Ուրբաթ, 23 հոկտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

«ՀՀ-ում հասարակական–քաղաքական լուրջ «ախտորոշում» է իրավիճակի շերտերը գնահատել չկարողանալը»․ Հակոբ Բադալյան

«ՀՀ-ում հասարակական–քաղաքական լուրջ «ախտորոշում» է իրավիճակի շերտերը գնահատել չկարողանալը»․ Հակոբ Բադալյան
49
Այսօր, 17:18

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը. «2012 թվականին, երբ Մաշտոցի պուրակում տեւական պայքարից հետո Սերժ Սարգսյանն այցելեց պուրակ եւ արեց՝ «Տարոն ջան, սիրուն չէ» հայտնի արտահայտությունը, ծավալվեց մի աղմուկ՝ այդ թվում հենց պուրակի կրպակապատման դեմ պայքարի մասնակիցների ներկայացվածությամբ, թե թույլ տվեցիք, որ Սերժ Սարգսյանը իր վրա վերցնի քաղաքացիների պայքարի արդյունքը եւ փիառվի։ Շատերը անգամ ասում էին, թե այդ պայքարը ընդհանրապես հենց իշխանությունն էլ հմտորեն կազմակերպել էր, որ վերջում Սերժ Սարգսյանը գա ու փիառվի՝ 2012–ի խորհրդարանական ընտրություններից առաջ։
Այդ աղմուկից հետո, գրող, հրապարակախոս Վահրամ Մարտիրոսյանը «Լրագրում» հրապարակեց մի հոդված, որի վերնագիրը, եթե հիշողությունս չի դավաճանում, հետեւյալն էր՝ «Հաղթանակը նվիրելու տխմարությունը»։
Իսկ հոդվածն, ըստ էության, այն մասին էր, որ մի ամբողջ հանրույթ «հանձնվել» էր Սերժ Սարգսյանի քայլին եւ այդ քայլից հետո հենց այդ աղմուկով «խոստվանում» էր, որ այդ ամենը կազմակերպել էր Սերժ Սարգսյանը։ Այն դեպքում, երբ տրամաբանությունը հուշում էր, որ պետք է լիներ լրիվ հակառակ արձագանք։ Արձագանք այն մասին, որ քաղաքացիները իրենց պայքարով ստիպեցին Սերժ Սարգսյանին գալ ու չեղարկել քաղաքային իշխանության ծրագիրը։
Փաստացի ստացվել էր, որ Սերժ Սարգսյանը փորձել էր առավելագույնը քաղել քաղաքացիների հաղթանակից՝ թեկուզ փիառի տեսքով, իսկ ահա քաղաքացիները ոչ միայն հակառակ փորձը չէին անում՝ առավելագույնս հնչեցնել իրենց հաղթանակը, այլ փաստորեն անձնատուր եղած սկսել էին խոսել, թե այս ամենը Սերժ Սարգսյանի հմուտ օպերացիան էր, հենց այդպիսի արձագանքով փաստորեն կամա, թե ակամա, բայց օգնելով նախագահ Սարգսյանին առավել լայն «յուրացնել» իրենց պայքարի հաջողությունը։
Ինչո՞ւ հիշեցի այս դրվագն ու հարգարժան Վահրամ Մարտիրոսյանի հոդվածը։ Որովհետեւ, սա նոր Հայաստանում հասարակական–քաղաքական լուրջ «ախտորոշում» է, չկարողանալ գնահատել իրավիճակի շերտերը, առաջդվել միայն մակերեսով եւ իրականությունը տեղավորել դեկլարատիվության շրջանակում, փոխանակ փորձելու որեւէ շերտից՝ անգամ չեղած տեղից դուրս բերել մի հաջողություն եւ սուբյեկտային հեռանկար կառուցել դրա վրա։
Ու այդ խնդիրը բավականին արտահայտվել է հունիսի 7–ի խորհրդարանի ընտրությունից հետո՝ հանրային վերաբերմունքի, հանրությանն առաջնորդող խմբերի տրամադրության, ու հանրությանը փոխանցվող տրամադրությունների տեսքով։ Այն դեպքում, երբ հունիսի 7–ին տեղի են ունեցել էական փոփոխություններ, որոնք նկատելու եւ արձանագրելու համար պետք է պարզապես կարողանալ իջնել ավելին, քան մակերեսը»։

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան