանակ ձգել՝ որոշակի գործառույթներ իրականացնելու համար, սակայն ի՞նչ կլինի, եթե Ադրբեջանը պահանջ ներկայացնի... Իսկ վաղ թե ուշ դա լինելու է։
Թշնամու զինվորի պատմությունը իրականում մեծ փորձաքար է Հայաստանի Հանրապետության համար՝ կատարե՞լ դոմինանտ կողմի կամքը, թե՞ դրսևորել ինքնիշխանության իր գործառույթները»։

Աղբյուրը`   Արա Պողոսյան