Հինգշաբթի, 08 հոկտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

Հուսիները հայտնել են Էր Ռիադի օդանավակայանին և Սաուդյան Արաբիայի ավիաբազային հասցված նոր հարվածների մասին

Հուսիները հայտնել են Էր Ռիադի օդանավակայանին և Սաուդյան Արաբիայի ավիաբազային հասցված նոր հարվածների մասին
100
Այսօր, 21:48

Հուսիների «Անսար Ալլահ» շարժման ներկայացուցիչ Յահյա Սարին հինգշաբթի օրը հայտարարել է Սաուդյան Արաբիայի Թագավորության մայրաքաղաք Էր Ռիադի օդանավակայանին, Խամիս Մուշայթի ավիաբազային և Նաջրանի օդանավակայանին հրթիռային հարվածներ հասցնելու մասին:
«Այսօր երեկոյան մեր զինված ուժերը երկու թևավոր հրթիռով հարվածել են Էր Ռիադի՝ Թագավոր Խալիդի անվան միջազգային օդանավակայանին, մեկ բալիստիկ հրթիռով՝ Նաջրանի օդանավակայանին, և ևս մեկ բալիստիկ հրթիռով՝ Խամիս Մուշայթի ավիաբազային»,- գրել է նա X սոցիալական ցանցի իր հաղորդագրության մեջ:
Սարին հավելել է, որ թիրախներին հասցված հարվածները եղել են «ճշգրիտ և ուղիղ»։ Նա նշել է, որ հարվածների հետևանքով ավիացիոն ենթակառուցվածքները վնասվել են, և օդային հանգույցների միջև ավիահաղորդակցությունը խաթարվել է։
Դրանից կարճ ժամանակ առաջ Սարին նույն սոցցանցում նախազգուշացրել էր, որ Սաուդյան Արաբիայի օդանավակայանները գտնվում են վտանգի տակ, ինչպես նաև կոչ էր արել Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների աշխատակիցներին խուսափել այն վայրերից, որոնք հուսիները համարում են ռազմական թիրախներ:
Ավելի վաղ հուսիները հայտարարել էին, որ բալիստիկ հրթիռով հարվածել են Էր Ռիադից հյուսիս գտնվող Թագավոր Խալիդի անվան միջազգային օդանավակայանին: Դրանից հետո ավիաընկերությունները չեղարկել են մի քանի տասնյակ միջազգային չվերթներ, որոնք հինգշաբթի երեկոյան պետք է ժամանեին մայրաքաղաքի օդային հանգույց։
Հնդկական մասնավոր Air India ավիաընկերությունը, ինչպես նաև երկու բյուջետային ավիաընկերություններ՝ IndiGo-ն և Air-India Express-ը, դեպի Էր Ռիադ չվերթները կասեցրել են մինչև հոկտեմբերի 10-ը, իսկ գերմանական Lufthansa-ն՝ մինչև հոկտեմբերի 16-ը: